ԱՄՆ-Ռուսաստան համագործակցությունն ու բանակցային տեղապտույտը. ինչ սպասել նախագահների այսօրվա հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախյան հակամարտության կարգավորման հերթական «ճակատամարտը» նախատեսված է այսօր, երբ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կհանդիպեն Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը: Հանդիպման նշանակությունը անհնար է գերագնահատել թեկուզ այն պատճառով, որ հայկական կողմը դրան հարկադրված է մասնակցում: Հարկ է կետ առ կետ վերաիմաստավորել ապրիլյան պատերազմից հետո իրադարձությունների զարգացման տրամաբանությունը` հասկանալու համար, թե ինչպե՞ս հերթական անգամ հայտնվեցինք խաղից դուրս վիճակում:

Դեռեւս ապրիլյան պատերազմից հետո Լավրովի կողմից վերաձեւված կազանյան փաստաթուղթը մերժելիս Սերժ Սարգսյանը խոսեց հայկական կողմի երեք նախապայմանների մասին. հասցեական գնահատականներ, հետաքննության մեխանիզմների ներդրում եւ ուժի կիրառման բացառում: Սարգսյանը հրապարակավ քանիցս հայտարարեց, որ եթե այս ամենը ապահովված չէ, Հայաստանը բանակցային սեղանին նստել չի կարող:

Հիշարժան է, որ ՌԴ ԱԳ նախարարը Երեւանում ստացած մերժումից հետո գնդակը շտապեց նետել արեւմտյան աշխարհամաս` հարցի կարգավորումը դիվանագիտորեն հանձնելով ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Գերմանիային: Արեւմուտքն էլ վերցրեց իրեն նետված ձեռնոցը: ԱՄՆ պետքարտուղար Քերրի նախաձեռնությամբ կայացավ Վիեննայի հանդիպումը, որին չմասնակցելու կարողություն Սերժ Սարգսյանը չունեցավ: Հետաքրքիր է, որ կոնկրետ այդ փուլում Սարգսյանն ունակ եղավ ռուսներին ոչ ասելու, իսկ ահա ամերիկացիների առաջ չդիմացավ:

Վիեննայում, թվում է, հայկական կողմը հաջողություններ արձանագրեց: Տեսագրություններից ակնհայտ էր, որ Ալիեւի համար հանդիպումը հաճելի մթնոլորտում չէր անցնում: Ավելին` Սերժ Սարգսյանը տեսախցիկների առաջ իրեն պահում էր այնպես, կարծես Ադրբեջանին կապիտուլյացիա էր պարտադրվել: Իրերի նման դրության մեջ նվազ դեր չխաղաց նաեւ Լավրովի` Սերժ Սրագսյանի կողքին նստելը, որից հայկական իշխանական քարոզչամեքենան մի արտակարգ իրադարձություն սարքեց:
Ավելի հետաքրքիր է, որ Վիեննայից առաջ Սերժ Սարգսյանի երեք նախապայմանները չէին բավարարվել:

Սա հրաշալիորեն հասկանալով` իշխանությունները մի բլեֆ նետեցին, թե իբր Վիեննայում ոչ թե բանակցություններ են ընթացել, այլ կայացել է սոսկ հանդիպում` նախապայմանների բավարարման ուղղությամբ: Չենք բացառում, որ հայկական կողմին նման հավաստիացումներ տրված լինեին, քանզի Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները կարող էին մեկնաբանվել որպես հայկական նախապայմանների բավարարում: Առավել ուշագրավ էր Սերժ Սարգսյանի կեցվածքը մայիսի 16-ից հետո, երբ նա օդանավում հայտարարեց, որ Վիեննայի պայմանավորվածությունները պիտի իրականություն դառնան մինչեւ հունիսի հանդիպումը:

Այսօր, եթե ուժի չկիրառման հարցում ինչ-որ առաջընթաց կա, այն էլ պայմանավորված արտաքին ուժային կենտրոնների կոնսենսուսով եւ ոչ երբեք հայկական նախապայմանների փաստով, ապա ո՛չ հասցեական գնահատակնները, ո՛չ էլ առավել եւս շփման գծում հետաքննող մեխանիզմների ներդրումը իրականություն չդարձան: Պատմությունը ցույց է տալիս, որ եթե նման գաղափարները հապճեպորեն չեն գործարկվում, դրանք հետագայում այլեւս մոռացության են մատնվում: Պատճառաբանությունը, թե իբր դրանք ներդնելու համար մեծ ֆինանսական միջոցներ են պահանջվում, ուղղակի քննադատության չի դիմանում: Եթե նույնիսկ ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Ֆրանսիան ու Մինսկի խմբի մնացած 6 երկրները այդքան աղքատ են, արդյո՞ք Սերժ Սարգսյանն ու նրա օլիգարխիան չունեն այդ ֆինանսական միջոցները, որոնց ներդրմամբ հսկայական նշանակության խնդիրներ կկարգավորվեն:

Ինչեւէ, իրադարձությունների ընթացքը թույլ է տալիս նկատել, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը հայանպաստ համարել չենք կարող: Խիստ հատկանշական է այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիպման պատասխանատվությունը պաշտոնապես թողել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի վրա: Վերջինս հերթական անգամ միանձնյա դերակատրություն է ստանձնում ԼՂ հարցի կարգավորման գործում: Սա անչափ ռիսկային ու մտահոգիչ իրավիճակ է ստեղծում, երբ հաշվի ենք առնում ռուս-հայկական հարաբերությունների ցածր մակարդակն ու դրա փոխարեն Ադրբեջանի հետ ռազմավարական ու դաշնակցային աստիճանի վերաճող համագործակցությունը:

ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների եւ ընդհանրապես այդ երկրի վերջին տարիների արտաքին քաղաքականության առաջնահերթությունները սկսել են ավելի շատ համընկնել Ադրբեջանի շահերին, ինչը նվազագույնը պիտի մտահոգեր հայաստանյան իշխանություններին: Սակայն այսօր Հայաստանը կրկին առաջնորդվում է հին գործելակերպով, երբ միջազգային վտանգավոր միտումները հետեւողականորեն արհամարհվում են` ողջ երկիրն ու նրա քաղաքացիների անվտանգությունը դնելով աշխարհաքաղաքական կենտրոնների զոհասեղանին:

Իրավիճակի յուրահատկությունն այն է, որ միջազգային ասպարեզում Հայաստանը հայտարարություններ է անում, որոնց հանդեպ պատասխանատվություն չի ցուցաբերվում: Ի՞նչ իմաստ ուներ ողջ աշխարհով աղաղակել, որ մենք բանակցությունների չենք գնա, եթե 3 կետերը չկատարվեն, իսկ դրան հակառակ, օրեր անց գլխիկոր շտապել Վիեննա: Եթե Սերժ Սարգսյանն այդքան ուժ չունի ամերիկացիների ու ռուսների ճնշումներին դիմանալու, ուրեմն ավելի լավ է որեւէ բան չհայտարարի: Այլապես ստացվում է, որ Հայաստանն իրենից ներկայացնում է անվստահելի մի երկիր, որի հայտարարությունները գրոշի արժեք չունեն: Մի՞թե տասնամյակներով բանակցություններ վարողները չգուշակեցին, որ ամերիկացիները, կազմակերպելով Վիեննայի հանդիպումը, վերականգնեցին հակամարտության բանակցային ֆորմատն ու այն կրկին վերադարձրին դրա իրական «տիրոջը»` Ռուսաստանին:

Թե՞ կարծում էինք, որ այն օրերի Քերրի-Լավրով գրեթե ամենօրյա շփումներում ԼՂ հարցի քննարկումը Հայաստանի կապույտ երկնքի պատվին էր տեղի ունենում: Ռուսաստանը խափանեց բանակցությունները` Ադրբեջանի համար տարածքներ նվաճելու հնարավորություն ստեղծելով, սակայն մեծ խաղի ամբողջական իրացման անհնարինությունը ռուսներին կրկին հասցրեց ամերիկացիների դուռը, որոնք էլ արեցին իրենց գործը` հակամարտությունը վերադարձնելով Ռուսաստանի գիրկը եւ մեզ գլորելով հին տեղապտույտի հորձանուտը:

Ն. Հովսեփյան




Լրահոս