Նախկին դատավորը որոշել է փաստաբան դառնալ. քննությունից «կտրվել էր», սակայն նորից է փորձում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ դատաիրավական ոլորտի մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ փաստաբանական դպրոցի ավարտական քննություններից «կտրվել են»: Պարզվում է՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Լեւոն Ավետիսյանը, որի լիազորությունները այս տարվա մարտին էին դադարեցվել, որոշել է դառնալ փաստաբան: Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, չի կարողացել որակավորման քննությունները հանձնել եւ կտրվել է քննությունից եւ որոշել է՝ հերթական անգամ կրկին պետք է փորձի:

«Ժողովուրդ»-ը նախկին դատավորից փորձեց պարզել, թե ինչ հարցեր են եղել, որ չի կարողացել պատասխանել եւ կտրվել է քննությունից: Ի պատասխան՝ Լեւոն Ավետիսյանն ասաց. «Չեն կտրել, տենց բան չկա, համակարգչի խնդիր կար, ես համակարգչին լավ չեմ տիրապետում, ժամանակի առումով չհասցրեցի, թե չէ գիտելիքի խնդիր չկար»:

-Ինչո՞վ է գայթակղում փաստաբանի պաշտոնը, որ որոշեցիք նորից դպրոց ընդունվել:

-Եթե մասնագիտությունը իրավաբան է, ապա ուրիշ ինչ պետք է գնա, անի… կարող է գնա, տաքսու վարորդ աշխատի՞:

-Սովորաբար փաստաբանները դատավորների հետ անհամաձայնություն ունեն, ո՞նց եք պատկերացնում՝ Ձեր նախկին գործընկերների դեմ որեւէ բան խոսեք կամ հակառակը փորձեք ապացուցել:

-Շատ լավ եմ պատկերացնում, ոնց ես դատավոր ժամանակ եմ փաստաբանների վերաբերվել եւ որեւէ մեկին չեմ վիրավորել եւ որեւէ մեկի իրավունքներն ու արժանապատվությունը չեմ սահմանափակել: Եթե որեւէ մեկը փորձի իմը սահմանափակել, ես օրենքով նախատեսված կարգով կպաշտպանեմ: Կարծում եմ՝ այդ խնդիրը չեմ ունենա, քանի որ որեւէ մեկին ժամանակին անտեղի չեմ վիրավորել:

-Հիմա պարապո՞ւմ եք:

-Հիմա խնդրել եմ քննությունները հետաձգել, քանի որ երկար ժամանակով գնում եմ բուժման, եւ հայտնի չէ, թե երբ կգամ: Առողջական խնդիրներս լուծեմ, էլի դիմելու եմ: Այս ընթացքում բավականին պարապել եմ, որ արագության հարցում կարողանամ հասցնել: Անկեղծ ասում եմ, որ համակարգիչը դանդաղ էի հավաքում, խնդիրը ընդամենը դա է:

-Դատավորրը միշտ դատական նիստերին բոլորին բարձունքից է նայում, իսկ հիմա ո՞նց եք պատկերացնում, որ Ձեզ բարձունքից նայեն:

-Ես բոլորի հետ էլ նորմալ եմ եղել, փաստաբանն էլ կոլեգա մարդ է, հիմա որ քո բախտը բերել է, դու դատավոր ես աշխատում, դա չի նշանակում, որ դու փաստաբանին պետք է արհամարհես, խելոք փաստաբանները իրենց տեղը լավ գիտեն եւ միշտ էլ իրենց իրավունքները պաշտպանում են:

-Եթե այս որակավորման քննությունը հաղթահարեք եւ փաստաբան դառնաք, ըստ Ձեզ՝ քաղաքացիները նախկին դատավորին կվստահեն, կդիմեն, որ իրենց շահերը պաշտպանի:

-Ինձ թվում է՝ դրա խնդիրը չեմ ունենա, 40 տարի աշխատել եմ համակարգում, բոլորը ինձ ճանաչում են, քաղաքացիները բոլոր դատավորներից դժգոհ չեն, կան դժգոհ քաղաքացիներ, կան գոհ քաղաքացիներ, որեւէ քաղաքացի իմ աշխատած ժամանակ չի դժգոհել ու չի ասել, որ ես անարդար եմ կամ նման այլ բան, վերաքննիչ բողոք էլ են գրել, ինչը իրենց իրավունքն է:

Քնար Մանուկյան




Լրահոս