ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՐԱՍԱՆԸ
Օրերս Բաթումի Արտհաուսային կինոյի միջազգային կինոփառատոնում «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանը` «Փարաջանով» ֆիլմի գլխավոր դերակատարման համար: «Փարաջանով»-ն ուկրաինական կինովարձույթ դուրս կգա հոկտեմբերի 3-ին: Ֆրանսիայում ֆիլմը կինովարձույթում կհայտնվի հունվարին կամ փետրվարին: Ինչպես նշել է Ավետիքյանը, ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա մինչ տարեվերջ: Իսկ մինչ այդ, ֆիլմը պաշտոնապես կներկայացվի Համբուրգի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում, որը տեղի կունենա սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում:
Հիշեցնենք նաեւ, որ «Փարաջանով»-ն Ուկրաինայի կողմից պաշտոնապես հաստատվել է «Օսկար»-ին մասնակցելու համար, այն կներկայացվի ամերիկյան կինոակադեմիայի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ
Թուրքիայում լույս է տեսել թուրք գրող, դասախոս Մուրադ Բելգեի «Հայերը գրականության մեջ» մեծ աշխատությունը: Թուրք գրողի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններով հերթական աշխատությունը նվիրված է Օսմանյան կայսրությունում ապրող հայերին: Աշխատության մեջ ներկայացված է, թե որ ժամանակաշրջանում, որ վեպում հայերն ինչ դերակատարում են ունեցել: Հեղինակը նաեւ հարց է առաջադրել, թե ինչպես եղավ, որ հասարակության մի մասը հանդիսացող հայերը թշնամի դարձան: Հարկ է նկատել, որ Մուրադ Բելգեն եղել է Հրանտ Դինքի ընկերը: Նա այն թուրք մտավորականներից է, որը գտնում է, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
ՆՈՐ ՄՈԽՐՈՏԸ
Հոլիվուդյան «Մոխրոտը» ֆիլմի նկարահանումների մեկնարկը տրված է: Disney ընկերությունը նախատեսում է այն թողարկել 2015թ. մարտին: Նկարահանման գործընթացը ղեկավարում է բրիտանացի ռեժիսոր եւ դերասան Քենեթ Բրանան: Գլխավոր հերոսուհու՝ Մոխրոտի դերը բաժին է հասել Լիլի Ջեյմսին, Ռիչարդ Մեդենը կդառնա արքայազն, Քեյթ Բլանշեթը կլինի Մոխրոտի խորթ մոր, իսկ Հելենա Բոնեմ Քարթերը՝ նրա փերի կնքամոր դերում: