ԴԱՀԿ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԻՆ ՀԱՐՑԱՔՆՆԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի` Պանամայի օֆշորային գործարքների առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով վերջապես տեղաշարժ կա: «Ժողովուրդ»-ին իրավապահ մարմինների մոտ կանգնած իր աղբյուրներից հայտնի դարձավ, որ նախօրեին Միհրան Պողոսյանը ներկայացել է ՀՔԾ եւ ցուցմունք տվել:

Ինչպես հայտնի է՝ ապրիլի 2-ին «Հետք» պարբերականը գաղտնազերծեց փաստաթղթեր` համաձայն որոնց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների: Այս հրապարակման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է ուսումնասիրել մամուլում հրապարակված տեղեկությունները: Ավելի ուշ հանձնարարվեց hատուկ քննչական ծառայությանը, որ մայիսի 2-ին ՀՔԾ-ում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների մասով հարուցվի քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով):
Սկզբում Միհրան Պողոսյանը լռում էր, այնուհետեւ անձամբ ստանձնեց հրապարակայնորեն իրեն պաշտպանելու գործընթացը: Վերջինիս գրասենյակը մայիսի 20-ին հայտարարություն տարածեց, թե մամուլում գրված շվեյցարական «LGT» բանկում Միհրան Պողոսյանի հաշիվների մասին հատվածը հերքվել է Շվեյցարիայից իրենց տրված պատասխանով: Ըստ գրասենյակի՝ Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող ընկերությունների անունով որեւէ հաշվեհամար գոյություն չունի:
Իսկ ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվել հատուկ քննչական ծառայությունում: Ի՞նչ է բացահայտվել մինչ այսօր: «ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյո՞ք Միհրան Պողոսյանը ներկայացել է ՀԾՔ, ի՞նչ է պատմել նա քննիչներին իր գործունեության հետ կապված, ինչ ցուցմունք է տվել: Մեր հարցերին ի պատասխան՝ ՀՔԾ մամլո քարտուղար Միքայել Ահարոնյանն ասաց. «Ասեմ, որ Միհրան Պողոսյանը հարցաքննվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ուստի քրեական գործին վերաբերող այլ մանրամասներ նախաքննության այս փուլում, քննության շահերից ելնելով, հրապարակման ենթակա չեն»:
Այսպիսով՝ առայժմ հնարավոր չեղավ պարզել, թե Միհրան Պողոսյանը կոնկրետ ինչ ցուցմունք է տվել, ինչ մանրամասներ է հայտնել քննիչներին: Հիշեցնենք՝ երբ օֆշորային գործը ոստիկանությունից ուղարկվել էր հատուկ քննչական ծառայություն, քաղաքական հրահանգ էր տրվել ԴԱՀԿ նախկին պետի գործը քննել օրենքի ողջ խստությամբ: Սակայն ավելի ուշ քաղաքական վերնախավում որոշում կայացվեց, որ գործը քննեն՝ առանց մանրամասների մեջ լուրջ խորանալու: Ըստ էության, հենց այս քաղաքական որոշումից հետո ՀՔԾ քննիչները ծանուցում ուղարկեցին Միհրան Պողոսյանին, որ ներկայանա հարցաքննության:
Միհրան Պողոսյանն էլ, իմանալով այս մասին, որոշել է մտերմիկ հանդիպումների «ժանրից» դուրս գալ եւ վերջապես ներկայանալ իրավապահ այդ մարմին՝ ցուցմունքներ տալու իր անձին վերաբերող քրեական գործի մասին:
Չի բացառվում, որ Միհրան Պողոսյանը քննիչներին է ներկայացրել իր կողմից արդեն իսկ հրապարակված միջազգային կառույցներին ուղարկած նամակների պատասխանները, որտեղ իբրեւ թե հերքվում է թե՛ Միհրան Պողոսյանի, թե՛ վերջին հրապարակումներում իր անվան հետ կապվող ընկերությունների անունով որեւէ հաշվեհամարի գոյությունը:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Միհրան Պողոսյանի գործով այս օրերին ՀՔԾ քննիչները օպերատիվ գործողություններ են իրականացնում: Ասել է, թե քննիչներն այս օրերին ստուգում են ե՛ւ մամուլում հրապարակված տեղեկությունները, ե՛ւ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ պետի ցուցմունքները, համադրում դրանք միմյանց հետ: Իսկ թե ինչով կավարտվի գործընթացը, դժվար է ասել: Միայն պետք է փաստել, որ հանրային գիտակցության մեջ արմատացած է այն տեսակետը, որ Միհրան Պողոսյանը կասկածելի ճանապարհներով հարստացած պետական պաշտոնյա է, որն ունենալով իշխանության ամենավերին օղակների հովանավորությունը՝ անարգել գործել է: Արդյո՞ք այսքանից հետո նա կպատժվի եւ գոնե երկու տարի կանցկացնի ճաղերի հետեւում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԳՆԴԱՊԵՏԻ ՈՐԴԻՆ Է
2016թ. հունիսի 04-ին՝ ժամը 23-00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել էին 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողություն անելու կապակցությամբ: Այնուհետեւ 75-ամյա մոր ներկայությամբ նրան բազմաթիվ հարվածներ էին հասցրել, ինչի արդյունքում Եղիշե Խաչատրյանը տեղում մահացել էր: Դեպքից երկու օր անց` հունիսի 8-ին, սպանվածի կինը՝ հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը, բաց նամակ գրեց Սերժ Սարգսյանին` խնդրելով իր ամուսնու սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործը վերցնել իր անմիջական հսկողության տակ եւ ամեն ինչ անել գործը բացահայտելու եւ ամուսնուն դաժանաբար ծեծողներին պատժելու ուղղությամբ: Եվ, ահա, ինչպես նկատում ենք՝ սպանվածի կնոջ հորդորը տեղ հասավ, բաց նամակի հաջորդ օրը հայտնաբերվեց Եղիշե Խաչատրյանին դաժանաբար ծեծողներից մեկը, որը Երեւան քաղաքի էրեբունի փողոցի 22 շենքի 66 բնակարանի բնակիչ, 26-ամյա Խաչիկ Կոսյանն է: Իսկ ով է Խաչիկը:
Պարզվում է՝ նա աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում: Խաչիկ Կոսյանը 2010 թ-ին Հերացի փողոցում «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 2 երիտասարդ աղջիկների եւ նրանց թողնելով անօգնական` դիմել փախուստի: Այս արարքի համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան ազատազրկման էր դատապարտել 4 տարի ժամկետով, վարորդական իրավունքից զրկել էր 3 տարի ժամկետով: Պարզվում է, որ Խաչիկ Կոսյանը պատահական մարդու որդի չէ: Խաչիկ Կոսյանի հայրը՝ Հակոբ Կոսյանը եւս աշխատել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում, արդարադատության գնդապետ է:
Բայց տեղեկացնենք, որ Կոսյանը միայնակ չի գործել: Նրա հետ է եղել իր կնոջ եղբայրը` Արտաշես Չիչոյանը, եւ Արարատ Նիկողոսյանը, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ի դեպ, լուրեր կան, որ 58-ամյա Եղիշե Խաչատրյանին ծեծելով սպանողները թաղային հեղինակություններ են, իսկ Արտաշես Չիչոյանը կապ ունի գողական աշխարհի հետ եւ մեծ ցանկություն է ունեցել օրենքով գող կարգվել:
Հավելենք, որ այս պատմության մեջ ամենազարմանալի այն է, որ դեպքի օրը վերոնշյալ երիտասարդների հետ է եղել մի աղջիկ, որը եւս մեծ մասնակցություն է ունեցել ծեծի գործում: Նա լեզվակռվի մեջ է մտել սպանված Եղիշեի 75-ամյա մոր հետ՝ ըստ էության չթողնելով, որ նա մոտենա ու միջամտի իր որդուն «մանտիրովկաներով» ծեծող երիտասարդներին: Արդյունքում ոչնչից սկսված կռիվը ճակատագրական ավարտ ունեցավ. իր մոր աչքի առջեւ ծեծելով սպանվեց Եղիշե Խաչատրյանը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ
ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Այսօր հանրապետական հիվանդանոցից տեղափոխվեցի տուն: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս օրերին հետաքրքրվում էին իմ առողջությամբ, բոլոր այն քաղաքական, հասարակական ուժերին, գործիչներին եւ քաղաքացիներին, ովքեր դատապարտեցին միջադեպը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը:

 

 

ԿԿՐՃԱՏԵՆ
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության երեկվա նիստում ներկայացրել է նախագիծ, համաձայն որի՝ առողջապահության նախարարությանն ամրացված 26 ավտոմեքենա կվերցվի նախարարությունից եւ կամրացվի վարչությանը` այն հետագայում օտարելու նպատակով: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հանձնարարել է, որ բոլոր նախարարները տասը օրվա ընթացքում այս գործընթացն ավարտեն եւ ներկայացնեն այն մեքենաների ցանկը, որոնք պետք է կրճատվեն:

 

 

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ
«Դա այն հնարավորությունն է, որը մանրակրկիտ հնարավորություն է տալու դիտարկել մեզ շրջապատող ամբողջ տարածքը: Այսինքն՝ մենք ինքներս դեռեւս այն հնարավորությունը, որը տալիս է Ռուսաստանի տեխնիկան, մենք դա չունենք», – անդրադառնալով ՀՕՊ միասնական համակարգի ստեղծմանը՝ երեկ ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Հարցին, թե ինչու Հայաստանը չի փորձել ինքնուրույն տեխնիկապես վերազինվել, փոխարտգործնախարարը արձագանքել է. «Նույնանման պայմանագրեր գործում են ընդհանուր առմամբ ՀԱՊԿ տարածքում: Ստեղծվելիք պաշտպանական համակարգը պարզապես ՀԱՊԿ շրջանակում արվող հերթական գործողությունն է»:

 

 

ՀԱՄԱՏԵՂ, ՈՉ ՄԻԱՍՆԱԿԱՆ
Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու գործընթացի կապակցությամբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է տեղեկանք, որում նշված է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին: Դրանով նախատեսվում է, որ ստեղծվում է հակաօդային պաշտպանության միավորված, այլ ոչ թե միասնական ՀՕՊ համակարգ:




Լրահոս