ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ծառայող Սաշիկ Ա.-ն, առանց անձի համաձայնության, սոցիալական կայքերի միջոցով, ապօրինի տարածել է օրենքով չնախատեսված, անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ և պոռնկագրական բնույթի նյութեր:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Սաշիկ Ա.-ն, 2014թ. օգոստոսի սկզբներին ծանոթանալով և տևական ժամանակմտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Աննա Մ.-ի հետ, 2014 թվականի հոկտեմբերից որոշել է իր հետ հարաբերությունները խզելու համար վրեժխնդիր լինել վերջինից և նրան վարկաբեկել մտերիմների, ազգականների և այլ անձանց շրջանում:
Այդ նպատակով 2014թ.նոյեմբերի 28-ին և դեկտեմբերի 3-ին, առանց Աննա Մ.-ի համաձայնության, «www.odnoklassniki.ru» և «www.facebook.com» սոցիալական կայքերում, նրա անվամբ իր կողմից ստեղծված անհատական կայքէջերում տեղադրել է Աննա Մ.-ի լուսանկարները, անձնական գաղտնիք համարվող՝ նրա բնակավայրի հասցեն և հեռախոսահամարները, իսկ նշված լուսանկարների շարքում սոցիալական կայքերից ներբեռնել ու հիշյալ կայքէջերում տեղադրել է այլ անձանց մի շարք պոռնկագրական բնույթի լուսանկարներ:
Այնուհետև Սաշիկ Ա.-ն հիշյալ անհատական կայքէջերից այցելել է Աննա Մ.-ի և այլ օգտատերերի ինտերնետային էջերին, արել է ընկերության առաջարկներ՝ այդ կերպ տարածելով նրա անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունները, ինչպես նաև պոռնկագրական բնույթի լուսանկարները:
Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ծառայող Սաշիկ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով և 263-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբհանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: