ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄՐՑՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՆԻՆԵՐՆ ՈՒ ԱՂՋԻԿՆԵՐԸ
Ինչպես հայտնում է armchess.am-ը, Հայաստանի 26 ներկայացուցիչներ կմասնակցեն սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 8-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացվելիք Եվրոպայի մինչեւ 8, 10, 12, 14, 16, 18 տարեկան պատանիների եւ աղջիկների առաջնություններին: Սկզբում կընթանան կայծակնային եւ արագ խաղի մրցաշարերը,  ապա կանցկացվի դասական շախմատի առաջնությունը:
Իսկ ահա Թուրքիայի Խոջաելի քաղաքում ընթացող աշխարհի մինչեւ 20 տարեկանների պատանիների եւ աղջիկների առաջնությունում տեղի է ունեցել 10-րդ տուրը: Սամվել Տեր-Սահակյանը հաղթել է Դուդա Ժան Կռժիշտոֆին, Վահե Բաղդասարյանը պարտվել է Գայվիլեր Գաբրիելին, իսկ Մարիա Գեւորգյանը հաղթել է Վո Թի Քիմ Պանգին։

ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԸ՝ «ՇԻՐԱԿ»-ԻՆ
Երեկ «Հանրապետական» մարզադաշտում 16-րդ անգամ վիճարկվեց հայկական ֆուտբոլի երախտավորներից մեկի` Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթը։ Մրցանակը խաղարկեցին երկրի չեմպիոն «Շիրակ»-ն ու գավաթակիր «Փյունիկ»-ը, եւ «Շիրակ»-ը հաղթեց 2:0 հաշվով:
Սուպերգավաթի խաղարկություններում սա մրցակիցների 3-րդ հանդիպումն էր: Նախորդ 2 հանդիպումներում էլ հաջողությունն ուղեկցել է «Շիրակ»-ին: Հետաքրքիրն այն է, որ մրցակիցների առաջին հանդիպումը կայացել է սուպերգավաթի անդրանիկ խաղարկությունում` 1996թ. հունիսի 9-ին «Հրազդան» մարզադաշտում: Այն ժամանակ առաջնությունն անցկացվում էր աշուն-գարուն մրցակարգով, որի ավարտից հետո էլ կայացավ պատվավոր մրցանակի առաջին խաղարկությունը: Հաղթելով 3:1 հաշվով՝ «Շիրակ»-ը դարձավ Հայաստանի առաջին սուպերգավաթակիրը:
Ֆուտբոլասերներին տեղեկացնենք, որ, մրցակարգի համաձայն, սուպերգավաթակրի տիտղոսին արժանանում են հաղթող թիմի կազմում խաղին հայտավորված 18 ֆուտբոլիստները: Նշենք նաեւ, որ հանդիպմանը չի մասնակցի փյունիկցի Գոռ Մալաքյանը, որը 4-րդ զգուշացումն է ստացել:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս