Վերջին շրջանում ինչքան թափուր պաշտոնի մասին խոսակցություններ են ծավալվում, որպես հավանական փոխարինող՝ գրեթե ամենուր շոշափվում է ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի անունը: Բայց ոչ թե նրա պրոֆեսիոնալ ունակությունների պատճառով, այլ հզոր քեռու՝ Միքայել Հարությունյանի միջնորդությամբ, որը, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի մանկության ընկերն է:
Թե որքանով Հարությունյանին կհաջողվի «առաջ տանել» Մ. Պողոսյանին, ապագան ցույց կտա, բայց փաստ է, որ Պողոսյանի կենսագրությունն առանձնապես անբիծ չէ: Ու առնվազն տարօրինակ է, որ նման մարդիկ դեռ հավակնում են առավել պատասխանատու դիրք զբաղեցնել: Ինչո՞ւ ենք հիշել Մ. Պողոսյանին, որովհետեւ նրա հետ տեղի ունեցածը ամենացցուն օրինակն էր, թե ինչպես չի կարելի աշխատել պետական պաշտոնում:
Հիշո՞ւմ եք, 2010թ. Ս. Սարգսյանի հրամանով ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը պաշտոնանկ արվեց: Ու պատճառը ոչ թե այն էր, որ նա վատ նախարար էր, այլ պարզապես «Քեթրինի Միհրան» անունով հայտնի Միհրան Պողոսյանը «փորեց Դանիելյանի ոտքի տակը»:
Դեռեւս այդ օրերին հրապարակվեց, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ պետ Մ. Պողոսյանը ծեծի էր ենթարկել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի քեռուն` ԴԱՀԿ ծառայության գնդապետ Ռուբեն Միրաքյանին, եւ ազատել պաշտոնից: Այս միջադեպի մասին տեղեկությունը հասել էր արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, որը, իմանալով Մ. Պողոսյանի եւ Ս. Սարգսյանի ջերմ կապերի մասին, սահմանափակվել էր միայն բանավոր նկատողությամբ: Այնուհետեւ Մ. Պողոսյանը ստացել էր նաեւ ծառայողական քննության արդյունքում կազմված կարգապահական տույժ: Ասել է թե՝ նախարարն արել էր այն, ինչ իրեն վերապահված էր օրենքով: Բանն այն է, որ ԴԱՀԿ պետին աշխատանքից ազատելու իրավասություն ունի միայն ՀՀ նախագահը:
Բայց քանի որ մեր երկրում «խիյարը միշտ թարս է բուսնում», պաշտոնյային անվայել պահվածքի, լկտիության համար Ս. Սարգսյանն աշխատանքից ազատեց ոչ թե Մ. Պողոսյանին, այլ նրա վերադաս Գ. Դանիելյանին: Իհարկե, այս վերջաբանին հասնելու համար իր բաժին աշխատանքը կատարեց նաեւ ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, որը չէր կարողանում հաշտվել Դանիելյանին նախարարի կարգավիճակում տեսնելու մտքի հետ:
Ինչեւէ, թվում էր, որ այս խայտառակ պատմությունից հետո, երբ ՀՀ-ում արդարադատության նոր նախարար նշանակվեց, պետք է «հիվանդացած» արդարադատությունը վերականգնվեր, եւ Մ. Պողոսյանը գոնե ազատվեր աշխատանքից: Բայց ոչ: Նա շարունակում է վայելել իր պաշտոնը, ավելին, մեքենան կանգնեցնում է գործող նախարար Հրայր Թովմասյանի մեքենայի տեղում՝ իրեն զգալով մեր երկրի «արդարադատության կնքահայր»:
Ու այսքանից հետո առնվազն տարօրինակ է, որ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված, բայց չստացված մահափորձի գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը խեղճ էպոսագետ Վարդան Սեդրակյանին դատապարտեց 14 տարվա ազատազրկման: Առավել տարակուսելի էր, որ էպոսագետի «կաֆելչիկները» դաժան պատիժ ստացան. Խաչատուր Պողոսյանը՝ 14, Սամվել Հարությունյանը՝ 12 տարվա ազատազրկում:
Տարօրինակ էր նաեւ, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան դիմաց սպանված Ավետիք Բուդաղյանի կյանքի համար որեւէ մեկը պատասխանատվություն չկրեց: Ստացվում է, որ մեր երկրում կարելի է սպանել՝ մնալ անպատիժ, ծեծել՝ արժանանալ բարձր պաշտոնի՝ առավել մեծ հավակնություններով, իսկ մահափորձ պատվիրելու թեմայով կատակի համար արժանանալ 14 տարվա բանտարկության: Ահա քեզ ապահով Հայաստան:
ԴԱՀԿ-Ի ԱՆՊԱՏԻԺ ՊԵՏԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸք
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ