«Ժողովուրդ» օրաթերթը հունիսի 11-ի համարում հայտնել էր, որ մինչ պաշտպանության նախարարության բարձրաստիճան աշխատակիցների այս տարվա մարտի 15-ի աղմկահարույց կալանավորումները, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովը ծեծի է ենթարկել այդ ժամանակ դեռևս չկալանավորված ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանին` ստիպելով «գրել» ավելի ուշ նրա հետ կալանավորված ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանի դեմ:
Օրաթերթը, մասնավորապես, հայտնել էր, որ Սամվել Խաչատրյանը բացահայտել է, որ «Էլ թեք քոմփ» ՍՊԸ-ի կողմից ՊՆ-ին մատակարարվող տեխնիկայի գները ուռճացված են: Խաչատրյանի գործունեության արդյունքների մասին ՊՆ-ում սկսել են խոսել, Սերգեյ Հայրապետովը նրան զգուշացրել է, որ վերը նշված ընկերության մասին մոռանա եւ չզեկուցի վերադասին, այլապես «կփոշմանի»: Սակայն Խաչատրյանը չի լսել «խորհուրդը» եւ իր կողմից հայտնաբերված չարաշահման մասին վերադասին զեկուցել է: Արդյունքը եղել է այն, որ Սամվել Խաչատրյանն այսօր կալանքի տակ է: Իսկ Սեյրան Օհանյանը, նրա անվտանգության պետն էլ շարունակում են պաշտոնավարել, ընկերություններն էլ իրենց ուզած գներով ինչ որ բաներ են վաճառում ՀՀ ՊՆ-ին ու սրընթաց հարստանում:
Հրապարակումից անմիջապես հետո ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Գևորգ Խաչիկյանը ծանուցում է ուղարկում վերը հիշատակված հոդվածի հեղինակ «ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանին` «առաջարկելով» ներկայանալ վարչություն` անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար:
Սրան ի պատասխան օրաթերթը պաշտոնապես հայտնում է, որ խնդրո առարկա հարցի վերաբերյալ հայտնի դարձած ողջ տեղեկությունները զետեղված են հրապարակման մեջ:
Չբավարարվելով օրաթերթի հիմնավոր պատասխանով` այսօր` հունիսի 17-ին, Ռազմական ոստիկանության աշխատակիցներն անակնկալ կերպով այցելում են լրագրողի բնակարան և հայտնում, որ բերման ենթարկելու որոշում կա և լրագրողը պետք է իրենց հետ գնա բաժին:
Ինչպես արդեն նկատեցինք, քննիչ Խաչիկյանի կողմից կազմված ծանուցման մեջ չի մասնավորեցվում` ինչ կարգավիճակով է լրագրողը հրավիրվում վարչություն, ուստի ԶԼՄ ներկայացուցչի իրեն առաջարկն ընդունելն անհիմն է:
Հարկ ենք համարում ներկայացնել Ռազմական ոստիկանության ծառայողների ինքնախոստովանությունն այն մասին, որ իրենք լրագրողի բնակարան են գնացել քննիչ Խաչիկյանի անհիմն որոշման հիման վրա և նահանջեցին` հրաժարվելով լրագրողին բերման ենթարկելու մտքից:
Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան