ՎԱՐԴԱՆԻԿԻ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ-Ը ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջին շրջանում գյումրեցիները հաճախ են կրկնում` “Վարդանիկի պոչը նորից բռնել են”: Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մտերիմների վերջին ձերբակալություններից հետո գյումրեցիների ասածն այլ` թարմ հիմնավորում ունի: Հիմա էլ նախկին քաղաքապետի բիզնեսներից մեկն է հայտնվել ուշադրության կենտրոնում. խոսքը Գյումրիում վերջերս կառուցված “Ալեքսանդրապոլ” շքեղ հյուրանոցի մասին է: Ի դեպ, ժամանակին այս հյուրանոցի շուրջ զանազան քննարկումներ էին ծավալվել, ըստ որոնց՝ շինության կառուցման ընթացքն աչքի էր ընկել իր ծախսատարությամբ, իսկ ավարտուն տեսքը` իր անճաշակությամբ եւ Գյումրու քաղաքային կոլորիտի հետ անհամատեղելիությամբ: 
Այժմ էլ “Ալեքսանդրապոլ”-ի մասին խոսակցությունները սկսվեցին մեկ այլ համատեքստում. ինչպես փոխանցում են “Ժողովուրդ”-ի աղբյուրները, հյուրանոցում ինչ-ինչ սանիտարահիգիենիկ ստուգումներ են իրականացվում: Ըստ տեղեկությունների` հյուրանոցի հաճախորդներից բազում բողոքներ են ստացվել` կապված այնտեղ առկա սանիտարահիգիենիկ վատ պայմանների հետ: Արդյունքում՝ ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումը ստուգումներ է իրականացրել, ինչից հետո մասնագետները հեռացել են խիստ խոժոռ դեմքերով:
Թեեւ Գյումրու նախկին քաղաքապետը վաղուց վայր է դրել պաշտոնական լիազորությունները, այդուհանդերձ, հասարակական ու քաղաքական ուշադրության կենտրոնից այդպես էլ չի հեռանում: Գյումրու քաղաքապետարանի նախկին աշխատակից Հովհաննես Գրքիկյանի  ձերբակալության լուրը դեռ չէր հնացել, երբ քաղաքապետի անվան հետ կապված հերթական լուրը մեջտեղ եկավ. Ղուկասյանը պահը չէր կորցրել եւ օրերս Գյումրի այցելած Սերժ Սարգսյանին “տետատետ” զրույցի էր հրավիրել Սբ. Ամենափրկիչ եկեղեցու տարածքում: 
Համացանցում Ղուկասյան-Սարգսյան առանձնազրույցի բուն թեմայի մասին հազար ու մի հնարավոր եւ անհնար տարբերակներ առաջ քաշվեցին: Տարածվածներից մեկն այն էր, որ Ղուկասյանը խնդրել է միջամտել Գրքիկյանի գործով, Ս. Սարգսյանն էլ խուճապահար Վարդանիկին հանգստացրել է` հուսադրելով, որ ամեն ինչ լավ է լինելու:
Թե ինչի շուրջ են խոսել Ս. Սարգսյանի հետ, եւ թե ինչով են պայմանավորված  “Ալեքսանդրապոլ”-ում անցկացվող ստուգումները, փորձեցինք ճշտել անձամբ Գյումրու նախկին քաղաքապետից, սակայն վերջինս մեր պարբերական զանգերին պատասխանելու փոխարեն անջատում էր հեռախոսը:  Ղուկասյանի` զվարճախոս եւ հպարտանալու առիթը երբեք բաց չթողնող բնավորությանը տեղյակ լինելով` կարող ենք եզրակացնել, որ Վարդանիկի` հերթական անգամ ընդհատակ անցնելու հանգամանքը պայմանավորված է “Ալեքսանդրապոլ” հյուրանոցի գլխին կուտակվող “սեւ ամպերով”, այն նույն չարաբաստիկ “ամպերով”, որոնք արդեն երկար ժամանակ է՝ Ղուկասյանի ու իր մտերիմների գլխավերեւից չեն հեռանում:
Ինչեւէ.”Ժողովուրդ”-ը կապ հաստատեց նաեւ ՀՀ առողջապահության նախարարության հետ` ճշտելու, թե ինչ ստուգումների մասին է խոսքը: ԱՆ լրատվության ծառայությունից, սակայն,  հերքեցին  “Ալեքսանդրապոլ”-ում հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության կողմից կատարված ստուգումների փաստը: Կարելի է ենթադրել, որ Գյումրիում հրապարակման ոչ ենթակա պրոցեսներ են տեղի ունենում, որոնց մասին, ինչպես փորձն է արդեն ցույց տվել, հասարակությունը տեղեկանում է ամենավերջում: Իսկ Ս. Սարգսյանի հետ Վ. Ղուկասյանի բլից երկխոսությունն էլ, ըստ ամենայնի, ոչ միայն իր պտուղները չի տվել, այլեւ հանգեցրել է Վարդանիկի համար անցանկալի զարգացումների:
Հ.Գ. Ըստ մեր տեղեկությունների`”Ալեքսանդրապոլ”-ի հայտնի սեւամորթ դռնապանները աշխատանքից ազատման դիմումներ են գրել. աշխատանքային ինչ-ինչ պայմաններից դժգոհ են եղել:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 623 համար




Լրահոս