Այսօր ռուս մեծ գրող, սոցիալիստական ռեալիզմ գրական ուղղության հիմնադիր և քաղաքական ակտիվիստ Մաքսիմ Գորկիի մահվան օրն է: Գորկին ծնվել է Նիժնի Նովգորոդում։ 10 տարեկանում որբացել է։ 12 տարեկանում իր տատիկին գտնելու հույսով տնից փախչում է։ Փոքրիկ Գորկուն կրթել ու դաստիարակել է տատիկը։ Տատիկի մահը ծանր է ազդում Գորկու վրա, այդ պատճաոռվ 1887 թ-ի դեկտեմբերին ինքնասպանության փորձ է անում։ Երիտասարդ Գորկին ոտքով ճամփորդում է Ռուսական Կայսրության տարածքով, ողջ տպավորությունները հայրենիքից իր ստեղծագործություններում են տեղ գտել։
Երբ աշխատում էր գավառական լրագրերում, նրա կեղծանունն էր Иегудиил Хламида։ Նա սկսեց օգտագործել «Գորկի» (բառացիորեն՝ դառը) կեղծանունը 1892 թ-ից, երբ աշխատում էր Թիֆլիսի «Кавказ» (Կովկաս) լրագրում։ Այդ անվանումը արտացոլում էր նրա աճող զայրույթը ռուսաստանյան կյանքից և դառը ճշմարտությունը խոսելու վճռականությունը։ Գորկու առաջին գիրքը, «Очерки и рассказы» (Էսսեներ և պատմվածքներ), 1898 թ–ին սենսացիոն հաջողություն ունեցավ և այդպիսով սկսվեց նրա գրողի կարիերան։ Նա անընդմեջ գրում էր՝ համարելով գրելը ոչ այնքան գեղագիտական զբաղմունք, որքան բարոյական և քաղաքական գործունեություն, որ կարող է փրկել աշխարհը։ Նա նկարագրում էր ամենացածր խավի, աղքատ մարդկանց կյանքը՝ բացահայտելով նրանց դժվարությունները, նրանց նսեմացումը և բիրտացումը, ինչպես նաև նրանց կողմից ցուցաբերվող մարդկայնության նշանները։
Գորկին հրապարակայնորեն հակադրվում էր ցարական վարչակարգին և դրա հետևանքով բազմիցս ձերբակալվել է։ Գորկին ընկերացել էր մեծ թվով հեղափոխականների հետ, Լենինի մոտիկ ընկեր դարձել 1902 թ-ին, երբ նրանք առաջին անգամ հանդիպել են։ 1902 թ-ին ընտրվել էր պատվավոր Գրականության Ակադեմիկոս, բայց Նիկոլայ II-ը այն չեղյալ հայտարարեց։ Ի նշան բողոքի, Անտոն Չեխովը և Վլադիմիր Կորոլենկոն լքեցին ակադեմիան։