Արեւմուտքի կողմից պատժամիջոցների վերացումից հետո Իրանն անցավ բավական ակտիվ տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության նախաձեռնությանը: Ապրիլի 19-ին Նյու Յորքում Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հանդիպել է պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որից հետո կողմերը հայտարարել են մի քանի սկզբունքային հարցերի շուրջ առաջընթաց գրանցելու մասին:
Նույն ամսին ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի եւ Զարիֆի միջեւ տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տնտեսական, ատոմային էներգետիկային, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Իհարկե, սա ամենը չէ, եղել են այլ հանդիպումներ ու բանակցություններ եւս: Չնայած միջազգային մակարդակում հանդիպումների ու քննարկումների տպավորիչ շարքին՝ Արեւմուտքը, ի դեմս Միացյալ Նահանգների, շարունակում է Իրանի համար մնալ որպես մրցակից հատկապես մերձավոր-արեւելյան ուղղությամբ:
Վաշինգտոնն ու Թեհրանը շարունակում են փոխադարձ մեղադրանքներն այս կամ այն հարցի առնչությամբ եւ այլն: Սակայն նման եղանակով Իրանն ապահովագրվում է արեւմտյան թիրախավորումից, որն էլ մանեւրի լայն դաշտ է բացում իր համար հարազատ մերձավոր-արեւելյան աշխարհաքաղաքական տարածությունում: Իրանը, հանդիսանալով ռեգիոնալ գերտերություն, բնական է, հիմնական ուշադրությունը բեւեռել է տարածաշրջանային խնդիրներին, որի հետաքրքրությունների տիրույթը տարածվում է Սիրիայից մինչեւ Հարավային Կովկաս ու Կասպիական ավազան: Հենց այստեղ էլ նա փնտրում է իր շահերի հետ զուգակցվող այլ շահեր, որոնց հետ կկարողանա ստեղծել աշխարհաքաղաքական ամուր բեւեռ՝ մարտահրավերներին դիմակայելու եւ նոր հորիզոններ բացելու համար:
Այս ճանապարհին, սակայն, գոյություն ունեն մի շարք խոչընդոտներ, մասնավորապես Թուրքիան, որի հետ առկա են բավական բարդ հարբերություններ՝ կապված իսլամական աշխարհում դերակատարության, մերձավոր-արեւելյան տարածաշրջանում ազդեցության ոլորտների բաժանման հետ: Այս նկատառումներից ելնելով՝ Թեհրանում փորձում են ուժեղ հակակշիռներ գտնել, որոնք, նախեւառաջ, կզսպեն գլոբալ տարածությունում Արեւմտյան առաջխաղացումը եւ ճանապարհ կբացեն Թուրքիայի հետ առավել հավասար դիմակայության համար: Այդպիսի հակակշիռ է հենց Ռուսաստանը, որը նույնպես Արեւմուտքի հետ ունի կոնֆլիկտային փախհարաբերություններ, գտնվում է պատժամիջոցների ներքո, եւ ստեղծվել է բնական դաշնակցության հուսալի միջավայր, որը ձեռնտու է նաեւ Մոսկվային ու Սիրիային:
Այսպես՝ հունիսի 9-ին Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում տեղի է ունեցել այդ երկրի, Ռուսաստանի եւ Սիրիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը: Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդի քարտուղար Ալի Շամհանին շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին՝ «Սիրիայում ցուցաբերած խիզախ քաղաքականության եւ ահաբեկչության դեմ պայքարին էֆեկտիվ աջակցություն ցուցաբերելու համար»: Նման խոսքն ուղղված է հենց Վաշինգտոնին ու ցույց է տալիս, որ Թեհրանի համար Սիրիայում գոյություն ունի մեկ լեգիտիմ ուժ. դա Ռուսաստանն է, եւ մեկ այլ ուժի ներգրավվածությունը կհանդիպի իր հակազդեցությանը: ԻԻՀ ու ՌԴ համար Սիրիան Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական վերջին պատվարն է, դրա նկատմամբ արեւմտյան վերահսկողությունը կնշանակի բաց դուռ դեպի իրանական «սեւ անցքը»: Ուրեմն չպետք է թույլ տալ, որ դա տեղի ունենա, եւ վերոնշյալ երեք երկրները որոշել են համագործակցությունը խորացնել հենց անվտանգության ոլորտում, որը համագործակցային բավական լավ դաշտ կբացի նրանց միջեւ գոյապահպանական ու կենսական կարեւորության շահերի զուգակցությունն ինստիտուցիոնալացնելու տեսանկյունից: Ռուսաստանի համար Սիրիան նույնպես կարեւոր օջախ է մի քանի պատճառով.
1. դրանով փակվում է միջերկրականի ավազանից դեպի տարածաշրջան արեւմտյան ներթափանցման հնարավորությունը,
2. նվազում է թուրքական ազդեցությունը, ավտոմատ՝ ՆԱՏՕ-ի ազդեցությունը,
3. «եվրասիական շախմատային խաղատախտակի» մի հատվածում տեղ է բացվում «աշխարհաքաղաքական պարտիան» շարունակելու համար:
Ինչպես երեւում է՝ տարածաշրջանում հասունանում է մի նոր պարտիա, սակայն հարցն այն է՝ արդյո՞ք գեոստրատեգիական եռանկյունին ձեւավորվել է Իրան-Ռուսաստան-Սիրիա ֆորմատով, թե՞ հնարավոր են այլ խաղացողներ եւս: Այս ֆոնին հետաքրքրական է ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի ցանկությունը այցելելու Հայաստան, որի մասին նա հայտնել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ հունիսի հինգին Թեհրան այցի ժամանակ: Արդյո՞ք սա նշանակում է, որ Իրանը ցանկանում է այդ եռանկյունու մի հատվածում ներառել նաեւ Հայաստանին, որը գտնվում է դրա մեջտեղում եւ կարող է հանդիսանալ որպես կոմունիկատիվ գործոն: Թե ինչ կարգավիճակ կունենա Հայաստանն այս պրոյեկտում, ցույց կտա ժամանակը՝ երբ կամ եթե Երեւան այցելի նախագահ Ռուհանին:
Արման Սահակյան