ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳՅՈՒՂՆ ԸՄԲՈՍՏԱՆՈՒՄ Է
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում իրավիճակը գնալով բարդանում Է: Օրերս «Ժողովուրդ»-ը գրել էր, որ գյուղի միակ մանկապարտեզի տնօրեն Մաքրուհի Ազարյանին գյուղապետ Արթուր Մուրադյանը հեռացրել է տնօրենի պաշտոնից եւ, իր խոսքով ասած, «իր կրուգի մարդ» նշանակել: Չնայած այս ամենին՝ գյուղապետը մեզ հետ զրույցում հայտարարել էր, թե  մանկապարտեզի տնօրենն անձամբ է հրաժարականի դիմում ներկայացրել:
Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ  մանկապարտեզի նորընտիր տնօրեն Սուսաննա Հովհաննիսյանի եւ աշխատակիցների միջեւ լուրջ քաշքշուկ է եղել: Պատճառը եղել է Ս. Հովհաննիսյանը, որը փորձել է հաշվապահի ձեռքից խլել երեխաների վճարման գրանցամատյանը, իսկ մանկապարտեզի տնտեսվարի ձեռքից էլ՝ պահեստի բանալիները: Այդ պահին սկսվել է լուրջ քաշքշուկ, եւ հաշվապահն ու տնտեսվարը հայտարարել են, թե տնօրենը ցանկանում է իրենց գլխին գործ սարքել, ինչն իրենք թույլ չեն տա: Բանն այնտեղ է հասել, որ մանկապարտեզում բարձրացված աղմուկը մեղմելու համար ներկաները օգնության են կանչել գյուղապետին:
Կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Արթուր Մուրադյանի հետ, որը հաստատեց մեր տեղեկությունը՝ հավելելով. «Հիմա ոչինչ չեմ կարող ասել, քանի որ դեռ հստակ չգիտեմ, թե ինչն է եղել այս ամենի պատճառը: Երբ պարզ լինի, կխոսեմ»: Նա հաստատեց նաեւ մեր այն տեղեկությունը, որ մանկապարտեզի ողջ աշխատակազմը պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել:

ՍԵՎ ԱՄՊԵՐ
Երեւանի պետական համալսարանի հաշվապահներ Կարինեի եւ Ռիմայի կողմից բուհի գումարները յուրացնելու փաստի բացահայտումից հետո համալսարանում նոր զարգացումներ են սկսվել: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը չի բավարարվել միայն հաշվապահներին աշխատանքից հեռացնելով: Նա աշխատանքից ազատել է նաեւ բուհի երկու գանձապահներ Ռուզաննային եւ Քնարին: Բայց որպեսզի ակնհայտ չլինի, թե ինչի համար է հեռացրել գանձապահներին, ռեկտորը հրապարակավ այդ քայլը պատճառաբանել է կրճատումների անհրաժեշտությամբ՝ հավելելով, թե բուհին այլեւս գանձապահ պետք չէ: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ԵՊՀ-ի գլխավոր հաշվապահ Ռաֆիկ Գրիգորյանի գլխին եւս սեւ ամպեր են կուտակվել, ու չի բացառվում, որ հաշվապահների կողմից կատարված յուրացումների գործի շրջանակներում պաշտոնանկ արվի նաեւ նա: Այս քայլերով Արամ Սիմոնյանը փորձում է ապահովագրել իրեն, որպեսզի քննչական մարմինների սլաքը որեւէ կերպ չուղղվի իր դեմ:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս կապակցությամբ մեկնաբանություններ ստանալ Արամ Սիմոնյանից, սակայն վերջինիս հեռախոսն անհասանելի էր: Տեղեկացանք, որ ռեկտորը ՀՀ-ում չէ:




Լրահոս