ԻՇԽԱՆԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԼՃԱՑՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Խորհրդային տարիներին կուսակցական բարձր պաշտոններ զբաղեցրած Սերժ Սարգսյանը, թերեւս, լավ է հիշում բրեժնեւյան լճացման տարիները: Ու հավանաբար, այդ անցյալի կարոտն է պատճառը, որ իր իշխանավարման այս շրջանում Ս.Սարգսյանը Հայաստանում հետեւողականորեն վերականգնել է նույն վիճակը՝ շատ չնչին տարբերություններով: Հայաստանում լճացել ու լճանում են բոլոր ոլորտներն անխտիր: Ընդ որում, իշխանություններն իրենք էլ են տեսնում ստեղծված վիճակը, որն օրեցօր ահագնացող է դառնում: Այդ մասին են փաստում անգամ պաշտոնական վիճակագրական տվյալները:
Ամենայն հավանականությամբ, երկրում տիրող իրական պատկերից տեղյակ է նաեւ Սերժ Սարգսյանը: Ու հավանաբար, ինքն էլ կուզենար, որ իր իշխանավարման օրոք նման խնդիրներ չլինեին, եղածներն էլ արագ լուծում ստանային: Միայն թե՝ այսօր նույն Ս.Սարգսյանի ջանքերով ստեղծվել է մի իրավիճակ, երբ ամենամեծ ցանկության դեպքում անգամ նա չի կարող շտկել իրավիճակը:
Ակնհայտ է, որ իրավիճակի հանգուցալուծումը մեկն է՝ հարկավոր է դիմել կտրուկ փոփոխությունների՝ պարզապես հարկավոր է կյանքի կոչել ՀՀ Սահմանադրության դրույթները: Հարկավոր է փոխել կառավարման ոճը, վերջ տալ երկրում տիրող անպատժելիության ու ամենաթողության մթնոլորտին, վերջ տալ կաշառակերությանը, վերացնել տնտեսական ու քաղաքական մենաշնորհները, ստեղծել ազատ ու մրցակցային պայմաններ, պաշտոնանկ անել բոլոր կոռումպացված կամ իրենց վստահված ոլորտներում ձախողումներ արձանագրած պաշտոնյաներին: Բանաձեւը, թվում է, շատ պարզ է եւ հեշտ իրագործելի. հարկավոր է անել այն, ինչ արել են զարգացած շատ պետությունների ղեկավարներ: Առավել եւս, երբ մեր աչքի առաջ հարեւան Վրաստանը գնաց այդ քայլին, ու այսօր երկիրը շատերիս համար դարձել է պարզապես համեմատության առարկա:
Նման կտրուկ քայլերի դիմելու համար հարկավոր է նախ եւ առաջ ունենալ որեւէ հենարան: Մի բան, որից Սերժ Սարգսյանն ընդհանրապես զրկված է:
Ընտրակեղծիքների, մարտի 1-ի 10 զոհերի գնով նախագահի աթոռին հայտնված, լեգիտիմություն չունեցող անձնավորությունը, բնական է, որ չի կարող հույսը դնել հասարակության վրա: Հասարակությունը, որին ինքն արհամարհել է տարիներ շարունակ, այսօր նրա համար չի կարող լինել հենարան:
Սերժ Սարգսյանի համար այլեւս հենարան չի կարող լինել հարազատ կուսակցությունը. ժամանակին ՀՀԿ-ականները ցույց են տվել, թե ինչպես կարող են մեկ օրում մի ճամբարից մյուսն անցնել: Ու հիմա, երբ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետն է, իշխանության ներսում գործում է ,կաղ բադիկիե սինդրոմը. նույն ՀՀԿ-ականները պատրաստ են ցանկացած պահի երես թեքել նրանից:
Սերժ Սարգսյանը հույսը չի կարող դնել նաեւ որեւէ այլ քաղաքական ուժի վրա. չկա որեւէ կուսակցություն, որի հանդեպ այս իշխանությունները որեւէ բացասական քայլ իրականացրած չլինեն: Ու հիմա հազիվ թե նրանք Սարգսյանին ներեն եւ ընդունեն:
ՀՀԿ առաջնորդը որեւէ հենարան չի կարող գտնել նաեւ արտաքին աշխարհում. հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում նա հասցրեց բացարձակապես արժեզրկել ե’ւ իրեն, ե’ւ Հայաստանը. այսօր Ս.Սարգսյանն Արեւմուտքի ու ՌԴ-ի մոտ ձեռք է բերել անվստահելի գործընկերոջ համբավ, եւ որեւէ մեկը պատրաստ չէ օգնել ՀՀ ոչ լեգիտիմ իշխանություններին: 
Այնպես որ, Սերժ Սարգսյանը, անկախ իր կամքից, չի կարող դիմել որեւէ քայլի: Իսկ եթե դիմի, ապա համակարգը պարզապես կփլուզվի: Ճիշտ այնպես, ինչպես եղավ Խորհրդային կայսրության հետ՝ վերակառուցման տարիներին: Միայն թե, հայտնի չէ՝ համակարգի փլուզման դեպքում ինքը որտեղ կլինի՝ ավերակների տակ, թե, այնուամենայնիվ, կհասցնի փախչել:
Այսքանից հետո մնում է մեկ հարց՝ իսկ ո՞րն է ելքը, եթե ամենամեծ ցանկության դեպքում անգամ Ս.Սարգսյանը չի կարող շտկել իրավիճակը: Այստեղ եւս կա համաշխարհային հարուստ փորձ. կա՛մ Սերժ Սարգսյանն ինքնակամ հրաժարական է ներկայացնում՝ հեռանալով իշխանությունից, կա՛մ  ժողովուրդն է նրան հեռացնում՝ հեղափոխություն անելով: Հայաստանի դեպքում երկրորդ տարբերակը կարծես թե շատ ավելի հավանական է. համենայնդեպս, պահը գնալով ավելի է հասունանում:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 624 համար




Լրահոս