Հայկական հեռուստասերիալներից հայտնի դերասան Գնել Սարգսյանը տեւական ժամանակ էկրաններին չէր երեւում: Նա մեկնել էր Հայաստանից արտերկրում գործունեություն ծավալելու նպատակով եւ նշել, որ հազիվ թե վերադառնա հայրենիք` մշտական բնակության: Այնուամենայնիվ, արդեն մի քանի ամիս է` Գնելը Երեւանում է եւ, կարծես թե, չի պատրաստվում մեկնել Ռուսաստան: «Ժողովուրդ»-ը դերասանից հետաքրքրվել է առաջիկայի նրա ծրագրերից: Գնելը պատմել է Դոնի Ռոստովում հայկական թատրոն հիմնելու, ապա այնտեղից հեռանալու պատճառների մասին, անդրադարձել իրեն հուզող այլ թեմաների:
-Գնե՛լ, մի քանի ամիս է, ինչ Հայաստանում եք, բայց արդեն հասցրել եք նոր առաջարկ ստանալ: Կպատմեք` հիմա ի՞նչ նախագծում եք ընդգրկված: Առաջիկայում Ձեզ ի՞նչ կերպարում կտեսնենք:
-Նախորդ տարվա դեկտեմբերին եմ վերադարձել Հայաստան, եւ այստեղ գալուն պես «Կենտրոն» հեռուստաընկերությունից «Երանի» սերիալում փոքր դերով ներկայանալու հրավեր ստացա: Այստեղ երկար մնալու մտադրություն չունեի, բայց այնպես ստացվեց, որ նույն հեռուստաընկերությունից ինձ առաջարկեցին ընդգրկվել մեկ այլ` ավելի մեծ ու լուրջ սերիալային նախագծում: Դեռեւս չեմ կարող փակագծեր բացել, միայն ասեմ, որ շատ լավ կոլեկտիվ է հավաքվել: Բայց ես նկատում եմ, որ սերիալային աշխարհում առկա է որոշակի լճացում, եւ դա ինձ հունից հանում է, ուստի զուգահեռաբար աշխատում եմ երկու մոնո-ներկայացում ստղծելու ուղղությամբ: Երեւի մինչեւ աշուն դրանք պատրաստ կլինեն:
-Մի ժամանակ նշել էիք, որ բացառվում է` Հայաստան վերադառնաք մշտական բնակության: Հիմա հնարավո՞ր է` պլանները փոխվեն:
-Ես իմ բնույթով հակված եմ վայրկյանական որոշումներ կայացնելուն: Արկածախնդիր մարդ եմ, եւ եթե ինձ տրվում է նոր արկածների հնարավորություն, շատ դժվարությամբ եմ այն ձեռքիցս բաց թողնում (ծիծաղում է): Ուստի չեմ կարող ասել, թե մոտ ապագայում ինչ կլինի: Բայց որքան էլ հիասթափվում ես Հայաստանում առկա որոշ երեւույթներից, (երբ, օրինակ, ուզում ես ինչ-որ բան փոխել, շուրջդ մարդիկ չեն հավաքվում ու դու գլխիդ ես տալիս), այնուամենայնիվ, գիտակցում ես, որ սա քո երկիրն է: Իհարկե, լինում է նաեւ այնպես, որ երբ մտքերիդ հետ մենակ ես մնում, ուզում ես կրկին տեղափոխվել: Ամեն դեպքում, չեմ ուզում Ռուսաստանից երկար ժամանակով կտրվել, այլապես ստիպված կլինեմ գնալ ու ամեն բան սկսել զրոյից:
-Գիտենք, որ Դոնի Ռոստովում հայկական թատրոն հիմնելու ծրագրեր ունեիք: Այդ աշխատանքներն ի՞նչ փուլում են: Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել Ձեր ճանապարհին:
-Թատրոնը ստեղծեցինք, եւ այդ հարցում սկզբնական շրջանում ինձ շատ օգնեց Դոնի Ռոստովի հայկական Սուրբ Հարություն եկեղեցու քահանա Տեր Տիրանը: Իհարկե, մենք ունեինք աջակիցների կարիք: Ի դեպ, ասեմ, որ կային ֆինանսապես ապահովված հայեր, որոնք կարող էին թատրոնի ստեղծման հարցում օգնել մեզ, հատկապես, որ խոսքը մեծ գումարների մասին չէր, սակայն չգնացին այդ քայլին: Փոխարենը հայտնվեցին մարդիկ, որոնք կանգնեցին մեր կողքին: Այդպիսով խաղացինք մեր առաջին ներկայացումը, որը բավական հետաքրքիր էր ստացվել, բայց հետո տարբեր անիմաստ բաներ տեղի ունեցան, եւ ես ուղղակի թողեցի թատրոնը:
-Բայց ի՞նչն էր խնդիրը. ֆինանսական աջակցության պակաս զգացի՞ք, թե՞ անձնական տարաձայնություններ ունեցաք:
-Թատրոնն ունի կազմակերպչի, ինչպես նշեցիք` ֆինանսական աջակցության պակաս, այո, բայց նաեւ անձնական փոքր խնդիրներ առաջացան, օրինակ, հենց Տեր Տիրանի հետ, որովհետեւ վերջինս ուզում էր թատրոնում ավելի շատ եկեղեցական թեմաներով ներկայացումներ բեմադրվեին, պատճառաբանում էր, թե եկեղեցին է թատրոնի կողքին կանգնած: Ես էլ ասում էի` դա կապ չունի. թատրոնը պետք է լինի ազատ եւ անկախ, այն չի կարող աշխատել ինչ-որ ուժի համար: Նաեւ այդ էր պատճառը, որ որոշեցի մի կողմ քաշվել: Ամեն դեպքում, թատրոնի անձնակազմը սպասում է իմ վերադարձին: Հիմա թողել եմ ամեն բան մի փոքր հանդարտվի, եւ եթե ցանկություն լինի, կշարունակեմ այնտեղի գործունեությունս:
-Գնե՛լ, հիմա մեր քաղաքում, մեր երկրում կա՞ն խնդիրներ, որոնք մտահոգում են Ձեզ:
-Գտնվելով Երեւանում` շատ հակասական զգացողություններ ունեմ. մի կողմից այն ինձ թվում է դատարկ. գժություններ, խենթություններ անողների չեմ հանդիպում, մյուս կողմից էլ քաղաքում գույներն են շատացել, անգամ մարդկանց հագուկապի մեջ, ինչը շատ լավ է: Ես մարդկաց շրջանում նկատում եմ հիասթափություն. դա, ըստ իս, այն բանի հետեւանքն է, որ մեր երկրում չունենք առաջնորդ, այսինքն` ոչ թե ղեկավար` նախագահ, մարզպետ, քաղաքապետ, այլ առաջնորդ, մեկը, ով կշփվեր ժողովրդի հետ, գոնե ֆորմալ ձեւով: Ի դեպ, բոլորովին պարտադիր չէ, որ նա ինստիտուտներ ավարտած կամ Ղարաբաղում կռված լինի: Իհարկե, կան քաղաքական գործիչներ, որոնցով ես հիանում եմ, բայց ինձ համար տհաճ է, որ ես, օրինակ, գիտեմ Հոլանդիայի նախկին թագուհու ծննդյան օրը, բայց իմ նախագահինը` ոչ: Ես թագուհու ծննդյան օրը տարիներ առաջ եղել եմ Հոլանդիայում եւ տեսել եմ, որ գոնե մեկ ռեստորանում ասեղ գցելու տեղ չկար: Ամենուրեք տոն էր, եւ դա շատ սրտանց էր արվում: Ես նախանձում եմ, ուզում եմ իմ նախագահի ծննդյան օրը ռեստորանում խմել նրա կենացը: Ես չեմ ուզում փոփոխություն, այլ հակառակը` կայունություն:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՈՃԸ ՓՈԽԵԼ, ԲԱՅՑ ՉԻ ԳԵՐՎԵԼ
«Ժողովուրդ»-ը շարունակում է անդրադառնալ այն հայտնիներին, որոնք ինչ-որ ժամանակ եղել են հեռուստադիտողների ուշադրության կենտրոնում, վայելել նրանց համակրանքը, իսկ հետո կա՛մ անհետացել են, կա՛մ էլ սկսել են քիչ երեւալ էկրաններին: Այս անգամ մենք զրուցել ենք Հայկուհի Բաբախանյանի հետ, ով, չնայած «Ժողովրդական երգիչ-2» նախագծում հաղթող ճանաչվելուց հետո պարբերաբար հանդես եկավ մի քանի նախագծերում, սակայն նրա երկրպագուները, կարծես, պահանջում են ավելին:
Հայկուհին, բավարարելով իր լսարանի հետաքրքրությունը, տեղեկացրեց, որ առաջիկայում ծրագրում է Հայաստանի տարբեր մարզերում ներկայանալ համերգային շրջագայությամբ. «Մենահամերգների ընթացքում հիմնականում հանդես կգամ «Օրդինյան» բենդի հետ: Փորձելու ենք անել այնպես, որ բոլոր համերգներն ուղեկցվեն կենդանի նվագակցությամբ: Ծրագրում ենք ներկայանալ Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում եւ մի շարք այլ քաղաքներում»,- ասաց երգչուհին:
Նրա խոսքով` շուտով «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր կհեռարձակվի նաեւ իր բենդի նվագակցությամբ մենահամերգը` «Արենա Լայֆ» ծրագրի շրջանակում:
Մենք Հայկուհու հետ զրուցեցինք նաեւ այն մասին, թե որքանով են երիտասարդները հետաքրքրված ժողովրդական երգով: Նա նշեց, որ համաձայն չէ տարածված այն կարծիքի հետ, թե մատաղ սերնդի զգալի հատվածը մինչեւ ժողովրդական երգերի նորովի մատուցումը չէր էլ լսել դրանց մասին. «Դեռեւս 2008-ին հենց «Ժողովրդական երգիչ» նախագծի շրջանակում հնչում էին բացառապես ժողովրդական նվագարաններ, եւ այդ ժամանակ էլ մենք երիտասարդների մեծ լսարան ունեինք: Պարզապես հիմա, երբ մեզ հայտնի երգերը ներկայացնում ենք նորովի, լսարանն ընդլայնվել է»,-մեկնաբանեց Հայկուհին:
Մենք հարցրինք` հնարավոր է արդյոք, որ մի օր ինքն էլ տրվի գայթակղությանը եւ ժանրային փոփոխության դիմի. «Չեմ կարծում: Ես նկատել եմ, որ շատ ժողովրդական երգիչների այդ քայլն արժանացել է ոչ դրական արձագանքների, բացի այդ` ես ինձ չեմ տեսնում որեւէ այլ ժանրում: Եթե յուրաքանչյուրս կես ճանապարհից շեղվենք, ժողովրդական արվեստն էլ ո՞վ կպահպանի: Ոճս փոխելու վերաբերյալ շատ առաջարկներ եմ ստացել, բայց չեմ գերվել դրանցով: Նույնիսկ եթե դրանք շահութաբեր են եղել, նախընտրել եմ ներկայացնել արժեքավորը»,-շեշտեց երգչուհին:
Իսկ այն հարցին, թե ինչու Հայկուհին մինչեւ այժմ չունի իր անհատական տեսահոլովակը, վերջինս պատասխանեց. «Ցանկությունս շատ մեծ է, պարզապես ֆինանսապես դեռեւս պատրաստ չեմ դրան»:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ՍԵՐԻԱՆ
Ամերիկյան հայտնի «Գահերի խաղ» հեռուստասերիալի 6-րդ եթերաշրջանի եզրափակիչ մասում ցուցադրվելու է ամենաերկար սերիան: Gazeta.ru-ի փոխանցմամբ` այն կրում է «Ձմռան քամիներ» անվանումը, եթեր է հեռարձակվելու հունիսի 26-ին, տեւելու է 69 րոպե: Հիշեցնենք, որ «Գահերի խաղ»-ը ֆենթեզի ժանրի դրամատիկ հեռուստասերիալ է, որը ստեղծվել է գրող Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի «Սառույցի ու կրակի երգ» վիպաշարի հիման վրա։
ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
Հանրահայտ երգչուհի Ռիհաննային դատի են տվել: TMZ-ի փոխանցմամբ` դեռեւս 2013-ին Նիգերիայում ծրագրված էր նրա համերգը` Megalectrics ընկերության մասնավոր միջոցառման ժամանակ: Իր ելույթի դիմաց երգչուհին պետք է ստանար 425 հազար դոլար: Ըստ կողմերի միջեւ ստորագրված պայմանագրի` հոնորարը պետք է վճարվեր երեք մասով: Ռիհաննային վճարվել է դրա առաջին մասը` 160 հազար դոլարը, սակայն նա խնդրել է հետաձգել համերգը: Դրանից հետո, սակայն, երգչուհին, ըստ մեղադրանքների, հրաժարվել է ելույթ ունենալուց, իսկ գումարը չի վերադարձրել: Այժմ ընկերության ներկայացուցիչ Քրիս Ուբոշը դատարանի օգնությամբ պահանջում է Ռիհաննայից վերադարձնել 160 հազար դոլարը: Իսկ, ահա, երգչուհու ներկայացուցիչը հավաստիացնում է, որ գումարը փոխանցվել է ինչ-որ խաբեբայի հաշվին, որը Ռիհաննայի անունից համերգին առնչվող պայմանավորվածություններ է ձեռք բերել: Թե այս ամենից հետո ինչպես կընթանա դատական գործընթացը, ցույց կտա ժամանակը:
ԷԴ ՇԻՐԱՆԸ` ԳՐԱԳՈ՞Ղ
Անգլիացի հանրահայտ հեղինակ-կատարող Էդ Շիրանին մեղադրում են գրագողության մեջ եւ պահանջում 20 մլն դոլար փոխհատուցում: Բրիտանական X Factor-ի (2010) հաղթող Մաթ Քերդլի Amazing երգի հեղինակներ Մարտին Հարինգթոնն ու Թոմաս Լեոնարդը պնդում են, որ Էդ Շիրանի Photograph (2014) երգը իրենց գրած ստեղծագործության պատճենն է: Նրանց խոսքով` խնդիրը բանակցությունների միջոցով լուծելու իրենց փորձերն իզուր են անցել, ուստի ստիպված են եղել դիմել դատարան: