«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» դիզվառելիքի գողության գործը մտավ դատարան: Ինչպես հայտնի է՝ 2015 թվականին մայիսի 26-ին կոմբինատի աշխատակիցներից երկուսը կալանավորվել էին այն բանի համար, որ կոմբինատի փաստաթղթեր կեղծելով՝ դիզվառելիք էին գողացել: Այս գործով կալանավորվել էին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ավագ երթակարգավար Գոռ Ստեփանյանը եւ ընկերության վառելիքաքսայուղերի ծառայության ղեկավար Կարեն Եդիգարյանը: Այս բացահայտումներից հետո աշխատանքից ազատվեց Կապանի ոստիկանապետի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը:
Իսկ ինչն էր եղել նրան աշխատանքից հեռացման պատճառը: Ըստ տեղեկությունների` Կապանի ոստիկանապետի տեղակալ Հովհաննիսյանը դիզվառելիքի գողության գործով անցնող վկաների նկատմամբ ճնշում է գործադրել` ստիպելով նրանց, որ այս գործով կոմբինատի ավտոկայանատեղի պատասխանատու Կարեն Ենդիգարյանի անունը չտան, այլ հայտնեն նրա աշխատակիցներից Գոռ Ստեփանյանի անունը: Սակայն վկաներն առերեսման ժամանակ խոստովանել էին իրենց նկատմամբ իրականացված ճնշումների մասին: Արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր 309-րդ հոդվածի` պաշտոնեական լիազորությունները անցնելու հատկանիշներով, փոխոստիկանապետի դեմ:
Ինչպես պարզեցինք՝ 2016 թվականի մայիսի 15-ին այս գործը մտել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, եւ Գոռ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ԶՊՄԿ ՓԲԸ-ում որպես ավագ երթակարգավար, նախնական համաձայնության գալով նույն ընկերության վառելիքաքսայուղերի ծառայության ղեկավար Կարեն Եդիգարյանի հետ` կեղծել է փաստաթղթեր եւ ընկերությանը պատճառել առանձնապես խոշոր չափերի՝ 70 միլիոն 263 հազար 720 դրամի (բենզինի եւ դիզելային) վնաս:
Այժմ ընթանում են գործով դատական նիստերը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ընթացող դատական նիստերը շարունակում են լարված ընթանալ: Երեկ հայտնի դարձավ, որ դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Վահագն Դանիելյանը հայտարարել է, թե իրեն անհիմն են մեղադրում, ինքը առողջական խնդիր ունի: Նշենք, որ Վ. Դանիելյանը մեղադրվում է ավազակային հարձակման մեջ: Եվ, ահա, վերջինս դատարանում փորձել է հարձակվել տուժողի վրա, սակայն դատարանի կարգադրիչներն ու ոստիկանները կարողացել են կանխել նրա քայլերը:
Նկատենք, որ 2016 թվականի մայիսի 25-ին Գագիկ Պողոսյանի նախագահությամբ գործող դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Գարիկ Բաբախանյանը կրակայրիչով վնասել է ձախ ձեռքի դաստակը, հարձակվել ոստիկանների վրա, հայհոյել:
Ք.Մ.