Մի քանի օր առաջ Տարոնը Մարգարյանի որոշմամբ ստեղծվել է կեղծ հանձնաժողով՝ տրանսպորտի ուղեվարձի ձեւավորման, դրա կիրառման մեխանիզմների քննարկման եւ առաջարկներ ներկայացնելու անվան տակ ուղեվարձը թանկացնելու նպատակով: Այդ մասին ասվում է “Վճարում ենք 100 դրամ” շարժման տարածած հայտարարության մեջ:
“Փաստորեն, փորձ է արվում առանց համակարգային բարեփոխումների թանկացնել ուղեվարձը: Մենք հրաժարվել ենք այդ հակասահմանադրական եւ ձեւական հանձնաժողովի մաս կազմել եւ նախաձեռնում ենք հանրային հանձնաժողով տրանսպորտային համակարգի խնդրով զբաղվելու համար:
Հանրային հանձնաժողովում բաց սկզբունքով կներգրավվեն տարբեր շերտերի ներկայացուցիչներ` տնտեսագետներ, իրավաբաններ, ուղեւորափոխադրողներ, ՀԿ ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքական միավորներ, վարորդներ, սպառողներ։
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու “Բարեւ Երեւան” եւ “Բարգավաճ Հայաստան” խմբակցությունները եւս հրաժարվել են մասնակցել Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովին` հղում անելով ուղեվարձի թանկացման վերաբերյալ որոշման անօրինականությանը, հանձնաժողովի կեղծ լինելու հանգամանքին եւ ժողովրդի ծանր սոցիալական վիճակին:
Բոլոր նրանց, ովքեր մտահոգված են տրանսպորտի ոլորտի հիմնախնդիրներով եւ ուղեվարձի թանկացման հարցով, հրավիրում ենք հանրային հանձնաժողովի ստեղծման մասին հանրային քննարկման, որը կկայանա Մաշտոցի պուրակում ս.թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 18:30-ին”,- նշվում է հայտարարության մեջ: