Հայաստանում գործազուրկների թիվը համառորեն քողարկվում է. ի՞նչ պատկեր է իրականում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գործազրկության մակարդակը մինչ այս հրապարակված պաշտոնական ցուցանիշից առնվազն կրկնակի անգամ բարձր է, եւ այս փաստը տարիներ շարունակ համառորեն քողարկվում էր:

Մինչ այս Հայաստանի տարբեր տրամաչափի պաշտոնյաները մշտապես հրաժարվել են հրապարակել Հայաստանում առկա գրանցված աշխատողների թիվը: Իսկ պաշտոնական վիճակագրությունում մշտապես ներկայացվել է, թե իբր Հայաստանում զբաղվածների թիվը 1 մլն 100 հազարից մինչեւ 1 մլն 300 հազարի սահմաններում է: Սակայն նախօրեին խորհրդարանում ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտնի դարձավ, որ Հայաստանում առկա է 615 հազար գրանցված աշխատող, որից 254 հազարը պետական գերատեսչությունների, հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողներն են: Բացի այդ՝ Հայաստանում առկա է նաեւ 54 հազար գործող անհատ ձեռներեց: Այսպիսով ստացվում է, որ Հայաստանի գրանցված աշխատողների ընդհանուր թիվը կազմում է 669 հազար: Ի դեպ, վերը բերված թվերից հետեւում է, որ Հայաստանի աշխատաշուկայի մոտ 38 տոկոսը կազմում են գերատեսչությունները եւ պետական հիմնարկ-ձեռնարկությունները:

Նկատենք, որ մեկ ամիս առաջ հրապարակված պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանի աշխատունակ տարիքի բնակչության թիվը կազմում է 2 մլն 15 հազար: Մեկ այլ տվյալների համաձայն՝ աշխատանքային տարիքի բնակչությունից տնտեսապես ակտիվ է, կամ այլ կերպ ասած՝ աշխատունակ է 1 մլն 316 հազար մարդ: Վերը նշված երկու թվերի տարբերությունը պայմանավորված է նրանով, որ առաջինն իր մեջ ներառում է նաեւ աշխատունակ տարիքի` 14 տարեկանից բարձր անչափահասներին, թոշակի տարիքը լրացած, բայց դեռեւս գործունակ բնակչությանը, ինչպես նաեւ հաշմանդամներին:

Ինչեւէ, տեղեկացնենք, որ պաշտոնական վիճակագրությունը գործազրկության մակարդակը հաշվարկում է հետեւյալ կերպ` տնտեսապես ակտիվ բնակչության թվից հանվում են զբաղվածները, արդյունքում ստացվում է գործազուրկների թիվը, որը համեմատվում է տնտեսապես ակտիվ բնակչության թվի հետ: Հայաստանում զբաղվածների թիվը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալի համաձայն՝ կազմում է 1 մլն 72 հազար 600 մարդ: Եթե մինչ այս այդ թիվն ի գիտություն էր ընդունվում, ապա այժմ հարց է ծագում՝ իսկ ինչի հիման վրա են այն ստացել: Ինչպես արդեն նշել ենք, նույն պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանում գրանցված աշխատողների թիվը կազմում է 669 հազար:

Այսինքն՝ ԱՎԾ-ն զբաղվածների թիվը իրական եղածից ավելացրել է 403 հազարով: ԱՎԾ-ի հրապարակած մեթոդիկայում նշվում է, որ զբաղվածների թվում ներառվում են նաեւ գյուղատնտեսությունում զբաղվածները: Բայց ով է ասում, որ գյուղատնտեսությունում զբաղված բնակչության թիվը ընդհանուր աշխատանք ունեցողների թվի 37 տոկոսը կարող է կազմել: Հարկ է նկատել, որ գրանցված աշխատողների թվի մի զգալի մասն արդեն իսկ կազմում են գյուղական բնակավայրերի բնակիչները: Այլ կերպ ասած՝ ակնհայտ է, որ գյուղատնտեսությունում զբաղվածների թիվը արհեստական ավելացնելով` արհեստական նվազեցվում է գործազրկության մակարդակը:
Այլեւս վստահաբար կարող ենք պնդել, որ Հայաստանի գործազրկության մակարդակը ոչ թե 18,5 տոկոս է, ինչպես ներկայացված է ԱՎԾ-ի վերջին տվյալներում, այլ առնվազն 35 տոկոսի սահմաններում է: Ի դեպ, Հայաստանում աղքատության պաշտոնական ցուցանիշը հենց 35 տոկոս է կազմում: Չնայած աղքատության եւ գործազրկության ցուցանիշներն անմիջական կապ չունեն, սակայն անուղղակի կապը անհնար է հերքել:

Ի վերջո, առնվազն տարօրինակ է, որ 18,5 տոկոս գործազրկության պարագայում աղքատությունը 35 տոկոսից ավել է կազմում: Այսինքն՝ ինչպես կարող է ստացվել, որ 1 մլն 72 հազար զբաղված մարդ ունեցող եւ 3 մլն-ից պակաս բնակչություն ունեցող Հայաստանում մեկ միլիոնից ավել էլ աղքատներ կան: Այս հարցի տրամաբանական բացատրությունը կարող է լինել այն, որ գործազրկության մակարդակն իրականում կրկնակի անգամ ավել է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս