«Հայ անտառ»-ում դեռ կրճատումներ չկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի` խնայողության ռեժիմի անցնելու մասին հայտարարությունից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ կրճատումներ է իրականացնելու նաեւ ԳՆ-ի ենթակայության տակ գտնվող «Հայ անտառ» ՊՈԱԿ-ում: Սակայն «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մինչ օրս այս կառուցում կրճատումներ չեն եղել:

Նշենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայ անտառ» ՊՈԱԿ-ը ստեղծվել 2002 թվականին, այն ապահովում է պետական անտառների պահպանությունը, օգտագործումը, հաշվառումը, գույքագրումը, անտառային կադաստրի վարումը եւ այլն: Ինչպես նաեւ իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետեւյալ տեսակները` բնափայտի մթերում, վերամշակում եւ իրացում, տնկանյութի (տնկիներ, սերմնաբուսակներ) աճեցում, իրացում եւ այլն:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Հայ անտառ» ՊՈԱԿ-ն ունի 993 աշխատակից, որոնցից 98-ը հանդիսանում են կենտրոնական ապարատի աշխատող: «Հայ անտառ» ՊՈԱԿ-ին 2014 թվականին ՀՀ պետական բյուջեից հատկացված գումարը կազմել է 971 մլն 822 հազար 300 դրամ, իսկ 2015 թվականին՝ 836 մլն 207 հազար դրամ:

Ի դեպ, ՀՀ վերահսկիչ պալատը նախորդ տարի ուսումնասիրություններ է իրականացրել «Հայ անտառ» ՊՈԱԿ-ում եւ պարզել, որ 2015 թվականին ՊՈԱԿ-ում հատկացված 836 մլն 207 հազար դրամը ամբողջությամբ տրվել է որպես աշխատավարձ: Ըստ ՎՊ-ի՝ նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի դեբիտորական պարտքը կազմել է 14 մլն 691 հազար 600 դրամ: Այդ թվում 14 մլն 644 հազար 600 դրամը փայտանյութի վաճառքից է գոյացել, իսկ 46 հազար 900 դրամը՝ ծառայությունների մատուցումից:

Նշենք, որ «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի՝ 2015 թվականի տարեսկզբի ազատ մնացորդը կազմել է 56 մլն 83 հազար դրամ, եկամուտները կազմել են 1 մլրդ 163 մլն 401 հազար դրամ, որից 836 մլն 207 հազար դրամը պետական բյուջեից, իսկ 327 մլն 194 հազար 500 դրամը հանդիսանում են կազմակերպության սեփական եկամուտները: Սրան զուգահեռ տեղեկացնենք, որ նախորդ տարվա ընթացքում հիմնվել է 24,2 հա անտառտարածք, որից 11,8 հա «Գուգարքի» անտառտնտեսության «Վանաձորի» անտառպետությունում, իսկ 12,4 հա՝ նույն անտառտնտեսության «Սպիտակի» անտառպետությունում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս