ԱՆՀԱՆՐԱՔՎԵ-

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաքսային միությանն անդամակցելու  Սերժ Սարգսյանի հայտարարությունից  հետո Հայաստանում շատերն ընդվզեցին` նշելով, որ  Ս. Սարգսյանն իրավասու չէ նման ճակատագրական խնդրի շուրջ միանձնյա որոշում կայացնել, եւ որ այս հարցով անհրաժեշտ է անցկացնել համազգային հանրաքվե: Ի պատասխան՝ իշխանությունները շտապեցին հիշեցնել, որ համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի՝ երկրի նախագահն է իրականացնում արտաքին քաղաքականությունն ու կնքում միջազգային պայմանագրեր: Բացի այդ` Մաքսային միությանն  անդամակցելու համաձայնագիրը դեռ պետք է վավերացվի ՀՀ Ազգային ժողովի կողմից: Վերջին փաստարկը, ինչ խոսք, կարող է միայն ժպիտ առաջացնել` հաշվի առնելով մեր խորհրդարանի կազմն ու այնտեղ ինքնուրույն քվեարկելու ունակ պատգամավորների գրեթե բացակայությունը: Երեկ էլ, անդրադառնալով այս խնդրին,   Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ծավալված քննարկման ժամանակ  բրիտանացի պատգամավոր Չարլզ Թաննոքը հայտարարել է, թե Հայաստանի որոշումն ի վերջո պետք է  վավերացվի հանրաքվեով: Թե ինչից ելնելով է  ԵԽ պատգամավորը նման հայտարարություն արել, հայտնի չէ, սակայն  դատելով ՀՀԿ մամուլի խոսնակի նյարդային արձագանքից,  իշխանությունները նման մտադրություն չունեն: Անկեղծ ասած` զարմանալի է, թե ինչու է Ս. Սարգսյանը խուսափում այս հարցը հանրաքվեի դնելուց: Ի վերջո, ի՞նչ  վտանգ է նա տեսնում: Նախ` այդ ե՞րբ է եղել, որ Հայաստանում համապետական քվեարկությունը իշխանության համար ոչ ցանկալի արդյունքներ արձանագրի: Բացի այդ` եթե անգամ հանրաքվեի արդյունքները չկեղծվեն, համաձայն տարբեր սոցիոլոգիական հարցումների, այդ թվում եւ` այս օրերին եվրոպական կազմակերպությունների կողմից իրականացվող, ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը քվեարկելու է հօգուտ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման: Հետեւաբար` միակ անցանկալի  հետեւանքը, որը կարող է լինել հարցը հանրաքվեի դնելու դեպքում, պետբյուջեից  լրացուցիչ ծախսերն են: Բնականաբար, դա շատ լավ գիտի նաեւ Սերժ Սարգսյանը, ուստի հարցն առանց հանրաքվեի  լուծելու նրա որոշումը պետք է որ ունենա այլ պատճառներ: Չի բացառվում, որ Ս. Սարգսյանը պարզապես չի ցանկանում  Եվրոպային մերժելու եւ Ռուսաստանի գիրկը նետվելու  պատասխանատվությունը դնել ողջ հայ ազգի վրա` գիտակցելով դրա  բացասական  հետեւանքները երկարաժամկետ  հեռանկարում: Ի վերջո, մի բան է երկրի ղեկավարի որոշումը, որը վավերացվել է նրա կամակատար  խորհրդարանի կողմից, մեկ այլ բան` ողջ ժողովրդի միասնական կամարտահայտությունը: Այս դեպքում Հայաստանի կողմնորոշումը դեպի Ռուսաստան կարծես թե դառնում է մի տեսակ անշրջելի ու  շատ հիմնավոր, մինչդեռ  հարցն առանց հանրաքվեի լուծելու դեպքում միշտ էլ կարելի է կասկածի տակ դնել այդ որոշման լեգիտիմությունը` եթե ոչ   ֆորմալ, ապա  բովանդակային տեսանկյունից: Թեեւ` չի բացառվում, որ  փորձում ենք  ցանկալին իրականության տեղ դնել, եւ   Ս. Սարգսյանը պարզապես թքած ունի ժողովրդի կամքի վրա:




Լրահոս