Պետք է ներկայացնես մեղադրանք, որ օրենքը լավը չի, և պետք է փոխես. Թևան Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թվում էր, թե գոնե ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պետք է որ վերջապես վերանայվի բանակում չծառայած փափկասուն երիտասարդներին բարձր պաշտոնների նշանակելու քաղաքականությունը: Ցավոք, վերջին նշանակումները հակառակը ցույց տվեցին:

Արդյոք ապրիլյան պատերազմի հաջորդող օրերին բոցաշունչ ելույթներ ունեցող ԱԺ պատգամավորները չեն պատրաստվում այս առնչությամբ որեւէ օրենսդրական նախագծով հանդես գալ` փորձելով խնդրին նոր կարգավորում տալ: Այս հարցը փորձեցինք պարզել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանից:

-Պարո՛ն Պողոսյան, ինչպես եք վերաբերվում այն իրողությանը, որ մեզանում շարունակում են բարձր պաշտոնների նշանակել բանակում չծառայած անձանց: Չեք կարծում, որ պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում այս հարցում պետք է փոքր-ինչ այլ քաղաքականություն տարվեր:

-Եթե ցանկանում ենք երկիր ստեղծել, որտեղ օրենքը հարգվում է, օրենքը կատարվում է, կյանքի է կոչվում, այն, ինչ օրենքով թույլատրված է, դրան չես կարող մեղադրանք ներկայացնել, պետք է ներկայացնես մեղադրանք, որ օրենքը լավը չի, եւ պետք է փոխես: Բայց եթե դու չունես որեւէ փաստ՝ մեղադրելու, որ այդտեղ եղել է այլ կոռուպցիոն ռիսկերի խնդիրներ, այդտեղ պետք է հարգես անմեղության կանխավարկածը: Մենք երկու տարի առաջ դրա շուրջ փորձեցինք նախագծով առաջ գնալ, բայց քաղաքական իրավիճակը այնպիսին է, որ մարդիկ փորձում են այլ արգոմենտներով բերել խնդիրներ, հետո, երբ որ ստացվում է այլ արդյունք, էլ չեն ցանկանում վերադառնալ դրան՝ ասելով, որ գիտությունն է տուժելու: Ինչու ենք ի սկզբանե ձեւավորել մի իրավիճակ, որտեղ կա մոտեցումը, թե ծառայած երիտասարդն այլեւս գիտությամբ չի ցանկանա զբաղվել: Ես դրան համաձայն չեմ: Եթե գիտությանը նպաստեք, ֆինանսավորեք գիտությունը, գումարներ հատկացնեք, կտեսնեք՝ ոնց են իրական մարդիկ, ովքեր գիտությամբ են ցանկանում զբաղվել, ունեն այդ ունակություններն ու պոտենցիալը, եւ դա իրենց տեսլականն է, ոնց են իրենք զբաղվելու եւ անելու:

-Դուք՝ որպես ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, այս կապակցությամբ չեք պատրաստովում որեւէ կարգավորող օրինագիծ ներկայացնել:

-Հիմա կառավարությունը մշակում է, կբերի տարբերակը, ասել են մեկ ամսից, բայց մեկ ամսից հետո արդեն երկրորդ ամիսն է անցնում… վերջին նորությունները լսեցինք, որ փորձել են առաջին նախագիծը կառավարությունում քննարկել, եղել են կարծիքներ, որ լավը չի, ուղարկել են մեկ շաբաթ վերամշակելու համար, մեկ շաբաթից կներկայացնեն, կտեսնենք, ցավում եմ, որ այսքան ձգձգվում է: Եւ հուսով եմ, որ նախագիծը երբ որ լինի, այսպես թե այնպես, գալու է Ազգային ժողով, եւ բացի դրանից՝ նաեւ կարող են հրավերներ անել քննարկման համար, ինչպես որ խոստացել են: Իսկ եթե նախագիծը մտավ Ազգային ժողով, ապա ցանկացած պատգամավոր իրավունք է ունենալու քննարկել լիագումարի նիստին, հանձնաժողովի նիստին եւ այդպես քննարկումները կգնան:

Արփինե Թովմասյան




Լրահոս