ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍՐԲԱԶԱՆԸ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐԻ՝ «ԷՍՏԻ՛ ՀԱՄԵՑԵՔ» ԱՍԵՆ
Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովայի փողոցում ավետարանչականները 2010-ին հողատարածք էին գնել մարզամշակութային կենտրոն եւ եկեղեցի կառուցելու նպատակով: Սակայն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը միանշանակ դեմ էր այդ ձեռնարկմանը: Սրբազան հայրը դեռ 3 տարի առաջ հստակ արտահայտել էր իր ու թեմի կեցվածքը խնդրի շուրջ: «Ու հիմա էլ Շիրակի թեմը նույն դիրքորոշմանն է,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա վերահաստատեց իր կարծիքը՝ հավելելով,-Գյումրիում զանազան մանր-մունր գործողություններ ծավալում էին, բայց  դրանով չբավարարվելով՝ հիմա էլ ուզում են սեփական եկեղեցին ունենալ. գնել են տարածք քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում ու պատրաստվում են կառուցել մարզամշակութային կենտրոն ու կից ժողովարան, որ մի լավ «էստի՛ համեցեք» ասեն»: Սրբազան հոր խոսքով՝ ավետարանչականների նպատակը հոգեորսությունն է, ու Շիրակի թեմը տրամադրված է մինչեւ վերջ ընդդիմանալ ու արգելել այդ նախագիծն իրականացնել:
Նշենք, որ Ավետարանչական եկեղեցի կառուցելու համար 2010-ին հողահատկացումը կատարել է Գյումրու քաղաքապետարանը Վարդան Ղուկասյանի օրոք: Խնդրի առնչությամբ դիմեցինք Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանին, որն ասաց. «Քաղաքապետարանը հերթով անդրադառնում է Վ. Ղուկասյանի թողած գործերին եւ առաջիկայում դա էլ կուսումնասիրի»:

ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է
Պարզվում է, որ 2013թ. հունվար-հուլիս ամիսների սուր շնչառական վարակների արձանագրված դեպքերի քանակը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ըստ ԱՎԾ տվյալների՝ վերին շնչուղիների սուր վարակների արձանագրված դեպքերի քանակը 2013թ. հունվար-հուլիսին կազմել է 115 հազար 105, իսկ 2012թ. նույն ժամանակահատվածում՝ 67,064:  Նկատենք, որ 2013թ. հունվար-հուլիսին գրիպի արձանագրված դեպքերի քանակը կազմել է 64, իսկ 2012թ. նույն ժամանակահատվածում գրիպի արձանագրված դեպքեր չեն եղել: Ամեն դեպքում, ԱՎԾ-ի համապատասխան կայքէջում գրանցված չկա:  «Ժողովուրդ»-ը ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանից հետաքրքրվեց, թե այս օրերին, եղանակի փոփոխության հետ կապված, սուր շնչառական վարակների աճ կա, թե ոչ. «Առանձնապես աճ չունենք: Դեռ որեւէ աճ չենք դիտարկել: Իր բնական ընթացքի մեջ է: Անհանգստացնող որեւէ բան չկա»:




Լրահոս