Մտահոգիչ երևույթ. Մոսկվան փոխո՞ւմ է դաշնակցային տակտիկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր համագործակցության տեմպերը եւ հագեցածությունը բավարարում են մեզ»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախօրեին Մոսկվայում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ: Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարն այնուհետեւ արել է ուշագրավ հայտարարություն. «Մենք կցանկանայինք հետագայում էլ շարունակել մեր ռազմավարական գործընկերությունը»:

Ուշադրություն պետք է դարձնել, որ պաշտոնյան չի ասում, թե պետք է խորացնել համագործակցությունը, այլ ուղղակի շարունակել, այն էլ իրենց անորոշ ցանկության մակարդակով ու ոչ թե դաշնակցությունը, այլ գործընկերությունը: Նույն Շոյգուն, սակայն, Ադրբեջանի իր գործընկերոջ հետ չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ արել է տրամագծորեն հակառակ հայտարարություն, ինչը տրամաբանորեն ավելի համահունչ պետք է լիներ հայ-ռուսական դաշնակցային, ոչ թե ռուս-ադրբեջանական գործընկերային հարաբերություններին: Ահա թե ինչ է ասել նա. «Մեր ռազմական համագործակցությունը կրում է ստրատեգիական բնույթ, եւ մենք ունենք բավարար պոտենցիալ՝ այն մեծացնելու ու զարգացնելու համար»:

Սովորաբար, եթե համագործակցությունը, մանավանդ դաշնակցային մակարդակում, բավարարում է, գոհացնում է, ապա կողմերը խոսում են այն խորացնելու անհրաժեշտության մասին, այսինքն՝ սա այն սկզբունքն է, որը բնորոշում է հարաբերությունների զարգացում: Իսկ երբ չկա զարգացմանն ուղղված գործողություն, ապա այն դառնում է ստատիկ՝ անշարժ, որն էլ ժամանակի ընթացքում կարող է դառնալ ռեգրեսիվ մակարդակի հարաբերություն: Ինչու, որովհետեւ ժամանակի ընթացքում իրականությունը փոփոխությունների է ենթարկվում, տեղի են ունենում ինովացիոն շարժեր, որոնց հետ համահունչ քայլն էլ սահմանվում է որպես զարգացում: Եվ եթե կողմերը սկսում են բավարարվել առկա պատկերով, ապա, քաղաքական լեզվից թարգմանաբար, դա կարող է նշանակել ոչ կարեւոր հանգամանք, որն էլ տանում է հետընթացի:

Ինչո՞ւ ՌԴ պաշտպանության նախարարը Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների կոնտեքստում չի շեշտում զարգացման կամ խորացման ռազմավարական ասպեկտը, այլ ընդամենը շարունակականության մասին է նշում: Կարելի է առանձնացնել մի քանի պատճառ, որոնցից յուրաքանչյուրն էլ շատ կարեւոր է ռազմավարական մակարդակի հարաբերությունների տեսանկյունից հարցը դիտարկելիս.

1. Իսկապես Ռուսաստանի համար Հայաստանը չի հանդիսանում գեոստրատեգիական այնպիսի կարեւորության երկիր, որի հետ կարելի է ավելի հեռուն գնալ, հետեւաբար պետք է բավարարվել նրանով, ինչ կա:

2. Ադրբեջանին չնեղացնելու ու չվանելու մոտիվացիա: Քանի որ Կրեմլի համար մեծ կարեւորություն ունի Կասպիական ավազանը եւ Թուրքիայի դիրքերի թուլացումը Հարավային Կովկասում, իսկ Ադրբեջանը Թուրքիայի կովկասյան պատվարն է, ապա պետք է Ադրբեջանին հնարավորինս պահել ռուսական նախագծերի տիրույթում: Կրեմլն էլ լավ գիտի, որ ցանկացած ոչ հայանպաստ գործողություն կամ խոսք ուղիղ համեմատական է Բաքվին սիրաշահելու հետ: Հայաստանի հետ համագործակցությունը չխորացնելով էլ, փաստացի, Մոսկվան Ադրբեջանի համար որոշակի տեղ է թողնում գործընկերային ու դաշնակցային հարաբերությունների ընդլայնման համար:

Սա իսկապես մտահոգիչ երեւույթ է, որովհետեւ մեր ռազմավարական դաշնակիցը անում է ճիշտ հակառակ տրամաբանության հայտարարություններ: Նա դաշնակցի հետ խոսում է գործընկերային լեզվով, իսկ գործընկերոջ հետ՝ դաշնակցային: Համենայնդեպս, պայմանագրերով ու ինտեգրացիոն-համագործակցային ձեւաչափերով Երեւանն է դաշնակից եւ ոչ թե Բաքուն, իսկ եթե դաշնակցային հարաբերությունները Մոսկվան գնահատում է նմանօրինակ եղանակով, ապա այստեղ անվտանգության հետ կապված շահերի հստակեցումների եւ լուրջ վերանայումների խնդիր է հասունանում:

Արման Սահակյան




Լրահոս