Ուսումնասիրելով մեր երկրի վարկային պայմանագրերը՝ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ Հայաստանի կառավարության արտաքին պարտքն այս տարվա մայիսի 31-ի դրությամբ կազմել է 3 միլիարդ 24 մլն 900 հազար դոլար: Ի դեպ, այս ցուցանիշն իր մեջ չի ներառում ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը եւ ՀՀ կառավարության այլ, ոչ վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Եթե դրանք էլ հաշվենք, ընդհանուր Հայաստանի արտաքին պարտքը մայիսի վերջի դրությամբ կազմում է 4 միլիարդ 432 մլն 200 հազար դոլար:
Վարկային պայմանագրերով ՀՀ կառավարության արտաքին պարտքի 14,8 տոկոսը, կամ նույնն է, թե 447 մլն 685 հազար 200 դոլարը վերցվել է տարբեր երկրներից: Մնացած արտաքին պարտքը մեր երկրի իշխանությունները վերցրել են միջազգային կազմակերպություններից եւ առեւտրային բանկերից:
Այսպիսով՝ Հայաստանը վարկային պարտքեր ունի 7 երկների նկատմամբ:
Ճապոնիա – 257 մլն 116 հազ. 500 դոլար Չինաստան – 21 մլն 174 հազ. 300 դոլար
Գերմանիա – 108 մլն 896 հազ. 400 դոլար ԱՄՆ – 21 մլն 174 հազ. 300 դոլար
Ֆրանսիա – 24 մլն 199 հազ. 200 դոլար Ռուսաստան – 9 մլն 74 հազ. 700 դոլար
ԱԷՄ – 6 մլն 49 հազ. 800 դոլար
Հայաստանի ամենամեծ պարտատերերը Ճապոնիան ու Գերմանիան են:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գառնիկ Իսագուլյանն առաջիկայում պատրաստվում է հրաժարական ներկայացնել ԼՂՀ նախագահի խորհրդականի (ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդականի) պաշտոնից: Ըստ լուրերի՝ վերջին շրջանում նրա եւ Արցախի ու Հայաստանի իշխանությունների միջեւ տարաձայնություններ են առաջացել, որոնց պատճառը Իսագուլյանի` Հայաստանի իշխանությունների նկատմամբ դրսեւորած քննադատական վերաբերմունքն է: Եւ հասկանալի է, որ Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդականը չի կարող ընդդիմադիր գործիչ լինել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գառնիկ Իսագուլյանը սպասում է Բրյուսելում գտնվող Արցախի նախագահ Բակո Սահակյանի վերադարձին, որպեսզի նրան ներկայացնի իր հրաժարականի դիմումը: Մենք փորձեցինք վերը նշված լուրերը ճշտել Գառնիկ Իսագուլյանից, սակայն նա կտրուկ հրաժարվեց որեւէ բառ խոսել: «Ես ասել եմ՝ լրատվամիջոցների հարցերին չեմ պատասխանում, կներեք»,- ասաց Իսագուլյանն ու անջատեց հեռախոսը:
Ինչպես հայտնի է՝ այս տարվա մայիսի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի` Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված քրեական գործ հարուցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով): Չնայած այս քրեական գործը քննվում է արդեն մեկ ամսից ավել, սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Միհրան Պողոսյանին ընդամենը նախօրեին են հրավիրել հարցաքննության: Այս լուրը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամլո քարտուղար Միքայել Ահարոնյանը: «Միհրան Պողոսյանը հարցաքննվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ուստի քրեական գործին վերաբերող այլ մանրամասներ նախաքննության այս փուլում, քննության շահերից ելնելով, հրապարակման ենթակա չեն»,- հայտնեց Ահարոնյանը: Իսկ ի՞նչ է նա ասել ՀՔԾ-ում:
«Վալլեքս» խմբի «Թեղուտ» ՓԲԸ հանքարդյունաբերական ընկերությունը, որը շահագործում է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը, ունի 1 306 աշխատող: Վերջին մեկուկես տարում պղնձի միջազգային գների անընդհատ անկման արդյունքում այս ընկերությունը որոշել է կրճատել աշխատակիցների աշխատավարձերը: Ավելին՝ նշված ընկերությունից «Ժողովուրդ»-ի հարցմանը տրված պատասխանի համաձայն՝ ընկերության տնօրինությունը չի բացառում առաջիկայում կրկին կրճատել աշխատավարձերը: Տեղեկացնենք, որ վերջին մեկ ամսում պղնձի միջազգային գինը պահպանվում է 1 տոննան 4500-ից 5000 դոլարի սահմաններում: Այդ գնի պայմաններում ընկերությունը շահույթ չի ստանում: «Թեղուտ» ՓԲԸ-ից տրված պատասխանի համաձայն՝ «Ընկերությունը կարող է բավարար կենսունակ լինել 5000 դոլար գնի պարագայում եւ որեւէ հնարավորություն չունենալ գործունեությունը շարունակելու 4500 դոլար գնի դեպքում»,- նշված է ընկերության՝ «Ժողովուրդ»-ին տված պատասխանում:
ՉԵՂԱՐԿՎԵՑ
Երեկ ռուսական եւ ադրբեջանական լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ առաջիկայում՝ մինչեւ հունիսի վերջ, հնարավոր է Սանկտ-Պետերբուրգում կայանա ՀՀ-ի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի նախագահների եռակողմ հանդիպում: Ավելին՝ հնարավոր հանդիպման մասին տեղեկատվություն հայտնվեց նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջում: ՌԴ-ի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոյի եւ Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիս Ռիպերի հանդիպման մասին հաղորդագրությունում, մասնավորապես, նշված էր, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստումը:
Այս տեղեկատվությունը բավականին անսպասելի էր, քանի որ առայժմ, կարծես, մինչեւ վերջ համաձայնեցված չէին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով Փարիզում կայանալիք Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպման ժամկետներն ու օրակարգը: Եվ դրանից առաջ ընկնելով՝ խոսակցությունը արդեն բացառապես ռուսական նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում Պուտին-Ալիեւ-Սարգսյան եռակողմ հանդիպման մասին փոքր-ինչ տարակուսելի թվաց:
Դժվար է ասել, թե որն էր իրական պատճառը, սակայն երեկ՝ ուշ երեկոյան, ՌԴ ԱԳՆ կայքէջում վերը նշված հաղորդագրությունը խմբագրված էր, այնտեղ Սանկտ Պետերբուրգի եռակողմ գագաթնաժողովի մասին հիշատակումը բացակայում էր, թողնված էր միայն հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին նշումը. Ուկրաինայի ճգնաժամին վերաբերող միջազգային ջանքերի եւ ղարաբաղյան հակամարտության խնդիրների շուրջ: Սա, իհարկե, բավականին ուշագրավ է, հատկապես, եթե հաշվի առնենք նաեւ այն փաստը, որ հայկական կողմից եւս Սանկտ Պետերբուրգի հանդիպման հնարավորությունը չէր հերքվել: Այդ մասին «Ազատության» հարցին ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել էր. «Բարձրաստիճան հանդիպումների եւ այցերի մասին պատշաճ ժամկետներում կտեղեկացվի»:
Թե, ի վերջո, որն է եղել նման վերանայման բուն պատճառը, եւ սպասվելիք գագաթնաժողովը ում պահանջով է չեղարկվել, դժվար է ասել: Սակայն արդեն իսկ այն փաստը, որ ՌԴ ԱԳՆ-ում այս հարցը քննարկվել է, խոսում է այն մասին, որ Ռուսաստանն ամենեւին էլ մտադիր չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման «մենեջմենթը», թեկուզ ժամանակավորապես, զիջել ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային: Մի տեսակետ, որը վերջին շրջանում փորձ է արվում առաջ քաշվել արեւմտամետ շրջանակների կողմից: Իրականում տեղի է ունենում հակառակը. Ռուսաստանը եւ Արեւմուտքը Ղարաբաղի հարցը քննարկում են Ուկրաինայի եւ Սիրիայի թնջուկների հետ մեկ «փաթեթում», եւ քանի որ ո՛չ Սիրիայի, ո՛չ էլ Ուկրաինայի հարցում ՌԴ-ի հետաքրքրություններն առավելագույնս չեն բավարարվում, ակնհայտ է, որ առնվազն Ղարաբաղի հարցում ՌԴ իր առաջնային, եթե չասենք՝ դոմինանտ դիրքերը ոչ մի դեպքում չի զիջի: