ՄԵՆՔ Ի՞ՆՉ ԵՐԿԻՐ ԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆԸ, անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ՀՀ ինքնիշխանությունը կորցնելու շուրջ մտահոգություններին, “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց. “Մենք ոչ մի անգամ ինքնուրույն չենք եղել, ոչ էլ կլինենք”: Քանդակագործի խոսքով՝ այսօր առավել կարեւոր է ապրելու խնդիրը լուծելը, քանի որ այսօր արդեն մարդիկ պարզապես ապրելու խնդիր ունեն:
Ես իմ գործով եմ զբաղված, բայց քանի որ այս միջավայրում եմ ապրում, լավ էլ զգում եմ երկրի տնտեսական ու քաղաքական վիճակը: Անտարբեր լինել չեմ կարող, ուղղակի չեմ արտահայտվում, քանի որ տեսնում եմ` անգամ քաղաքական գործիչները չեն կարողանում հստակ մի բան ասել, ուր մնաց արվեստագետն իր մասնագիտությունից դուրս մի բան ասի:
-Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է ճիշտ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը: 
-Ես այն մարդն եմ, որ ե՛ւ նախկին համակարգի ժամանակ եմ ստեղծագործել, ե՛ւ հիմա: Ոնց մտածում եմ, լավ է, որ Ռուսաստանի հետ ենք, ուրիշ ելք չունենք: Մենք չգիտենք՝ Եվրոպան ինչ է անելու մեզ համար: Կարծում եմ, որ այս պահին սա ճիշտ որոշում էր:
Մենք դաստիարակվել ենք ոչ միայն ռուսական ոգով, այլեւ եվրոպական, բայց հիմա ո՞վ է կանգնած Հայաստանի մեջքին… Դրա համար էլ պետք է փնտրենք, թե ով մեզ հենարան կլինի: Այս պահին դա Ռուսաստանն է:
Եթե ավելի անկեղծ ասեմ, այդքան հստակ չգիտեմ՝ այդ մաքսային ասածն ինչ է: Չեմ կարողանում ստույգ պատկերացում կազմել, քաղաքական գործիչներին եմ լսում: Ես արվեստագետ եմ, գործիս մեջ սխալվել չեմ կարող, բայց գործիցս դուրս կարող եմ սխալ լինել: 
-Դուք նշեցիք, որ Ռուսաստանն է այսօր մեր մեջքին կանգնած, սակայն արդյոք այդպես է: Շատերը կարծում են, որ պատմության ընթացքում ռուսները մեզ միշտ դավաճանել են:
-Գիտեմ, բայց քաղաքականության մեջ միշտ էլ շահն է գործում: Այսօր ամենուր շահն է, բայց մեր փոքր շահն էլ Ռուսաստանին ապավինելն է, բա ո՞ւմ հենարան դարձնենք՝ Թուրքիայի՞ն, Ամերիկայի՞ն: Տեսանք՝ Ամերիկան ինչ արեց Եգիպտոսի, Սիրիայի պես երկրներին: 
Հիմա ամեն ինչ էլ կարող են խոսել: Ասում են նաեւ, որ մենք կորցնում ենք մեր ինքնուրույնությունը: Գիտեք ի՞նչ կա, մենք ոչ մի անգամ ինքնուրույն չենք եղել, ոչ էլ կլինենք: Մենք ի՞նչ երկիր ենք, քարտեզի վրա հազիվ մի կետ է երեւում: Իսկ արտագաղթը դրա հետ ոչ մի կապ չունի: Մարդիկ բարդ սոցիալական վիճակից դրդված են հեռանում: Իմ տղան հիմա Կանադայում է, ես եմ նրան օգնում, որ կարողանա ազատ ստեղծագործել: Գնացողը գնում է: 
-Մի՞թե տարիներ առաջ այսքան գնում էին:
-Ես դա եմ ասում, մի՞թե սոցիալիզմի ժամանակ մենք վատ էինք ապրում… Իհարկե, դժվարություններ եղել են, բայց խնդիր չի եղել ապրելու: Իսկ այսօր ապրելը խնդիր է: 
Չեք պատկերացնի՝ ինչպես է ինձ վրա ազդում այսօրվա իրավիճակը, ես հիասթափվում եմ: Եթե այս ժողովուրդը, ում համար ես ստեղծագործում եմ, տխուր է, դա ինձ վշտացնում է, իսկ ինչո՞ւ պիտի մերոնք ուրախ չլինեն, ումի՞ց են պակաս: Ուրեմն մի բան այն չէ, սոցիալական խնդիրներ ունենք:
-Դուք նաեւ ժողովրդական նկարիչ եք, ինչպե՞ս է պետությունը հոգ տանում Ձեր մասին:
-Ասեմ, ես այնքան գոհ եմ, այս տարի ինձ 4 միլիոն դրամ են տրամադրել, առողջության ապահովագրություն էր: Եվ ի՞նչ ստացվեց, կինս ահավոր վիճակի մեջ էր, մեծ գումարներ էին հարկավոր: Այդ ինշուրանսով կնոջս վիրահատեցին, ինչը չեմ կարող ուրանալ: Հետո էլ, որպես ժողովրդական նկարիչ՝ իմ թոշակի վրա 40.000 դրամ ավելանում է, կոչվում է պարգեւավճար: Ամբողջ կյանքս քար եմ տաշել, ի՞նչ մեծ բան է այդ գումարը: Ռուսաստանում ժողովրդական նկարիչը 600 դոլար է ստանում: 
-Դուք հիմա որտե՞ղ եք աշխատում:
-Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանում եմ դասավանդում, որպես պրոֆեսոր՝ 20.000 դրամ ավել եմ ստանում: Փորձում եմ իմ վաստակածով ապրել, ո՛չ պարտք եմ տալիս, ո՛չ պարտք եմ վերցնում: Լավ, ես կարողանում եմ ապրել, բա մյուսնե՞րը:
-Եթե չեմ սխալվում, Դուք էիք քանդակել Ֆլորա Մարտիրոսյանի գերեզմանաքարը, ո՞վ էր վճարել դրա համար: 
-Այո՛, ես եմ հեղինակը, սպիտակ մարմարից քանդակ է, տեղադրված է Թոխմախի պանթեոնում: Ինչքանով տեղյակ եմ, պետությունը 2 միլիոն դրամ էր տվել գերեզմանի ձեւավորման համար, իսկ մարմարե այս քանդակի ծախսերը հոգացել է Ֆլորայի ամուսինը: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 624 համար




Լրահոս