«ԴԱ ՄԵՐ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է մայրաքաղաքի հուշարձան շենքերի աղավաղման փաստերին եւ այս հարցում Երեւանի քաղաքապետարանի դրսեւորած անփութությանը: Աղճատված հուշարձանների երկար շարքում է նաեւ Դեղատան 2 հասցեի հուշարձան շենքը, որի շինարարությունը ոչ միայն վտանգում է հուշարձանի ճարտարապետական տեսքը, այլեւ հարակից շենքերի բնակիչների անդորրը: Ներկայացնում ենք Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի կարծիքն այդ շինարարության վերաբերյալ:
-Որքան ես տեղյակ եմ, բնակիչների հետ բանակցություններ են ընթանում նրանց փոխհատուցելու վերաբերյալ, սակայն դեռ համաձայնության չեն եկել։ Իհարկե, թե՛ սեփականատիրոջ, թե՛ բնակիչների համար լավ կլիներ, որ սեփականատերը վերցներ նաեւ այդ տարածքը։
-Երկու շենքն էլ՝ Դեղատան 2 եւ Դեղատան 4, մշակութային հուշարձան են համարվում, սակայն, որքան գիտեմ, պահպանական գոտի գոյություն չունի։
-Ընդհանրապես հուշարձանների կամ հուշարձանախմբերի դեպքում միջավայրի պահպանության գոտի է լինում։ Մի ժամանակ ունեինք նման նախագիծ, բայց այդ նախագիծը դժվար կիրառելի է, որովհետեւ մենք պիտի շատ համակարգված մոտեցում ունենայինք, նաեւ այդ պահպանական գոտիներին ուշադրություն դարձնեինք, սակայն դա, ցավոք, չի արվել։ Իսկ եթե դա արվեր, այսօր Հանրապետության հրապարակը չէր հայտնվի այսպիսի մասշտաբների փոփոխության մեջ, երբ որ կողքերից ամբողջ շենքերը դուրս են եկել իրենց սիլուետից։ Դա մեր անուշադրության հետեւանքն է։
-Կան հուշարձաններ, որ անվերադարձ կորել են, ոչնչացել։
-Ճիշտ եք ասում։ Բաներ կան՝ անվերադարձ կորել են։ Ես գիտեմ, որ Դեղատան 4-ի նախագիծն արվել է, մի երկու անգամ մշակույթի նախարարությունում քննարկվել է… Որպեսզի սեփականատերը պատկերացնի, որ դա հուշարձան է, ու նրան շատ ձեռք տալ չի կարելի, ուրեմն նախապես՝ մինչեւ վաճառելը, պետք է նրան բոլոր պայմանները ներկայացվեն։ Այսինքն՝ նշվում է, թե ինչ կարող է սեփականատերն անել, ինչ չի կարող անել։ Պարտադիր պետք է նշված լինի, որ եթե, ասենք, այդ հուշարձան-շենքը նաեւ բակ ունի, կարելի՞ է այնտեղ ինչ-որ բան ավելացնել, կից կառույցներ ավելացնել։ Կամ, ասենք, քանի՞ հարկանի կարող է լինել նոր շենքը… Բնական է, ով առնում է տվյալ շենքը, տարածքը, ցանկանում է, հուշարձանը պահելուց բացի, ունենալ նաեւ այդպիսի տարածքներ, օգտագործել դրանք, որ իր ամբողջ ֆինանսական ներդրումներն իրենց արդարացնեն։
-Այդ պայմանները պետք է ներկայացներ քաղաքապետարա՞նը։
-Դրանք պետք է ներկայացներ մշակույթի նախարարությունը քաղաքապետարանի ու, եթե դա պետական գույք է, պետական գույքի վարչության հետ։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս