«ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ» ՉԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ ՆՊԱՏԱԿԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ դեռ 2008թ. Հայաստանում սկսեցին «Մայրության դպրոցներ» հիմնել, թե՛ ծրագրի նախաձեռնողները (ՀՀ առողջապահության նախարարություն), թե՛ ֆինանսավորողները (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (ՄԶԳ)), թե՛ շահառուները (հղի կանայք) լիահույս էին, որ այն ծառայելու է նպատակին: Սակայն ընդամենը հինգ տարի անց միայն նախաձեռնողի՝ ԱՆ-ի հույսն է, որ չի մարել. նրանք շարունակում են հավատալ ծրագրի արդյունավետությանը, որակին եւ նպատակայնությանը՝ անկախ տխուր իրականությունից:
Հիշեցնենք, որ 2008-ից մինչ օրս ՀՀ բուժհաստատություններին, մասնավորապես ծննդատներին կից 20 մայրության դպրոց է հիմնվել: ԱՄՆ ՄԶԳ-ն ֆինանսավորել է, իսկ ՀՀ ԱՆ-ն կազմել ծրագիր` ռազմավարություն եւ մեթոդներ, ինչպես նաեւ աջակցել մասնագետների վերապատրաստմանը:
«Մայրության դպրոցներ» կոչվող հաստատությունների նպատակը ապագա մայրերին ծննդաբերությանը հոգեբանորեն նախապատրաստելն է ու մոր եւ մանկան խնամքի նրբությունները սովորեցնելը: Թեեւ այս հաստատությունները հիմնվել են Երեւանում ու ՀՀ բոլոր մարզերում, այդուհանդերձ, որեւէ տեղեկություն չկա, թե ինչ պարբերականությամբ եւ քանի ապագա մայր է հաճախել նշյալ հաստատություններ, այլ խոսքով՝ հայտնի չէ, թե որքան է նման հաստատությունների գործունեության արդյունավետությունը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հատկապես մարզերում փափուկ բարձերով գունավոր այս սենյակներն իրենց հարմարավետությունն ու առանձնահատկությունն ընդհանրապես չեն ծառայեցնում ի շահ ապագա մայրերի: Իսկ այս դպրոցների վերահսկողությունը, ինչպես բազմիցս նշել են ծրագիրը ֆինանսավորողները, ԱՆ-ի գործառույթն է, քանի որ ծրագիրը նախաձեռնվել է վերջինիս առաջարկով:
Ի՞նչ վիճակում են ներկայումս «Մայրության դպրոցները» եւ արդյո՞ք գործում են. այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ԱՆ մայրության եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի հետ:
«Գուցե երբեմն բուժհաստատություններում՝ իրենց փաստաթղթերում գրանցված տվյալները, թե ինչ այցելություններ եւ ինչ պարբերականությամբ են իրականացվել, չեն համապատասխանում իրականությանը, բայց հիմնականում կատարվող աշխատանք կա: Բոլոր 20 կահավորված սենյակներում դասապրոցեսներն իրականացվում են հավուր պատշաճի»,-վստահեցրեց Գ. Ավագյանը: Բայց երբ նշեցինք, թե ստույգ տեղեկություններ ունենք այն մասին, որ մարզերում գտնվող այս շքեղ կահավորված դպրոցների մեծամասնությունում դասավանդման որեւէ ծրագիր չի ընթանում, նախարարության աշխատակիցն ասաց. «Գուցե բժիշկն անհատական եղանակո՞վ է այցելուին՝ ապագա մայրիկին, բացատրում` ինչ ուտել, ինչպես հետեւել իրեն եւ այլն»:
Այս կապակցությամբ հարկ է ընդգծել, որ ԱՄՆ ՄԶԳ «Մայրության դպրոցներ» ծրագրի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Վարդանյանը բազմիցս ներկայացրել է, որ ծրագրի առանձնահատկություններից է ապագա մայրերի ուսուցման պրոցեսը խմբակային մեթոդով իրականացնելը՝ շեշտադրելով հոգեբանական համապատասխան ազդեցություն գործելու հանգամանքը` նաեւ համապատասխան կահավորանքի եւ միջավայրի օգտագործմամբ:
«Մեր կազմակերպության կողմից «Մայրության դպրոցների» սենյակներին տրամադրվել է կահույք, գրականություն, վերապատրաստվել են բժիշկներ: Ջանացել ենք, որ բժիշկ-այցելու շփումը չսահմանափակվի սեղանի տարբեր անկյուններում նստած հարցուպատասխանով»,-նշել է Մ. Վարդանյանը:
Ինչպես փոխանցում են մարզային ծննդատների գործունեությանը քաջատեղյակ մեր աղբյուրներն ու «Մայրության դպրոցների» մի քանի շահառուներ, երբ ԱՄՆ ՄԶԳ-ի ներկայացուցիչները գնում են այցելության, բժիշկները հավաքում են կանանց, ինչ-որ մատյաններ են լրացնում, վազվզում այս ու այն կողմ: Սակայն երբ հյուրերը հեռանում են, գունավոր փափուկ կահույքով սենյակներն ամայանում են: Եվ որքան էլ ԱՆ-ից փորձեն հավաստիացնել, թե դպրոցները գործում են, ակնհայտ է, որ ծրագիրը, որի համար տրամադրվել են ոչ փոքր միջոցներ, իրականում արդյունավետ չէ:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս