«168 ժամ» թերթը գրում է. «Առաջին ընթերցմամբ ընդունված Հարկային օրենսգիրքը, ի թիվս այլոց, ավելացնելու է ԱԺ պատգամավորների եկամտային հարկի բեռը։ Ամսական 660 հազար դրամ ստացող պատգամավորները ՀՕ-ով կվճարեն ամսական 178.8 հազար եկամտային հարկ ներկայիս 169.7 հազար դրամի փոխարեն։ Իսկ 790 հազար ստացող հանձնաժողովի նախագահները կվճարեն 215.2 հազար դրամի հարկ ներկայիս 203,5 հազար դրամի փոխարեն։
Սա նշանակում է, որ ԱԺ պատգամավորների փաստացի ստացած աշխատավարձը կնվազի ամսական 9000 դրամով, իսկ հանձնաժողովների նախագահներինը մոտ 12 հազար դրամով։ Իհարկե, 9000-12000 դրամը նրանց համար մեծ փող չէ, սակայն, եթե հավատանք պաշտոնական հայտարարագրերին մի մասի համար դա լուրջ նշանակություն ունեցող գումար է։ ԱԺ 131 պատգամավորներից 68-ը որպես 2015թ. ստացած եկամտի միակ աղբյուր՝ նշել են աշխատավարձը։ Ընդ որում, այդ 68-ից 34-ը ՀՀԿ խմբակցության անդամներ են։ Այդ 34 հոգուց 12-ն էլ դրամական միջոցներ էլ չեն հայտարարագրել։
Օրինակ, Առաքել Մովսիսյանը կամ Նահապետ Գևորգյանը 2015-ի վերջին հայտարարագրել են զրոյական դրամական միջոցներ։ Փող չունեցող, աշխատավարձով ապրող այս մարդիկ, բնականաբար, կողմ են քվեարկել ՀՕ-ի նախագծին, որը նվազեցնելու է նրանց եկամուտը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։