Armenian text to speach

ՌԴ-ին ձեռնտու չէ, որ ՀՀ-ն ազգային ավիափոխադրող ունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի կարծիքով կառավարության կողմից հայտարարված բաց երկնքի քաղաքականությունը բլեֆ է, քանի որ մեր երկինքը երբեք էլ փակ չի եղել: Ավիացիայի ոլորտի հետ կապված այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Շահեն Պետրոսյանի հետ:

-Պարո՛ն Պետրոսյան, ինչո՞ւ Հայաստանին այդպես էլ չի հաջողվում ունենալ ազգային ավիափոխադրող:

-Իրենց դա պետք չէ: Եթե պետք լիներ, ապա չէին վերացնի «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը: Մասնավորապես՝ ամբողջ ավիացիոն ոլորտը տրված է Ռուսաստանին, դա հենց ՌԴ-ին ձեռնտու չէ, որ մենք հայկական ավիափոխադրող ունենանք, որովհետեւ բեռնաուղեւորափոխադրումների ողջ շուկան ՌԴ-ն է տնօրինում: Հայաստանը գտնվում է վասալային վիճակում, եւ ամբողջ այդ շուկան ուղղակի տվել է Ռուսաստանին: Երկրորդ պատճառը կոռուպցիան է, այն, որ թալանվեց ուղեւորափոխադրումների շուկան եւ տարիներ առաջ այն տրվեց իրենց յուրային Բաղդասարովին, որն էլ իր հերթին ապականեց հայկական ավիացիան: Եւ դա արդեն քաղավիացիայի վարչության նախկին պետ Արտյոմ Մովսիսյանի պաշտոնավարման տարիներին էր:

-Հայտնի է, որ ՀՀ-ում բաց երկնքի քաղաքականությունը գործադրվեց ԱՄՆ-ի ջանքերով: Ըստ Ձեզ՝ այն որքանո՞վ է նպաստել, կամ հակառակը՝ խոչընդոտել հայկական քաղավիացիայի զարգացմանը:

-Բաց երկնքի քաղաքականություն կոչվածն ուղղակի բլեֆ է, այդպիսի բան գոյություն չունի, որովհետեւ մեր երկինքը երբեք էլ փակ չի եղել: Խնդիրն այն է, որ, երբ սկսվեց «Հայկական ավիաուղիների» արհեստական սնանկացման գործընթացը, պատճառները պարզ էին: Մարդիկ հասնում են իշխանության եւ մտածում միայն իրենց մասին: Այդպես եղավ, երբ ոլորտը տրվեց «Արմավիա»-ին: Ես այն ժամանակ զգուշացրի, որ վտանգավոր հետեւանքներ է ունենալու դա, որովհետեւ ոլորտով սկսեցին զբաղվել ոչ պրոֆեսիոնալ մարդիկ: Ու սկսվեց «Արմավիա»-ի սնանկացման գործընթացը: Հետո ստեղծվեց նոր ավիաընկերություն՝ «Էյր Արմենիա», եւ այդ պահին որոշվեց, որ պետք է ազատականացնել երկինքը, այսինքն՝ հաշվի չառնելով սեփական փոխադրողի շահերը՝ ամբողջությամբ տալ օտարներին: «Էյր Արմենիա»-ն անմիջապես սնանկացավ եւ չդիմացավ ռուսական ընկերությունների վարած քաղաքականությանը: Արդյունքում՝ հիմա սեփական ավիաընկերություն չունենք:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի պաշտոնակությունը եւ Սերգեյ Ավետիսյանի նշանակումը: Այս փոփոխությունը հայկական ավիացիային ի՞նչ կտա:

-Անձամբ չեմ ճանաչում Սերգեյ Ավետիսյանին: Մի անգամ ես իր հետ շփվել եմ, երբ ինքը մշակույթի նախարարության գործերի կառավարիչն էր: Հետագայում նշանակվեց էկոնոմիկայի փոխնախարար, ապա՝ սուպեր ավիացիոն մասնագետ (ծիծաղում է-Ս.Հ.): Պարզ է, չէ՞. մշակույթից էկոնոմիկա, ապա ավիացիա, հոյակապ առաջընթաց:

-Պարո՛ն Պետրոսյան, իսկ ինչո՞ւ են Հայաստանում ավիատոմսերի գներն ավելի թանկ, քան Վրաստանում:

-Ինչպես հայտնի է՝ ավիացիոն փոխադրումների գինն առաջանում է օդանավի վարձակալության, նավթի գնի, օդանավակայանի սպասարկման վարձերից: Մեզ մոտ վառելիքի գինը 2 անգամ ավելի բարձր է, քան Վրաստանում: Բնական է, որ եթե ավստրիական ընկերությունը գալիս է եւ այստեղից է նավթ լիցքավորում, ապա ինքը կրկնակի թանկ է վճարում, քան Թբիլիսիում կվճարեր: Այսինքն՝ վառելիք ներկրողը x գումարով վաճառում է օդանավակայանին, որն էլ 2 անգամ թանկ գնով վաճառում է օդանավերին: Մինչդեռ օդանավակայանը կարող է իր սպասարկման գումարը ավելացնել, իսկ վառելիքը վաճառել այն գնով, որով գնել է: Դրա համար էլ ավիատոմսերի գները Հայաստանում այդքան թանկ են: Բացի այս՝ օդանավը այստեղ մի քանի հարյուր դոլարով թանկ է կայանում, քան Թբիլիսիի կամ այլ օդանավակայաններում: Օդանավակայանն ինքը արդեն մենաշնորհային կառույց է, վառելիք բերողը՝ նույնպես. այս դեպքում երկուսն էլ իրար հետ գալիս են հանցավոր համագործակցության: Դրա համար էլ ոչ մի նորմալ ընկերություն չի ցանկանում գալ: Օրինակ՝ «Քաթար Էյրվեյզ» ավիաընկերությունն իր նավթով է գալիս, այստեղից նավթ չի գնում: Դրա համար էլ նրանց առաջարկած տոմսերը մատչելի են:

-Բացի նշվածից՝ ավիատոմսերի թանկացման ա՞յլ պատճառներ կան:

-Բորտ-սնունդ հասկացություն կա, մեր տարիներին այդ գումարը կազմում էր 2 դոլար, որովհետեւ պատկանում էր «Հայկական ավիաուղիներ»-ին, իսկ հիմա տրվել է մեկ այլ ընկերության, որն էլ 20 դոլարով է առաջարկում: Բացի այս՝ 10 հազար դրամները՝ 20 եվրո յուրաքանչյուր ուղեւորի համար որպես օդի վարձ: Այս ամբողջը գումարվում է իրար: Ավելացրած, որ ՀՀ-ում օդանավակայանի սպասարկման գները թանկ են, սարսափելի թանկ: Եթե համեմատենք նորմալ օդանավակայանների հետ, ապա մերը տարածաշրջանում ամենաթանկն է:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս