Ապառիկով երինջներ գյուղնախարարությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ-ում տավարաբուծության զարգացման ծրագիրն իրականացվում է 2007 թվականից Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհային միջոցների հաշվին: Այն ներառված չէ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերում: «Ժողովուրդ»-ը գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացավ, որ յուրաքանչյուր տարի տոհմային երինջների ներկրումն իրականացվում է ծրագրում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների կողմից ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական հատուկ հաշվին կուտակված գումարների հաշվին: Այսինքն` այս նպատակով պետական բյուջեից նոր ֆինանսական միջոցներ չեն հատկացվում:
Ըստ ԳՆ-ի՝ 2016 թվականին նախատեսված է ներկրել 453 գլուխ տոհմային երինջ, որի հիմնական մասն արդեն ներկրված է: Նախատեսված գումարի չափը կազմում է 550 մլն 802 հազար 700 դրամ:

Այսպես՝ ՀՀ-ում տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում 2016 թվականին նախատեսվել է եվրոպական երկրներից հանրապետություն ներկրել տոհմային երինջների երկրորդ խմբաքանակը՝ թվով 453 գլուխ: Սակայն տոհմային երինջների ներկրման գործընթացն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ «Նիկսոֆտ» ՓԲԸ-ի հետ 2015 թվականի հոկտեմբերի 14-ին կնքված գնման պայմանագրում կատարել փոփոխություններ:

Երինջների ընտրությունը նախատեսվում էր իրականացնել երկու մասնագետների միջոցով: Այս տարվա մարտին նշված մասնագետները մեկնել են Ավստրիա երինջների ընտրությունը կատարելու նպատակով, ապա՝ ապրիլի 9-14 ին Լիտվա, մնացած՝ թվով 198 գլուխ երինջների խմբաքանակի ընտրությունը կատարելու համար: Մասնագետների կողմից ընտրությունը կատարվել է: Սակայն ի հայտ են եկել օրենսդրական խոչընդոտներ, մասնավորապես՝ Լիտվայի գործող օրենսդրությամբ արտահանվող երինջների համար նախատեսվում է կարանտին՝ առնվազն 21 օր տեւողությամբ, ինչից հետո հնարավոր կլինի իրականացնել ՀՀ տեղափոխման գործընթացը: Եւ քանի որ երինջների տեղափոխումն իրականացվելու է մի քանի խմբաքանակներով, ուստի անհրաժեշտություն է առաջացել պայմանագրի վերջնաժամկետը սահմանել մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը: Ինչն էլ երկարաձգելու նպատակով ԳՆ-ն դիմել է կառավարություն:

Ըստ այդմ, ԳՆ-ն կառավարությունից պահանջում է թույլատրել գյուղատնտեսության նախարարությանը բաց ընթացակարգի արդյունքում «Նիկսոֆտ» ՓԲԸ-ի հետ նախորդ տարվա հոկտեմբերի 14-ին կնքված պայմանագրում կատարել փոփոխություն եւ նախատեսված ապրանքների մատակարարման վերջնաժամկետը սահմանել մինչեւ հուլիսի 1-ը:
Ի դեպ, ներկրված կենդանիները հատկացվում են տարաժամկետ վճարման պայմանով` 4 տարի մարման ժամկետով: Ընդ որում, առաջին տարում տնտեսվարողը վճարում է կենդանու արժեքի 10, 2-րդ տարում` 20, 3-րդ տարում` 30, 4-րդ տարում` 40 տոկոսը` ամբողջությամբ մարելով գումարը:

Ս.Հ.




Լրահոս