ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցող Սերժ Սարգսյանին այդպես էլ չհաջողվեց հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Չնայած այն բանին, որ Վլ. Պուտինն առանձնազրույցներ ունեցավ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարի` Ս. Սարգսյանի հետ առանձնազրույց այդպես էլ չկայացավ: Այս եւ մի քանի այլ հարցեի հետ կապված՝ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:
-Պարո՛ն Շարմազանով, ՀԱՊԿ մայիսին կայացած գագաթնաժողովին Ս. Սարգսյանը չմասնակցեց, ինչը գնահատվեց որպես բոյկոտ` եվրաինտեգրացման ուղին բռնած Ս. Սարգսյանի կողմից: Մինչդեռ այս անգամ նա շտապեց մասնակցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Արդյո՞ք դա եվրոպական ուղղությունից հրաժարվելու հետեւանք էր:
-Ո՛չ, Հայաստանը երբեք չի բոյկոտել, Ձեզ մոտ սխալ տպավորություն է: Հայաստանն ի սկզբանե եղել է անդամ, հիմնադիր երկիր: Ավելին, ՀԱՊԿ-ի հետ կապված բոլոր օրենսդրական նախաձեռնություններն առաջիններից մեկը վավերացրել են Հայաստանում, եւ ՀՀ-ն այս տարիների ընթացքում մշտապես համագործակցել է իր դաշնակիցների հետ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Սխալ տպավորություն է:
-Եվ այդուհանդերձ, Վլ. Պուտինը նախօրեին չի հանդիպել Ս. Սարգսյանի հետ՝ չնայած այն բանին, որ Ս. Սարգսյանը, բոլորի կարծիքը հաշվի չառնելով, հայտարարեց, թե Հայաստանը նպատակ ունի անդամակցելու Մաքսային միությանը: Այդքանից հետո ինչո՞ւ ՀՀԿ առաջնորդը Պուտինի կողմից նման վերաբերմունքի արժանացավ:
-Ուրեմն ասեմ, որ տպավորությունն ու հարցադրումը սխալ են, որովհետեւ դա ՀԱՊԿ խորհրդի նստաշրջան էր, ոչ թե երկկողմ հանդիպում` ՌԴ եւ ՀՀ նախագահների միջեւ: Իսկ երկրորդն էլ` սեպտեմբերի 3-ին երկու նախագահները բավական հագեցած օրակարգով հանդիպել են, ու բոլորն էլ տեղյակ են այդ հանդիպման մասին: Ես եւս մեկ անգամ ցանկանում եմ տխրեցնել այն փորձագետներին, նրանց հետեւում կանգնած տարբեր մարդկանց, որոնք գիշերուզօր մտածում են, թե ինչու ՌԴ եւ ՀՀ նախագահները չհանդիպեցին: Նրանք հանդիպել են սեպտեմբերի 3-ին, ու Մոսկվայում եղել է շատ արդյունավետ հանդիպում: Իսկ նախօրեին Սոչիում եղել է ՀԱՊԿ նստաշրջան, որտեղ մեր նախագահն ունեցել է բավական տպավորիչ ելույթ:
-Թեեւ Դուք շեշտում եք, որ դա նստաշրջան էր, ոչ թե երկկողմ հանդիպում, այդուհանդերձ, ի տարբերություն Ս. Սարգսյանի՝ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկկողմ հանդիպումներ ունեցան Վլ. Պուտինի հետ: Դա ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Բայց նախագահներն են որոշում` երբ հանդիպեն ու ինչպես հանդիպեն: Ես լրահոսում չեմ տեսել, որ սեպտեմբերի 3-ից հետո Պուտին-Լուկաշենկո հանդիպում է եղել: Իսկ սեպտեմբերի 3-ին եղել է Պուտին-Սարգսյան հանդիպում` բավական հագեցած օրակարգով, ու այս անգամ ծիծաղելի եմ համարում նմանատիպ գնահատականները ու նման հարցի արծարծումը: Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են, եւ դրա վառ ապացույցն այն է, որ մենք անդամակցելու ենք Մաքսային միությանը, ինչպես նաեւ որպես ՀԱՊԿ անդամ երկիր` զարգացնելու անվտանգության բաղադրիչը:
-Իսկ ինչո՞վ եք բացատրում Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի ընդգծված բացասական վերաբերմունքը Ս. Սարգսյանի նկատմամբ: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նազարբաեւը հանդիպումների ժամանակ երբեք առիթը բաց չի թողնում բոլորի ներկայությամբ դա ցույց տալու համար:
-Ես ձեռնպահ կմնամ Ղազախստանի նախագահի վերաբերյալ գնահատականներ տալուց, ես մի բան կարող եմ ասել, որ ՀԱՊԿ անդամ որոշ երկրների ոչ կառուցողական, միակողմանի գնահատականի վերաբերյալ ՀՀ նախագահը հստակ, ամբողջական ու դիպուկ դիրքորոշում է հայտնել Սոչիում իր ելույթի ժամանակ: Կարծում եմ՝ այսքանից հետո ինչ-որ բան ավելացնելն անիմաստ է: Կարծում եմ՝ դա շատ լուրջ ազդակ էր բոլոր այն երկրներին, որոնք ունեն միակողմանի դիրքորոշում:
-Այդ դեպքում ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ն էլի զենք է վաճառում Ադրբեջանին:
-Մենք ոչ թե հակաադրբեջանական ենք, այլ մենք պրոհայկական ենք, մենք այնպիսի միջոցառումներ ենք իրականացնում, որոնք բխում են մեր պետության շահերից: Ոչ թե պետք է մտահոգիչ լինեն այս կամ այն երկրների հարաբերությունները, այլ մեզ պետք է մտահոգի մեր մակարդակը մեր դաշնակիցների հետ փոխհարաբերություններում:
ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՏՊԱՎՈՐՎԵԼ Է Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ