Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Նանսենի 5/3 հասցեում տեղակայված արցախյան ազատամարտի մասնակից, “Տիգրան Մեծ” ջոկատի ազատամարտիկ Ռաֆայել Սիմոնյանի հիշատակը հավերժացնող ցայտաղբյուրի հարակից տարածք, որը օրերս է բարեկարգվել:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ տարածքի բարեկարգման հարցով ազատամարտիկի մայրը՝ տիկին Արաքսյան, Տարոն Մարգարյանին դիմել էր “Եռաբլուր” պանթեոնում, Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի օրը:
Քաղաքապետն, ինչպես եւ խոստացել էր, անձամբ է այցելել բակ՝ կատարված աշխատանքներին ծանոթանալու: Արաքսյա մայրիկը շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին՝ իր խնդրանքին արագ արձագանքելու, ինչպես նաեւ ազատամարտիկների ծնողների հանդեպ դրսեւորած մշտական հոգածության ու ջերմ վերաբերմունքի համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս վստահեցրել է, որ Երեւանի քաղաքապետարանն ու ինքն անձամբ ուժերի եւ հնարավորությունների սահմանում շարունակելու է աջակցել արցախյան հերոսամարտի մասնակիցների եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ընդգծելով, որ հայրենիքը կյանքի գնով պաշտպանած հայորդիների սխրանքը երբեք չի մոռացվի:
Ազատամարտիկ Ռաֆայել Սիմոնյանի մարտական ընկերները վստահ են, որ բակի մի հատվածում ձեւավորված փոքրիկ այս հանգստի գոտին իր յուրօրինակ խորհրդով հայրենիքը սիրելու պատգամ կլինի բակում մեծացող յուրաքանչյուր փոքրիկի համար: