ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԾԵԼ Է ՈՏՔԸ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում արտառոց դեպք է տեղի ունեցել: Երբ դատարանը Մաստար գյուղի բնակիչ Խաչիկ Հակոբյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման, դատավճիռը լսելուց հետո ամբաստանյալը կռիվ է սարքել դատարանի դահլիճում: Նա չի ցանկացել ենթարկվել իրեն ուղեկցող ոստիկաններին՝ ամեն կերպ փորձելով փախչել դատարանի դահլիճից: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցեցին, որ Խաչիկ Հակոբյանը, ի նշան իր նկատմամբ կայացված անարդար վճռի, կծել է իրեն ուղեկցող ոստիկաններից մեկի ոտքը: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից երեկ հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ քննություն է կատարվում:

ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ
ՀՀ Սյունիքի մարզի Իշխանասար համայնքից արդեն երկու տարի է, ինչ ընտանիքներ են հեռանում: Համայնքապետ Արարատ Պետրոսյանի խոսքով՝ պատճառը սոցիալապես վատ պայմաններն են ու աշխատատեղերի չլինելը: Իշխանասարում այս պահին ապրում է 70 ընտանիք, իսկ դպրոցի աշակերտների թիվը 18-ն է: «Ընտանիքներով հեռանում են, մնան ի՞նչ անեն:  Անցյալ տարի  ավելի քան 5 ընտանիք հեռացավ, իսկ այս տարի՝ 3»,-ափսոսանքով նկատեց համայնքապետը: Գյուղացիների եկամտի միակ աղբյուրը անասնապահությունն է. «Այլ եկամուտ չկա: Գոնե դրանով կարողանում են իրենց փոքր-ինչ ապահովել»: Պետրոսյանի խոսքով՝ գյուղում խնդիրները շատ են, մանկապարտեզի եւ մշակույթի տան շենք չկա. «Բացի այս, ամառային արոտավայրեր ունենք, որտեղ արդեն 20 տարի է, ինչ ջուր չկա: Եվ գյուղացիներն էլ ստիպված այդտեղ են արածեցնում իրենց անասուններին»:

ԹԱՆԿԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՎ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ ստեղծել է հանձնաժողով, որը զբաղվելու է տրանսպորտի ուղեվարձի թանկացման խնդրով: Հանձնաժողովը քննարկելու է Երեւանի ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձի ձեւավորման, այդ թվում` չափորոշիչների, հաշվարկների եւ դրանց առնչվող այլ հարցերի, ինչպես նաեւ վարձի կիրառման մեխանիզմները եւ համապատասխան առաջարկություններ կներկայացնի քաղաքապետին: Այսպիսով՝ Տարոն Մարգարյանն ու իր սիրելի քաղաքային իշխանիկները Սերժ Սարգսյանի «քավորությամբ» քայլ առ քայլ հասնում են մայրաքաղաքում տրանսպորտի գնի բարձրացման: Ու եթե ամիսներ առաջ Տարոն Մարգարյանն «ինքնագլուխ» էր որոշել մայրաքաղաքային տրանսպորտի ուղեվարձը 100-ից դարձնել 150 դրամ, ապա հիմա չի բացառվում, որ գործարարների «համազգային ողբից» հետո տրանսպորտի գինը դառնա միանգամից 200 դրամ: Ու դեռ երանի կտանք 150 դրամներին:




Լրահոս