Վանաձորի քաղաքապետի ընտրություններին մոտ 3 ամիս կա, սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ որոշում է կայացվել, թե ով պետք է գլխավորի Վանաձորի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը: Խոսքը ՀՀ արդարադատության նախարարության Լոռու մարզի «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար Մամիկոն Ասլանյանի մասին է:
Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Մամիկոն Ասլանյանի հետ:
-Պարո՛ն Ասլանյան, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վերջնական որոշում է կայացրել, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություներում ՀՀԿ-ի ընտրացուցակը պետք է Դուք գլխավորեք:
-Տեղյակ չեմ, ես այ պահին որեւէ պաշտոնական բան չունեմ, եթե ես ապրիորի հայտարարություն անեմ, չեմ կարծում, որ դա ճիշտ է, մանավանդ կուսակցության անունից:
-Ձեզ համարում են Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանի «մարդը»:
-Ես ժողովրդի մարդն եմ: Կարեն Կարապետյանը շատ կարգին անձնավորություն է, իրենց ընտանիքը մեծ ծրագրեր է իրականացնում, շատ պատվարժան մարդիկ են, ես չեմ խորշի իրենց աջակցությունը վայելելուց: Բնականաբար ինքը Հանրապետական կուսակցության գործադիրի անդամ է եւ բնականաբար, եթե ես գլխավորեմ ցուցակը, բնական չի, որ ինքը պետք է աջակցի: Շատ հարգում եմ իրենց ընտանիքին:
-Ինչո՞ւ եք ուզում դառնալ քաղաքապետ: Օրինակ՝ նոտարի պաշտոնը փող, եկամուտ բերող ու ավելի անփորձանք պաշտոն է, մինչդեռ քաղաքապետի պաշտոնում փող աշխատելը ռիսկային է եւ փորձանքներով լի:
-(Ծիծաղում է-Ք.Մ ) Եկեք այդ հարցին չպատասխանեմ:
-Դուք ՀՀ արդարադատության նախարարության Լոռու մարզի «Վանաձոր» նոտարական տարածքի նոտարն եք ու այս պաշտոնին նշանակվել եք դեռեւս 2007 թվականից: Ըստ էության, շատ լավ գիտեք, թե Վանաձորում ինչքան օլիգարխ կա, ով ինչքան գումար ունի, ինչ գույք է գնել: Ո՞նց եք պատրաստվում նախկին պաշտոնի գիտելիքը եւ տեղեկացվածությունը քաղաքապետ ընտրվելու մեջ օգտագործել:
-Վանաձորում օլիգարխներ չկան: Հիմա ինձ մոտ մի մարդ կա, հաճախորդներից մեկը ձեռքով ցույց է տալիս իրեն եւ ասում է, թե ինքն է օլիգարխը (ծիծաղում է-Ք.Մ): Ցանկացած հնարավորություն, որը կլինի իմ ուղեծրում, իմ շփման, իմ ընկերական շրջանակում, ես իմ մեջ պարտավորություն կվերցնեմ եւ ի շահ Վանաձոր քաղաքի կօգտագործեմ:
-Հիմա բավականին արդիական է՝ բանակում պարտադիր ժամկետային ծառայություն չանցած անձանց պաշտոնի են նշանակում: Ձեր կենսագրության մեջ եւս նշված չէ, որ ծառայել եք բանակում:
-Ծաառայել եմ, մարտական հերթապահություն էլ եմ իրականացրել սահմանամերձ շրջաններում, պաշտպանության նախարարի պատվոգիր էլ ունեմ: 1996 թվականից 1998 թվականներին առաջին սպայական խմբի մեջ եմ եղել, Վազգեն Սարգսյանն է իմ սպայական կոչումը շնորհել ու մասնակցել եմ նաեւ սահմանների պաշտպանությանը:
-Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ իշխանությունները Վանաձոր քաղաքում պարտվեցին: Ըստ Ձեզ՝ Վանաձորի գործող քաղաքապետի գործունեությո՞ւնն էր պատճառը, որ պարտվեցին, թե իշխանությունների նկատմամբ բացասական վերաբերմունքով էր այս ամենը պայմանավորված:
-Չեմ կարծում, թե անձնավորված է, որ ինչ-որ մեկով էր պայմանավորված, պարտություններ ու հաղթանակներ այդ դեպքում չեն լինում, դա վերաբերմունքի տեսակ էր իրավական փաստաթղթի, որը, ասենք, միգուցե սխալ ներկայացվեց, ճիշտ չմատուցվեց, ընտրարշավը ճիշտ չտարվեց, թե չէ այնպես չի, որ իշխանությունը դրանով կա՛մ պարտվեց, կա՛մ ընդդիմությունը հաղթեց: Դա ավելի շատ, կարծում եմ, որ իրավական փաստաթուղթն այո կամ ոչ ասելու հարց էր, եւ կրկնում եմ՝ չեմ կարծում, որ դա խորը անձնավորված խնդիր էր:
-Հաշվի առնելով նախկին համապետական ընտրությունների արդյունքները եւ այն փաստը, որ այս ՏԻՄ ընտրությունները լինելու են քաղաքական, պատրա՞ստ եք հնարավոր պարտության:
-Իհարկե, ամեն ինչին էլ պատրաստ եմ, կյանքը այնքան անակնկալներ ունի, իհարկե, ձգտում եմ, եթե մասնակցեմ ընտրություններին, բնականաբար, պիտի հաղթենք, բնականաբար, մարդը ամեն ինչին էլ պատրաստ է, եւ դա բնական է:
Քնար Մանուկյան