Հարկային մարմինները որոշակի ստուգումներ էին անցկացրել «Հրազդան» մարզադաշտում և գրանցված խախտումների պատճառով ընկերությանը տուգանել էին 60 միլիոն դրամով:
«Մեր ընկերությունը 2009 թվականից մինչև 2014 թվական տեղի ունեցած պլանային ստուգումներում տարեկան մեկ միլիարդ հասույթ էր ունենում, որից տարեկան հինգ միլիոնը հարկեր են վճարվել պետական բյուջե:
Խախտումներ չէին գտնում, իսկ հետո երբ տուգանվեց, պատճառը դարձավ երրորդ անձանց կողմից տրված բացատրությունները», -նկատեց «Հրազդան» մարզադաշտի տնօրեն Գագիկ Ժամհարյանը:
Օրերս առաջին ատյանում կայացել էր դատավճիռ, համաձայն որի տուգանքը համարվել է անհիմն:
Ժամհարյանն ասում է, որ իրենք ներկայացրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի հարկային մարմինները վերանայեն, սակայն նրանք մերժել են` ասելով, որ քրեական գործը դեռ շարունակվում է:
Նա նշեց, որ խնդիրը ոչ թե գումարի չափի մեջ է, այլ պատվի հարց.«Մենք ամեն տարի վճարումները ճիշտ կատարել ենք, որևէ խախտում չի գրանցվել ու երրորդ անձի ցուցմունքով մեզ տուգանում են»:
Հրազդան մարզադաշտի տնօրենը ցավով է արձանագրում փաստը, որ մի ընկերություն, որը ժամանակին զբաղվում էր բարեգործությամբ, վճարումներ կատարում պետբյուջե, այժմ ճանաչվել է սնանկ և ունի պարտքեր դատական քաշքշուկների պատճառով:
Լիլիթ Շաբոյան