ՇԵՂՈՒՄ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՑ
Սեպտեմբերի 21-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը մասնակցել է նաեւ «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը: Այսինքն՝ ՀՀ նախագահի նստավայրը, որը կազմակերպել էր այդ միջոցառումը, կարեւորել է նրա ներկայությունը: Այս հանգամանքն ուշագրավ է այն առումով, որ Ա. Զախարյանը վերջին օրերին հանդես եկավ սկանդալային հայտարարություններով՝ ասելով, թե հայ աղջիկները պետք է ազատվեն կուսության բարդույթից եւ ազատվեն դրանից: Դատելով անկախության տոնակատարությունների միջոցառման հրավերից՝ կարելի է ենթադրել, որ Ա. Զախարյանի այս հայտարարությունները ոչ միայն լայն արձագանք են ստացել, այլեւ հավանության արժանացել նախագահականում, եւ դրա համար էլ Ս. Սարգսյանի պաշտոնական ընդունելությանը հրավիրել են նաեւ նրան:
ՀԵՖԵՐՆԸ ԳՈՎԵԼ Է
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գնահատմամբ` վերջին շրջանի քաղաքացիական ակցիաների ժամանակ ոստիկանները հիմնականում դրսեւորել են հանդուրժողականություն եւ զերծ մնացել ուժային մեթոդներից: Այս մասին նա ասել է երեկ` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ: Հեֆերնը նաեւ հետաքրքրվել է որոշ ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպերով, ինչին ի պատասխան՝ Վ. Գասպարյանը ներկայացրել է միջադեպերով հարուցված քրեական գործերի քննության ընթացքն ու նման դեպքերը կանխելու նպատակով ձեռնարկվող միջոցառումները:
ՆՈՐ ՈՒԺ ԿՁԵՎԱՎՈՐԻ
«Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը պատրաստվում է նոր ուժ ձեւավորել: «Ասել եմ, որ նոր ուժ կձեւավորվի, ուրեմն կձեւավորվի, ամենաուշը մինչեւ հոկտեմբերի 10-ը, կուսակցություն չի լինելու, մնացած դետալները՝ հետո»,-NEWS.am-ին ասել է Միքայելյանը: Նա չի բացահայտել նաեւ նոր ձեւավորվող ուժի անունը. «Ամենակարեւորը՝ ուժը պետք է ուժեղ լինի, 15 օրից լրիվ պարզ կլինի ամեն ինչ»:
ՀԵՏ ԿԿԱՆՉԵՆ
ՀՅԴ-ն քննարկում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու եւ իրենց ներկայացուցչին հետ կանչելու հարցը: Սակայն մինչեւ այդ քայլին դիմելը ՀՅԴ-ն պատրաստվում է հնարավորություն տալ իշխանություններին` ընդդիմադիր ուժերի հետ քննարկելուց հետո խորհրդարանում շրջանառության մեջ դնելով ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ: ԱԺ էթիկայի հանձնաժողովում ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասաց, որ ՀՅԴ-ն առաջարկելու է, ի թիվս մի շարք դրույթների, վերանայել նաեւ էթիկայի հանձնաժողովի կազմավորման կարգը: Ա. Մինասյանի խոսքով, եթե խորհրդարանական մեծամասնությունը չընդունի ՀՅԴ խմբակցության ներկայացրած նախագիծը, ապա իրենք պարզապես կդադարեցնեն հանձնաժողովին իրենց անդամակցությունը: Հիշեցնենք, որ ԱԺ այս նստաշրջանում ՀԱԿ-ն արդեն բոյկոտել է էթիկայի հանձնաժողովի աշխատանքները: