ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի այցւ հեռուստաընկերության տնօրինության սրտով չլուսաբանելու պատճառով փորձառու լրագրող Նունե Սիմոնյանը հեռացվել էր աշխատանքից, ապա արտագաղթել: Լրագրողը դիմել էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, սակայն արդեն երկրորդ անգամ է` ինչ դատական նիստը հետաձգվում է պատասխանող կողմի ներկայացուցիչ Արմեն Նազարյանի միջնորդությամբ, ով խնդրել էր նիստը հետաձգել, քանի որ վատառողջ է և չի կարող դատարան ներկայանալ:
Հաջորդ դատական նիստի օր նշանակվեց օգոստոսի 22-ը, քանի որ հուլիսի 15-ից նախագահող դատավոր Ա. Կուբանյանը լինելու է արձակուրդում:
Այս առնչությամբ ԱՄՆ-ում գտնվող Նունե Սիմոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց. «Հսկա հոլդինգը երեք ամիս է`չի կարողանում պաշտպանություն ապահովի: Սկզբից հեռուստաընկերությունը մի խղճուկ իրավաբանական բաժնի պետ էր ներկայացնում, հետո նրան աշխատանքից հեռացրեցին, հիմա էլ նորն է եկել, ով կարծես թե առողջական անվերջանալի խնդիրներ ունի: Եթե հույս ունեն, որ ես կձանձրանամ, չարաչար սխալվում են, գնալու եմ մինչև վերջ», – նշեց նա: