Այս տարվա հուլիսի 3-ին ՀՀ Արագածոտնի մարզի Օթեւան գյուղում տեղի կունենա համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Առաջադրված թեկնածուները երկուսն են՝ Ջամալ Սալմոյանը եւ Գոհար Սայադյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախկին գյուղապետ Բրո Ֆատոյանն այս անգամ չի առաջադրելու իր թեկնածությունը: Բանն այն է, որ վերջինս Արագածոտնի մարզպետի փոփոխությունից հետո հրաժարական է ներկայացրել եւ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առաջադրված թեկնածու Գոհար Սայադյանը մյուս թեկնածուի՝ Ջամալ Սալմոյանի եղբոր կինն է եւ իր թեկնածությունը ձեւական է առաջադրել:
Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Ջամալ Սալմոյանի հետ:
-Պարո՛ն Սալմոյան, Օթեւանի գյուղապետի պաշտոնի համար պայքարելու եք Ձեր եղբոր կնոջ՝ Գոհար Սայադյանի հետ: Ի՞նչ եք կարծում՝ կհաղթե՞ք:
-Չէ, ինքը հետ է վերցնելու իր փաստաթղթերը. ձեւական է դրել իր թեկնածությունը:
-Չի՞ ցանկանում գյուղապետ դառնալ:
-Չէ (ծիծաղում է-Ս.Հ.), եթե ես ընտրվեմ, ինքն ինչու դառնա գյուղապետ:
-Ստացվում է, որ միայնակ եք պայքարելու՝ ինքներդ Ձեզ հետ: Հե՞շտ կլինի:
-Դե, պայքարելու եմ, բայց ես եմ անցնելու:
-Իսկ Հանրապետական կուսակցությունից Ձեզ թո՞ւյլ էին տվել առաջադրվել:
-Ճիշտն ասած՝ իրենք են ինձ առաջարկել առաջադրել թեկնածությունս:
-Դուք ՀՀԿ-ակա՞ն եք:
-Անկուսակցական եմ:
-Ինչպե՞ս է ստացվել, որ Դուք անկուսակցական եք, բայց ՀՀԿ-ն առաջարկել է առաջադրել հենց Ձեր թեկնածությունը գյուղապետի պաշտոնի համար:
-Իրենք են առաջարկել ու ասել, որ դու պետք է ընտրվես գյուղապետ:
-Իսկ չե՞ն առաջարկել անդամագրվել ՀՀԿ-ին:
-Դե, նպատակ չեմ դրել, բայց երեւի ես անկուսակցական էլ մնամ:
-Իսկ գյուղացիները Ձե՞զ կընտրեն:
-Դե, ոնց ասում են՝ ժամանակը ցույց կտա: Բոլորը ուզում են, նախկին գյուղապետին ոնց ընտրեցին, այնպես էլ ինձ կընտրեն: Գովել չլինի՝ մարդ ենք, պետք է նայենք գյուղին:
-Քանի՞ ընտրող ունի Օթեւանը:
-Շատ էին, բայց գնացել են. 18 ընտրող կա:
-Ինչո՞ւ են գնացել:
-Պայմաններից ելնելով, գնացել են արտագնա աշխատանքի:
-Նախկին գյուղապետ Բրո Ֆատոյանն էլ է գնացել արտագնա աշխատանքի:
-Այո՛, Ռուսաստան է գնացել:
-Լավ, իսկ ընտրվելուց հետո գյուղի համար ի՞նչ եք անելու:
-Դե, գյուղի հոգսերի համար պետք է մտածեմ եւ դրանք լուծեմ իմ ուժերի, հնարավորությունների սահմաններում: Եթե ոսկե սարեր խոստանամ ու չկատարեմ, դա չի լինի: Ժամանակը ցույց կտա:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ