ՊԱՐՏՔՆ ԱՃՈՒՄ Է, ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ` ՈՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ ամսվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը աճել է 18,4 միլիոն դոլարով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից, ըստ որի՝ մայիսի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 270 մլն 600 հազար դոլար` ապրիլի վերջի 5 միլիարդ 252 մլն 200 հազար դոլարի փոխարեն:

Հայաստանի պետական պարտքից 4 միլիարդ 432 մլն 200 հազար դոլարը արտաքին պարտքն է, այսինքն՝ պարտքի այդ մասին գումարները ստացվել են միջազգային ֆինանսական կառույցներից, այլ երկրների կառավարություններից, օտարերկրյա բանկերից եւ միջազգային պարտատոմսերի թողարկումից: Հայաստանի ներքին պարտքը այս տարվա մայիսի 31-ի դրությամբ կազմել է 838 միլիոն 500 հազար դոլար:
Ինչպես հայտնի է՝ Հայաստանի այս տարվա պետական բյուջեի տարեկան դեֆիցիտը կազմում է 190 միլիարդ 742 մլն դրամ: Այլ կերպ ասած՝ ՀՀ իշխանություններն ի սկզբանե նախատեսել են, որ պետական բյուջեի ծախսերն ավելի շատ են լինելու, քան եկամուտները: Այսինքն, ինչպես միշտ, այս տարվա բյուջեն էլ լինելու է դեֆիցիտով: Տնտեսագետների պնդմամբ՝ պետական բյուջեի դեֆիցիտը ոչ միայն վատ բան չէ, այլ նաեւ կարող է երկրի զարգացումը խթանելու լուրջ գործիք դառնալ: Եթե այդ մոտեցումը փորձենք տնտեսագիտությունից հեռու մահկանացուներիս համար հասկանալի լեզվով բացատրել, ապա դեֆիցիտը նույնն է, որ մարդն իր առջեւ մշտապես նոր բարձունքներ նվաճելու խնդիր է դնում, եւ նրա բոլոր գործողությունները ուղղված են լինում իր նպատակի իրագործմանը: Այլ կերպ ասած՝ պետական բյուջեն, եթե այն վերաբերում է զարգացման տեսլական ունեցող երկրին, պետք է ենթադրի, որ այն նախորդ տարվա համեմատ ավելի շատ խնդիրներ է լուծելու: Եթե այս մոտեցումը չի կիրառվում, ապա պետությունը դադարում է զարգանալ: Սակայն, եթե պետական բյուջեի միջոցները արդյունավետ չեն ծախսվում, այլ երկիրն ամբողջությամբ գտնվում է համակարգված կոռուպցիոն կառավարման ներքո, ապա պետբյուջեի դեֆիցիտը վերածվում է թալանման ենթակա միջոցներից դուրս «բոնուսի»:
Մի պահ մոռանանք Հայաստանի իշխանությունները ներկայացնող անձանց ով լինելու մասին եւ ենթադրենք՝ չգիտենք, թե իշխանության ղեկին կանգնած անձինք ինչ ազնվության տեր մարդիկ են: Միայն դեֆիցիտի կառավարման միջոցով կարելի է հասկանալ, թե իշխանություններն ինչ բնույթ ունեն: Այսպես՝ տարվա առաջին եռամսյակում դեֆիցիտի` բյուջեում պակասող գումարի հայթայթման խնդիրը հնարավոր է՝ լուծվի արտաքին կամ ներքին փոխառությունների ներգրավման, կամ այլ կերպ ասած՝ պարտք վերցնելու միջոցով: Սակայն, եթե երկիրը նորմալ է կառավարվում, եւ տնտեսությունը շարունակում է զարգանալ, ապա այդ ամենը հանգեցնում է լրացուցիչ ներդրումների ներգրավման, տնտեսության էլ ավելի աշխուժացման, ինչն իր հերթին հանգեցնում է պետական բյուջեի եկամուտների ավելացմանը: Այսինքն՝ աստիճանաբար դեֆիցիտի կառավարումը հեշտանում է:
Սակայն այս տարվա հինգ ամիսների արդյունքներով ՀՀ պետական բյուջեի պակասուրդի, ասել է, թե դեֆիցիտի սպասարկման համար ծախսվել է 49 միլիարդ 600 մլն դրամ փոխառու միջոց, այլ կերպ ասած՝ պարտքով վերցված գումար: Դրանից 22 միլիարդ 100 միլիոնը ծախսվել է մեկ ամսում` մայիսին: Ի դեպ, նշենք, որ վերը նշված գումարից 20 միլիարդ 500 միլիոնը վերցվել է արտաքին աղբյուրներից: Այսինքն՝ պետական պարտքի ավելացման պատճառներից մեկն էլ եղել է բյուջեի պակասուրդի ֆինանսավորումը:
Բայց ինչպե՞ս են այդ գումարներն ազդել Հայաստանի տնտեսության վրա, եւ որքանով մենք կարող ենք ակնկալել, որ դրանք կնպաստեն մեր երկրի տնտեսության զարգացմանը: Այս հարցի պատասխանը չափից ավել տխուր է, քանի որ այս տարվա չորս ամիսների կտրվածքով Հայաստանում ուղղակի ներդրումների ցուցանիշը, կարելի է ասել, դարձել է զրոյական: Այսինքն՝ պետության միջոցները ծախսվում են եւ տնտեսության զարգացման համար անհրաժեշտ խթան չեն դառնում:
Այս երեւույթը կարող է երկու պատճառ ունենալ. կա՛մ ինչ-որ գերբնական ուժեր գողանում են Հայաստանի պետական միջոցները եւ թույլ չեն տալիս տնտեսությանը զարգանալ, կա՛մ էլ պետական պաշտոնյաների կոռումպացված լինելու պատճառով պետական միջոցները ծախսվում են ոչ նպատակային եւ տնտեսության վրա դրական ազդեցություն չեն ունենում: Եթե ընդունում ենք, որ երկրորդ տարբերակի հետ գործ ունենք, այդ դեպքում հասկանալի է դառնում նաեւ, թե ուղղակի ներդրումների ցուցանիշն ինչու է մոտենում զրոյին: Առաջին տարբերակը, հավատացեք, ֆանտաստիկայի ժանրից է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՆԱՄԱԿՍ ԹՈՂ ԳԱՂՏՆԻ ՄՆԱ
Ինչպես հայտնի է՝ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի՝ վերադարձի հասարակական պահանջ ձեւավորելու նպատակով սկսված քարոզչության շրջանում կրկին առաջ բերվեց 2013 թվականի հունիսի 26-ին փակ նամակով Սերժ Սարգսյանին դիմելու պատմությունը: Հայաստան վերադարձած Սամվել Բաբայանը լրագրողներին ասել էր, որ ինքն այդ նամակում ներկայացրել է հայկական զինված ուժերի վիճակի վերաբերյալ իր ունեցած մտահոգությունները եւ այն քայլերը, որոնք իր կարծիքով անհրաժեշտ է անել բանակի մարտունակությունը բարձրացնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից փորձեց պարզել` արդյոք Սամվել Բաբայանին պատասխան տրվել է նախագահական նստավայրից եւ եթե տրվել է, ապա ինչ բովանդակության է այն եղել: «ՀՀ Նախագահին գրագրության հետ կապված խնդիրները կանոնակարգվում են ՀՀ Նախագահի աշխատակազմի գործավարության կարգի համաձայն, իսկ մասնավորապես նամակները հրապարակվում են ըստ անհրաժեշտության»,- ի պատասխան «Ժողովուրդ»-ի հարցին՝ ասաց պարոն Հակոբյանը:

 

 

ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԵՔԸ
ՀՀ վարչապետի՝ երեկ ստորագրած որոշումներով ՀՀ գյուղատնտեսության նախարարի միանգամից երեք փոխնախարարներ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից: Պաշտոնանկ արված փոխնախարարներն են Գառնիկ Պետրոսյանը, Գրիշա Բաղիյանը եւ Սամվել Գալստյանը: Նշված նախարարությունն այս պահին ունի ընդամենը երկու փոխնախարար եւ ազատումները խնայողությունների շարքից են: Իրենց պաշտոնները պահպանել են տակավին երիտասարդ Ռոբերտ Մակարյանը եւ Արմեն Հարությունյանը: Ի դեպ, պաշտոնից ազատված Գառնիկ Պետրոսյանը պարգեւատրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով, իսկ Գրիշա Բաղիյանը եւ Սամվել Գալստյանը` պատվոգրերով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Գրիշա Բաղիյանը եւ Սամվել Գալստյանը կրճատվել են թոշակի տարիքի լրանալու պատճառով: Գառնիկ Պետրոսյանին հնարավոր է՝ առաջիկայում գյուղատնտեսության նախարարության համակարգում նոր պաշտոն առաջարկեն` որպես լավ մասնագետի:

 

 

ՏՈՒՆ Է ԳՆԵԼ
ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանը անցած տարվա ընթացքում 57 մլն 600 հազար դրամ արժողությամբ բնակարան է գնել: Այս մասին տեղեկանում ենք հենց նրա ներկայացրած հայտարարագրից: Ըստ նույն փաստաթղթի՝ հանձնաժողովի նախագահն անցած տարի 5.5 մլն դրամով վաճառել է իր «Mercedes-Benz CLK 350» մակնիշի ավտոմեքենան: Նրա դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 4 հազար եվրո եւ 2 մլն դրամ: Իսկ որպես եկամուտ Ս. Սահակյանը հայտարարագրել է իր աշխատավարձը, որը կազմում է ամսական մոտ 800 հզ. դրամ, ինչպես նաեւ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը՝ 282 հզ. դրամ, եւ ստացված փոխառությունը՝ 70 հզ. շվեյցարական ֆրանկ:

 

 
ԴԵՌ ԿՓՈՓՈԽՎԻ
«Հարկային օրենսգիրքն արդեն կատարված փաստ մի ընդունեք, այն դեռ չի ընդունվել: Ես չէ, որ անմիջական ներկայացնելու եմ հարկային օրենսգիրքը, բայց կարծում եմ` բոլոր կոնկրետ առաջարկությունները քննարկման ենթակա են»: Այս մասին լրագրողների հետ զրույցում երեկ ասել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:

 

 

ՀԱԿԱԴԱՐՁԵԼ Է
Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը երեկ առավոտյան նստաշրջանը բացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հասցեին կոշտ հայտարարությամբ: «Այն, որ ժողովրդավարական սկզբունքներով ընտրված նախագահը 21-րդ դարում կարող է քննադատել գերմանական Բունդեսթագի՝ ժողովրդավարական սկզբունքներով ընտրված պատգամավորներին՝ նրանց կասկածելով «փչացած» արյուն ունենալու մեջ, ես անհնար էի համարում»,- ասել է Լամերտը: Դահլիճում, որտեղ գտնվել է նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ծափողջույններ են հնչել: «Նրանք, ովքեր սպառնալիքների միջոցով ճնշում են գործադրում խորհրդարանի պատգամավորների վրա, պետք է իմանան, որ հարձակում են գործում ողջ խորհրդարանի վրա: Բունդեսթագը համապատասխան արձագանք կտա դրան»,- հավելել է Բունդեսթագի նախագահը:

 

 

ՈՎՔԵՐ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԸ
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առեւանգելու փաստի առթիվ ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից տարված քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի հունիսի 9-ին ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն են մեղայականով ներկայացել մայրաքաղաքի բնակիչներ, աշխարհազորայիններ, 1977թ. ծնված Միքայել Միքայելի Սահակյանը եւ 1968թ. ծնված Սերգեյ Գեորգիի Ավանեսյանը։ ԼՂՀ ոստիկանությունից հայտնում են, թե Մ. Սահակյանը եւ Ս. Ավանեսյանը ձերբակալված են։ Իրականացվում են համապատասխան միջոցառումներ հանցագործության հնարավոր այլ մասնակիցների հայտնաբերման ուղղությամբ։




Լրահոս