Այսօր առավոտյան ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հաղորդեց, որ ձերբակալվել է Ժիրայր Սէֆիլյանը: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է, որ ուղիղ մեկ ամից առաջ` մայիսի 20-ին, Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերվել է ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտով:
Ըստ ՔԿ-ի` պարզվել է, որ Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ՝ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ասվում է նաև, որ խմբի անդամները խոստովանական ցուցմունքներ են տվել:
ՔԿ-ի հաղորդագրությանը ծանոթացող յուրաքանչյուր անձի մոտ, թերևս, առաջին տպավորությունը կլինի այն, որ Ժիրայր Սէֆիլյանը պատրաստվում էր իր թիմի հետ խոշոր ահաբեկչություն իրականացնել, պայթեցնել կարևոր շենքեր և մի շարք այլ ծանր հանցագործություններ իրականացնել: Իսկ հաղորդագրության ավարտին հասնելուն պես՝ խորը շունչ քաշելով ընթերցողը կարող է ասել. «Փառք Աստծո, անմեղ քաղաքացիներ են փրկվել: Շնորհակալություն օպերատիվ իրավապահներին»:
Սակայն փորձը ցույց է տալիս, որ նման հիմնավորումներն ու «ապացույցները» բացարձակ ու անհերքելի ճշմարտություն ընդունելն առնվազն միամտություն է:
Բանն այն է, որ Ժիրայր Սէֆիլյանը և նրա գաղափարակիցները առաջին անգամ չէ, որ նմանատիպ պատմության մեջ են ընկնում: Հիշեցնենք՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ևս «նրան պատկանող զենք-զինամթերք հայտնաբերվեց»:
Այս գործով նախաքննությունն ավելի քան 1 տարի է՝ ընթանում է, իսկ մեղադրյալների փոխանցմամբ՝ քննչական որևէ գործողություն տևական ժամանակ է՝ չի կատարվել: Համառ կարծիքներ են շրջանառվում, որ ՀԽ անդամներին անազատության մեջ որոշակի ժամանակ պահելը նրանց և նրանց թիմակիցներին վախեցնելու նպատակ ուներ:
Այս անգամ էլ, ըստ նույն դիտարկումների, նպատակը նույնն է:
Իսկ թե որքանով է վտանգավոր հայ ժողովրդի համար ազատամարտիկը, դժվար է ասել, գոնե ըստ իրավապահ մարմինների տրամաբանության:
Եթե վտանգավորության տեսանկյունից դիտարկենք, ապա տրամաբանական համեմատություն է առաջ գալիս:
Այսպես, հունիսի 17-ին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել է, որ Էջմիածնում աղմկալի միջադեպ էր արձանագրվել: Քաղաքապետարանի մարզադպրոցի տնօրեն Վաչե Կամավոսյանի տեղակալ Արամ Բեյբությանը դանակի սպառնալիքով առևանգել էր Էջմիածին-Երևան «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը և ջարդուփշուր արել այն:
Ավելին, նա սպառնալիքներ է հնչեցրել նաև միկրոավտոբուսում գտնվող ուղևորների հասցեին: Ի դեպ, «հերոսը» այս ամենը չի հերքել ու հավելել է, որ կատարվածի պատճառը իր անձնականն է:
Քննչական կոմիտեից «Ժողովուրդի» հարցին ի պատասխան փոխանցել են, թե հանգամանքները պարզվում են: Ինչ է ստացվում. այսքան ակնայտ հանցագործության տարրեր պարունակող գործողությունը որպես ահաբեկչություն, առևանգում և այլն, քննիչները հապաղում են որակել: Գուցե նրանց ինչ-որ մեկը կաշկանդե՞լ է. սա հարցի մյուս կողմն է:
Այստեղ կարևորն այն է, որ դանակի գործադրմամբ ակնհայտ սպառնալիքներ հնչեցրած անձն ազատության մեջ է, ստորագրությամբ բաց է թողնվել, իսկ Ժիրայր Սէֆիլյանը ձերբակալվել է:
Նմանատիպ օրինակները կարելի է անվերջ թվարկել, խնդիրն այն է, որ իրավապահների տարանջատումները նման դեպքերում կասկածի և մտահոգության տեղիք են տալիս. ինչպե՞ս են նրանք զանազանում հանրության համար վտանգ ներկայացնող և անվտանգ երևույթները:
Համենայն դեպս, հրապարակված որևէ «ապացույց», այդ թվում զենքի «հայտնաբերումը» հիմնավոր չէ գիտակից հասրակության համար: Մեծ հաջողությամբ այդ զենքը տարբե՛ր ձևերով կարող էր հայտնվել Սէֆիլյանի մեքենայում, եթե, իհարկե, այդպիսին կար: Պարզապես, ինչպես նկատում է, օրինակ, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը, մեր իրականությունը և իրավապահների գործելաոճը հաշվի առնելով՝ որևէ բան հավատ չի ներշնչում:
Այսպիսով, ո՞վ է ավելի մեծ սպառնալիք հասարակության անվտանգության համար…
Տաթև Հարությունյան