Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականներ լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Մեր նախագծի հաջորդ հերոսը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն է: Կրտսեր Ջուլֆալակյանն իր մեդալների զամբյուղում ունի գրեթե բոլոր մեդալները, բացառությամբ ամենաբաղձալի օլիմպիական ոսկուց: Երկար տարիների աշխատանք, համառություն, նվիրվածություն և երբեք չհանձնվելու ձգտում. Արսենն այն բացառիկներից է, ով մարզական կարիերան համատեղում է կրթության հետ: Մեր նկարահանումների ընթացքում Ջուլֆակայանը ևս մեկ անգամ ներկայացավ իրեն բնորոշ պրոֆեսիոնալիզմով և լուսանկարներում ունի իր յուրօրինակ շարքը:
–Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:
-Եթե կարելի է թալիսման անվանել՝ խաչս:
–Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:
-Շատ կցանկանայի, որ կողքիս լինեին մայրս և կինս, բայց հասկանում եմ, որ ընտանիքիս ներկայությունը ինչ-որ չափով ինձ կշեղի բուն Խաղերից:
–Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
-Ընտանիքիս: Հոգով և մտքով միշտ ընտանիքիս հետ եմ, որովհետև հենց նրանք գիտեն, թե որքան բարդ է այս ամենը:
–Երեք բառով նկարագրիր Օլիմպիական խաղերը:
-Հիասքանչ տոն, խաղաղության խորհրդանիշ և երազանք:
–Ինչպե՞ս կուզեիր, որ հիշվեին այս Օլիմպիական խաղերը:
-Միայն հաղթական: