ՈՐՆ Է ՊՅՈՏՐ ՍՎԻՏԱԼՍԿԻԻ ԿՈՇՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային փոխարինեց Պյոտր Սվիտալսկին, կարծես ԵՄ դիրքորոշումը փոքր-ինչ խստացավ Հայաստանի հետ հարաբերություններում: Խոսքը վերաբերում է այդ կազմակերպության կողմից Հայաստանին տրվող ֆինանսական օգնությանը, հարաբերությունների հետագա զարգացմանը եւ այլն: Այն, որ Սվիտալսկին ավելի խիստ եւ ոչ այնքան լղոզված ձեւակերպումներով կարող էր հանդես գալ, հավանաբար այնքան էլ անսպասելի չէր: Այս դիվանագետն ազգությամբ լեհ է, իսկ լեհերը, որպես կանոն, առանձնանում են իրենց հակառուսական աշխարհայացքով: Բացի այդ՝ նրանք առավել կողմնակից են եվրոպական ընդլայնմանն ու ինտեգրմանը, հակված են զարկ տալու Արեւելյան գործընկերության ծրագրին եւ այլն: Իսկ քանի որ Հայաստանում ռուսական ազդեցությունը մեծ է, ապա փոքրանում է եվրոպական ազդեցության տարածման դաշտը, դա էլ ավտոմատ բերում է նրանց գնահատականների կոշտացմանը որպես այդ ազդեցության նվազման ձեւ:

Այս համատեքստում Սվիտալսկին կիրառում է հայտնի պրեւենտիվ՝ կանխարգելիչ, դիվանագիտության մեթոդը, որի էությունը ոչ միայն ռուսական ազդեցության աստիճանական կրճատումն է, այլեւ իշխանության մոտ քաղաքական որոշումների կայացման այլընտրանքների մշակումը, այսինքն՝ այն ամենը, ինչը թույլ կտա զսպելու ռուսական էքսպանսիան: Լեհ փորձառու դիվանագետը շատ լավ է պատկերացնում իրավիճակը, հետեւաբար նա գիտակցում է, որ առանց այլընտրանքները հաշվի առնելու հայաստանյան իշխանությունը չի կարողանալու ռուսական աշխարհաքաղաքական բեւեռի կողմնորոշման այլ տարբերակներ մշակել ու իրականացնել: Այդ իսկ պատճառով ԵՄ պատվիրակության ղեկավարը փորձում է հայաստանյան հասարակության քաղաքական համակարգում որոշակի ինստիտուցիոնալ փոփոխություններ խթանել, որոնք իրենցով կձեւավորեն կոնկրետ հարաբերություններ կամ կփոխեն արդեն գոյություն ունեցող հարաբերությունների սպեցիֆիկան:
Հենց այդպես, ինստիտուցիոնալ հենքի վրա համակարգային փոփոխությունները կարող են ներգործություն ունենալ նաեւ արտաքին քաղաքական կողմնորոշումների վրա, որովհետեւ հայտնի է, որ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է: Որպես ներքին հարաբերությունների վերափոխման լավագույն միջոց ԵՄ-ն թիրախավորել է կոռուպցիայի դեմ պայքարը՝ հասկանալով, որ այդ երեւույթն այսօր Հայաստանում շատ ուժեղ ու անշեղորեն գործող խաղի կանոն է, որը չի թողնում ավելի արեւմտյան քաղաքակրթությանը մոտ գործողություններ իրականացնել: Սվիտալսկին էլ, հասկանալով այս ամենը, կարծես բռնել է մեր պետության թույլ տեղը եւ անընդհատ, նույնիսկ ոչ երկիմաստ խոսքով, հիշեցնում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ փորձելով նաեւ որոշակի ճնշումներ բանեցնել: Թեեւ ի պատասխան ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն մտքին, որ «Սվիտալսկին, եթե կարծում է, որ կարող է ճնշումներ գործադրել, ապա սխալվում է», պատասխանել էր, թե ինքը դաստիարակված մարդ է եւ չի մեկնաբանի նախարարի խոսքերը, այնուամենայնիվ, դիվանագիտությունը նաեւ ճնշման գործիք է, ու նրա նման դիվանագետը չի կարող դրանից չօգտվել: Ահա թե ինչու ԵՄ պատվիրակության ղեկավարը շեշտում է, որ ՀՀ իշխանությունը չի ստանա 15 միլիոն եվրոն կոռուպցիայի դեմ պայքարի համար, եթե չիրականացնի գործնական քայլեր:
Ըստ էության, նա լավ է ուսումնասիրել մեր պետական որոշումներ կայացնողների հոգեբանությունը եւ հանգել այն եզրակացության, որ փողն առաջնային է, ուստի դրա միջոցով որոշակի գործողությունների է հրավիրում: Բայց այդ մարդու քայլերի մեջ, թերեւս, կարեւորագույնը այլ հարթության մեջ է դրսեւորվում: Նա հայտարարեց, թե իրենց համար կարեւորն այն է, որ Հայաստանը եվրոպական ընտանիքի մաս է, այսինքն՝ փողն էական չէ: Եթե նույնիսկ այդ գումարն էլ հատկացվի, միեւնույն է, դա կարող է ոչինչ չփոխել, քանի դեռ Երեւանը չի գիտակցել կարեւորագույնը՝ քաղաքակրթական ասպեկտը: Այլ կերպ ասած՝ միտքն այն է, որ կարող է Եվրոպական միությունը փողեր տրամադրել հայաստանյան կառավարությանը, սակայն եթե ուզում եք երկարաժամկետ, բովանդակային հարաբերություն, եթե չեք ուզում ձեզ մշտապես վերաբերվեն կուռատոր-կատարող սկզբունքի շրջանակներում, ապա պետք է աշխատել արժեքների վրա: Իսկ Եվրոպայի համար կարեւորն արժեքն է, դրա վրա հիմնված գործակցությունը, այլապես փողերը կարող են գալ ու գնալ, բայց ոչինչ էլ չփոխեն: Վերջապես, այս խոսքերը հստակ մեսիջներ են, որոնք Բրյուսելը փոխանցում է Երեւանին. կա՛մ ինտեգրացիա, կա՛մ էլ ձեւական ծրագրերի քաղաքականություն:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 

 
«ՍԱՆԻՏԵՔ»-Ը ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ՔՈՒՆԸ

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն են զանգահարել Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում գտնվող 4 շենքերի բնակիչները: Նրանք արդեն 8 ամիս է, ինչ պահանջում են, որպեսզի «Սանիտեք» ընկերությունը տեղափոխի իրենց պատուհանների տակ տեղադրված մեծ աղբամանները: Սակայն անարձագանք: Բնակիչների բողոքը ո՛չ «Սանիտեք»-ն է լսում, ո՛չ Երեւանի քաղաքապետարանը, ո՛չ էլ Շենգավիթի թաղապետարանը:

Նախորդ տարվա նոյեմբերից վերոնշյալ հասցեի բնակիչները Երեւանի քաղաքապետարանից, Շենգավիթի թաղապետարանից եւ «Սանիտեք» ընկերությունից պահանջում են մեկ այլ վայր տեղափոխել իրենց պատուհանի տակ տեղադրված երեք մեծ աղբամանները: Բանն այն է, որ «Սանիտեք» ընկերությունը գիշերային ժամերին աղբահանություն իրականացնելիս մեծ աղմուկ է բարձրացնում, ինչից մարդիկ արթնանում են ու չեն կարողանում քնել: «Բացի այդ, ողջ օրվա ընթացքում աղբ է կուտակվում, ինչի վրա էլ մեծ-մեծ սեւ ճանճեր են հավաքվում, գարշահոտություն եւ այլն: Իսկ գիշերային ժամերին աշխատողներն այնպես աղմուկով են տեղափոխում աղբամանները, որ դրանից հետո չենք կարողանում մինչեւ առավոտ քնել»,- պատմեց Շենգավիթի վարչական շրջանի Շիրակի փողոցի բնակչուհի Էմմա Խնկոյանը:
Նշված հասցեի մի քանի տասնյակ բնակիչներ անցած տարվա նոյեմբերին դիմել են Երեւանի քաղաքապետարան, որտեղից խոստացել են, որ խնդրին լուծում կտան: Անցել է արդեն 8 ամիս, սակայն քաղաքապետարանի կոմունալ վարչության պետը չի բարեհաճում նույնիսկ դժգոհող քաղաքացու հետ հեռախոսով խոսել: «Հատուկ բողոքում եմ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչությունից. իրենց հեռախոսահամարին զանգահարում եմ, բայց կոմունալ վարչության աշխատակիցը՝ մի տղամարդ, կոպիտ եւ արհամարհական տոնով փոխանցում է հետեւյալը՝ այլեւս մի զանգեք այստեղ: Վիրավորական է, ես էլ իրեն ասեցի՝ դա հո՞ ձեր հոր տունը չէ, դա պետական հիմնարկ է»,- վրդովված նկատեց տիկին Խնկոյանը:
«Սանիտեք» ընկերության հետ նույնպես բնակիչներին չի հաջողվում կապ հաստատել: Շենգավիթի թաղապետարանից նրանց եւս խոստացել են, որ կհանեն այդ աղբամանները, բայց այդպես էլ դրանք չեն հանվում: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զանգահարեց «Սանիտեք», որտեղից օպերատորը գրանցեց հեռախոսահամարը, հարցը եւ խոստացավ փոխանցել համապատասխան բաժին, ապա դրա մասին մեզ տեղեկացանել: Սակայն այդպես էլ «Սանիտեք»-ից պատասխան չստացանք:
Ապա «Ժողովուրդ»-ը զանգահարեց Շենգավիթի թաղապետարան, որի ընդունարանի աշխատակիցը փոխանցեց կոմունալ վարչության հեռախոսահամարը, սակայն այստեղ էլ ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերը անպատասխան մնացին: Պատկան բոլոր օղակներին դիմելուց եւ անպատասխան մնալուց հետո զանգահարեցինք Շենգավիթի թաղապետարանի «Թեժ գիծ» ծառայություն, տվյալ բաժնի աշխատակիցը կրկին գրանցեց մեր հեռախոսահամարը եւ խոստացավ այն փոխանցել թաղապետարանի աշխատակազմի քարտուղարին: Ի վերջո, աշխատակազմի քարտուղար Լիլիթ Միրզախանյանը զանգահարեց եւ խոստացավ՝ թաղապետարանի աշխատակիցը կգնա եւ կզրուցի դժգոհող բնակիչների հետ. «Կփորձենք ընդհանուր հայտարարի գալ»:
Հուսանք, որ մեր այս հրապարակումից հետո Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետեւողական կլինի եւ կպարզի, թե կոնկրետ որ բաժնի աշխատակիցն է ալարել եւ քաղաքացիների բողոքն անպատասխան թողել: Գուցե գտնվի որեւէ մեկը, ով թաղապետարանների եւ քաղաքապետարանի աշխատակիցներին բացատրի, որ իրենց գործառույթների մեջ է նաեւ մտնում փափուկ բազկաթոռներից վեր կենալը եւ թաղամասերով շրջելը՝ ծանոթանալու եւ լուծում տալու մայրաքաղաքի բնակիչների առաջ քաշած խնդիրներին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԱՆՁՐԵՎՆԵՐԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Արծվաբերդ համայնքի ղեկավար Վոլոդյա Ուզունյանից հետաքրքրվեցինք սահմանագոտում տիրող իրավիճակի մասին, խաղա՞ղ է, գյուղացիները կարողանո՞ւմ են գյուղատնտեսական աշխատանքներ կատարել: Գյուղապետն ասաց, որ սահմանագոտում հիմա խաղաղ է, սակայն անընդհատ տեղացող անձրեւները հնարավորություն չեն տալիս, որ գյուղացիները դաշտերում աշխատեն: Մինչդեռ հունիսի սկիզբը գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանը պետք է լիներ: Տավուշի մարզում այս տարի տեղի ունեցած կարկտահարությունները, շարունակվող անձրեւները բացասաբար են ազդել սպասվող բերքի վրա:

 

 

ՍԱՐԵՐԻ ՎԱՆՔԵՐՆ ԱՆՏԵ՞Ր ԵՆ
1972թ. 30 հազար օրինակով հրատարակված «Սովետական Հայաստանի պատմա-ճարտարապետական հուշարձանների պատկերազարդ քարտեզ-ուղեցույցում», ըստ շրջանների՝ նշված են Հայաստանում առկա պատմական հուշարձանները: Թռուցիկ հայացքից պարզ է դառնում, որ այդ քարտեզում նշված չեն արժեքավոր շատ հուշարձաններ: Օրինակ՝ Նոյեմբերյանի շրջանի տարածքում նշված է ընդամենը 4 պատմական հուշարձան, մինչդեռ դրանց թիվը մի քանի անգամ ավել է: Նոյեմբերյանի տարածաշրջանի Բարեկամավան գյուղի տարածքում գտնվող նշանավոր «Բարձյալ խաչ» մատուռը, որ նախաքրիստոնեական շրջանի դամբարան է՝ հետագայում ձեւափոխված մատուռի, քարտեզ-ուղեցույցում նշված չէ: Այդ քարտեզի հրապարակումից անցել է 43 տարի: Այժմ ավելի շատ բան է հայտնի պատմական կոթողների մասին, օրինակ՝ Ոսկեպար գյուղի պատմական հուշարձանների մասին մեծ ալբոմ է տպագրվել: Ինչպե՞ս են պահպանվում անտառի խորքերում, սարերում գտնվող պատմական հուշարձանները: ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Տավուշի մարզային ծառայության Նոյեմբերյանի տարածաշրջանի պատասխանատու Պավել Աբովյանին հարցրինք՝ արդյոք նա միայնակ կարող է հսկողություն իրականացնել հեռավոր անտառներում գտնվող վանքերի, խաչքարերի եւ այլ կոթողների նկատմամբ: Նա ասաց, որ ինքն ամսական ստանում է ընդամենը 15 հազար դրամ գործուղման վճար: Պ. Աբովյանը նշեց, որ վերջին տարիներին նվազել են պատմական հուշարձանների հանդեպ սեւ գանձագողերի ոտնձգությունները, ոսկի գտնելու նպատակով այդ հուշարձանների ավերումը: Մասնագետը հայտնեց, որ հասարակության եւ բարերարների աջակցությամբ կարողացել են պատմական մի քանի հուշարձանների շրջակայքը մաքրել, պետական ֆինանսավորմամբ առաջիկայում կսկսվի Կողբի Մշկավանքի նորոգումը: Պ. Աբովյանը կարեւորեց պատմական հուշարձանների վերաբերյալ արտասահմանյան արժեքավոր փորձը Հայաստանում կիրառելը, երբ դեպի հուշարձաններ զբոսաշրջային երթուղիներ են կայանում եւ հուշարձանները ներառվում են տուրիստական բիզնեսի շրջանակներում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս