ՀԱՐՑ. Ո՞ր դեպքերում համապատասխան կառույցը կարող է մերժել ինքնակամ կառույցի օրինական ճանաչումը:
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետը նվիրված է ինքնակամ կառույցի օրինական ճանաչումը մերժելու հիմքերին: «Ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական, եթե կառույցը պահպանելը խախտում է այլ անձանց իրավունքները եւ օրինական շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաեւ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով եւ առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք»: Ինքնակամ կառույցի օրինական ճանաչման դիմումի մերժումը պետք է հիմնավորված լինի օրենքի այս պահանջներից որեւէ մեկով կամ մի քանիսով, հակառակ դեպքում մերժումն անօրինական է:
խորհրդատվության գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր է, պատասխանում խոսվում է այն մասին, որ ինքնակամ կառույցի պահպանումը կարող է խախտել այլ անձանց իրավունքները եւ անգամ վտանգավոր լինել քաղաքացիների կյանքի համար: Բայց, ինչպես տեսնում ենք` շրջելով մայրաքաղաքի փողոցներում, բացարձակ քայլեր չեն ձեռնարկվում նման անիմաստ կառույցների քանդման համար: Վերջերս էլ մեծ աղմուկ բարձրացավ Կոմիտասի 5 հասցեում կառուցվող շենքի առթիվ, երբ հազարավոր քաղաքացիներ բողոքեցին: Սակայն արդյունքում, ինչպես միշտ, քաղաքային իշխանություններն արեցին այն, ինչ ուզում էին: