Հայաստանը շարունակում է ապրել «նիսյայով». կես միլիարդ դոլարի «գերծախս»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական բյուջեով այս տարվա համար նախատեսված միջոցներից 579 միլիարդ 48 մլն դրամն արդեն իսկ ծախսվել է: Այս տարվա պետական բյուջեի ծախսային մասն ընդհանուր կազմում է 1 տրիլիոն 432 միլիարդ 143 միլիոն դրամ: Այսինքն՝ պետական բյուջեում ընթացիկ տարվա համար նախատեսված միջոցներից մնացել է 853 միլիարդ 95 մլն դրամ:

Տեղեկացնենք, որ այս տարվա առաջին հինգ ամիսների արդյունքներով հարկեր եւ տուրքերից պետական բյուջեի եկամուտները կազմել են 419 միլիարդ 527 միլիոն դրամ: Ստացվում է, որ այս պահի դրությամբ Հայաստանի պետական բյուջեով նախատեսված եւ իրականացված ծախսերը շուրջ 159 միլիարդով գերազանցում են պետբյուջեի ընթացիկ եկամուտները: 2016 թվականի համար պետական բյուջեով նախատեսված դեֆիցիտը, ինչպես հայտնի է, վերջնական ճշտված տվյալներով պետք է կազմի 196 միլիարդ 474 մլն դրամ: Մյուս կողմից հայտնի է, որ պետբյուջեի երամուտներից 31 միլիարդ 490 միլիոն դրամը պետք է կազմեն պետական դրամաշնորհները, եւս 25 միլիարդ 759 մլն դրամի եկամուտներ էլ պետբյուջեում նշված են իբրեւ «այլ եկամուտներ»: Պաշտոնական դրամաշնորհ կոչվածը ենթադրում է, որ որեւէ երկիր կամ միջազգային կազմակերպություն պարտավորվել է ինչ-որ ծրագրի իրագործման համար գումար հատկացնել: Եթե ինչ-ինչ պատճառներով այդ գումարը չի հատկացվում, ապա մեխանիկորեն աճում է պետական բյուջեի դեֆիցիտը: Այլ կերպ ասած՝ վերը նշված 196 միլիարդ դրամի ցուցանիշը դեռ վերջնական չէ:

Նկատենք, որ պաշտոնական տեղեկագրերում այս տարվա ընթացքում ստացված պաշտոնական դրամաշնորհների մասին տվյալները դեռեւս բացակայում են: Համապատասխան տեղեկագրում, որը վերնագրված է «2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհների վերաբերյալ 31.03.2016թ. դրությամբ», այս տարվա ընթացքում տրամադրված դրամաշնորհների վերաբերյալ տվյալները բացակայում են: Իրականում այդ փաստաթղթում ներկայացված են 2015 թվականի ընթացքում տրամադրված պաշտոնական դրամաշնորհների ամփոփ տվյալները: Այսինքն՝ այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ անցած հինգ ամիսների կտրվածքով պետբյուջեի եկամուտները գերազանցող 159 միլիարդ դրամի ծախսը արդեն իսկ դեֆիցիտ է իրենից ներկայացնում:

ՀՀ կառավարությունն անցած ամիսներին պետական բյուջեի ծախսերի մի զգալի մասը հոգացել է նոր վարկեր վերցնելու եւ Հայաստանի միջազգային պահուստների միջոցները մսխելու հաշվին: Այսպես՝ Հայաստանի պետական պարտքն այս տարվա ընթացքում, անցած տարվա վերջի համեմատ, աճել է 191 միլիոն 800 հազար դոլարով` 5 միլիարդ 78 մլն 800 հազար դոլարից դառնալով 5 միլիարդ 270 մլն 600 հազար դոլար (մայիսի 31-ի դրությամբ):

Մյուս կողմից Հայաստանի միջազգային պահուստները, այսինքն՝ պետության «խնայողությունները» եւս այս տարվա սկզբից սկսած նվազում են: Անցած տարվա դեկտեմբերի վերջի համեմատ մայիսի վերջի դրությամբ միջազգային պահուստները նվազել են 243 միլիոն 260 հազար դոլարով: Ի դեպ, միայն մայիսի ընթացքում միջազգային պահուստները նվազել են 36 միլիոն 30 հազար դոլարի չափով եւ ամսվա վերջի դրությամբ կազմել են 1 միլիարդ 532 միլիոն 30 հազար դոլար:
Այսպիսով ստացվում է, որ այս տարվա անցած հինգ ամիսների արդյունքներով ընդհանուր Հայաստանի պարտքերի աճն ու պահուստների ծախսը միասին կազմել են 435 միլիոն 60 հազար դոլար: Ավելի պարզ եթե ձեւակերպենք, ապա ստացվում է, որ Հայաստանը որպես մեկ ընդհանուր տնտեսություն հինգ ամսվա կտրվածքով մոտ կես միլիարդ դոլարի «գերածախս» է ունեցել:

Ընտանիքի կամ ընկերության պարագայում վարկային միջոցների ներգրավումը կարող է արդարացված լինել միայն այն դեպքում, եթե համապատասխան միջոցները նպաստելու են վարկ վերցնողի տնտեսության հետագա զարգացմանը` նպաստելով նրան եկամուտների ավելացմանը: Այս մոտեցումը գործում է նաեւ երկրների դեպքում: Եթե երկիրը վարկ է վեցնում եւ դրանով նպաստում է ընդհանուր տնտեսության զարգացմանը, ապա դրա մեջ վատ բան չկա: Այս տեսանկյունից, եթե մեր իրականությունը գնահատենք, ապա ակնհայտ է դառնում, որ Հայաստանի պետական պարտքի ավելացումը որեւէ կերպ չի նպաստում երկրի տնտեսության զարգացմանը, եւ դրա հիմնական պատճառն այն է, որ տնտեսության ճյուղերը չեն աշխատում: Սրա պատճառներից մեկն էլ վատ կառավարումն է, շուկաների բացակայությունը եւ մի շարք այլ, այդ թվում՝ կոռուպցիոն դրսեւորումներ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս