Ավելի քան 31 մլն դրամ կառավարության 3-րդ մասնաշենքի վերանորոգման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը մայիսի 6-ին պայմանագիր է կնքել «Ագաթ-777» ընկերության հետ՝ ՀՀ կառավարական 3 շենքի տարածքների ընթացիկ նորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով:

Ըստ այդմ, «Ագաթ-777» ընկերությանը պետբյուջեից հատկացվել է 31 մլն 862 հազար 700 դրամ: Այս գումարով «Ագաթ-777»-ը պետք է կառավարական 3-րդ մասնաշենքի պատերն ու առաստաղը մաքրեր հին ներկից՝ այդ նպատակով հատկացված գումարից ծախսելով ավելի քան 5 մլն դրամ: Նախատեսվել է ապամոնտաժել զուգարանակոնքերը, լվացարանները՝ դրանք փոխարինելով նորերով: Իսկ պատերն ու առաստաղները պետք է ներկվեին:

Դժվար է ասել, թե ՀՀ կառավարության շենքը այդ երբ հասցրեց այդչափ քայքայվել, որ այն կապիտալ վերանորոգելու անհրաժեշտություն է առաջացել: Ի դեպ, հիշեցնենք, որ «Ագաթ-777» ՍՊԸ-ն հենց այն նույն ընկերությունն է, որի անունը կապվում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ընտանիքի հետ: Սակայն Հովսեփյանն իր մամուլի քարտուղարի միջոցով համառորեն փորձում է հերքել այդ կապի առկայությունը:

Փաստենք, որ վերը նշված ընկերությունը մշտապես պետական պատվերներ է շահում, այդ թվում ՀՀ քննչական կոմիտեի նոր շենքի շինաշխատանքները, ինչի համար Հովսեփյանի հետ ընդհանրապես կապ չունեցող այդ ընկերությունը մի քանի հարյուր միլիոն դրամի եկամուտ ունեցավ: Իսկ «Ագաթ-777» ՍՊԸ-ի կողմից ՔԿ-ի պատերին ամրացրած երեսպատման թիթեղները մի քանի ամիս անց ուժեղ քամին քշեց, տարավ:




Լրահոս