Տեւական ժամանակ է` «Դժբախտ երջանկություն», «Ճակատագրի գերիներ», «Այսպես էլ ապրում ենք», «Կարուսել», «Ընտանեկան իրավիճակներ» եւ այլ հեռուստասերիալներից, «Մեր բակը 2», «Երեք ընկեր», «Տաքսի, էլի լավա» եւ այլ ֆիլմերից հայտնի դերասանուհի եւ վերջապես «Կարգին սերիալ»-ի սիրելի կերպարներից մեկը` տիկին Ջեմման, նույն ինքը` Ժենյա Մկրտումյանը, էկրաններին չի երեւում: Վերջին շրջանում նրան տեսանք միայն «Սիրո գործակից» ռոմանտիկ կատակերգությունում եւ «Առաջին դեմք» ֆիլմում, ոչ այնքան կենտրոնական կերպարներում: Ուստի հեռուստադիտողները սկսել են անհանգստանալ եւ հետաքրքրվում են` որտեղ է տիկին Ժենյան եւ ինչով է այժմ զբաղված:
Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ինքը հանդես է գալիս «Վանա կատու» անունը կրող ներկայացման մեջ, որը բեմադրվել է սիրված դերասան Կարեն Ջանիբեկյանի կնոջ` դրամատուրգ Լիանա Անթառանյանի հեղինակած ստեղծագործության հիման վրա: «Մի քանի օրից այս ներկայացմամբ մեկնելու ենք Սիսիան: Նշեմ, որ դրա շրջանակում ընդգրկված դերասանների թվում են Արա Սարգսյանը եւ հենց ինքը` Լիանան»,-մանրամասնեց նա:
Տիկին Ժենյայի խոսքով` ինքը նախորդ ամառ շատ ավելի մեծ զբաղվածություն ուներ ե՛ւ ներկայացումներում, ե՛ւ ֆիլմերում, սակայն նույնը չի կարող ասել այս տարվա մասին: Հումորային սերիալների սիրված դեմքը խոստովանեց, որ նմանատիպ նախագծերից հրավերներ չկան, միեւնույն ժամանակ, ինքն էլ նման ցանկություն չունի. «Հիմա մի քիչ պասիվացել եմ, հանգստի կարիք ունեմ, ինձ վերականգնվել է պետք»,-ասաց նա:
Մեր այն հարցին, թե Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհուն վերանորոգումից հետո արդյոք կտեսնենք մայր թատրոնի բեմում, վերջինս տվեց դրական պատասխան:
Մենք տեւական ժամանակ Ֆրանսիայում բնակություն հաստատած երգչուհի ՄայաՄարգարյանի մայրիկից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է դուստրը, արդյոք տատիկը հասցրել է հանդիպել թոռնիկին. «Նա լավ է, թոռնիկս արդեն 3 տարեկան է, Մայան ուզում է, որ այս ամառ այցելեմ իրենց, տեսնենք` ինչպես կստացվի»,-եզրափակեց տիկին Ժենյան:
Աննա Բաբաջանյան