Ինչպես հայտնի է՝ Հայաստանի քաղաքական ուժերի մեծ մասը ներկայումս զբաղված է միջկուսակցական ոչ հրապարակային բանակցություններով, որոնց նպատակը համագործակցության, սպասվելիք դաշինքների հնարավորությունները պարզելն է, սակայն որեւէ մեկը չի շտապում բացահայտել, թե ով ում հետ է պատրաստվում դաշինք կազմել:
«Ժողովուրդ»-ը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից փորձեց պարզել, թե արդյոք իրենց կուսակցությունը պատրաստվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ որեւէ քաղաքական ուժի հետ դաշինք կազմել, մասնավորապես, լուրեր են շրջանառվում այն մասին, որ բացառված չէ «Ժառանգություն»-ը դաշինք կազմի Վարդան Օսկանյանի «Համախմբում»-ի հետ: Ի պատասխան՝ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ դեռեւս վաղ է նախընտրական դաշինքների մասին խոսելու համար, եւ որ ինքը չի ցանկանում այդ թեմայով մեկնաբանություններ տալ, քանի որ առարկայական ոչինչ չկա այժմ: