ԲԱՆԱՆՑ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Բանանց” ֆուտբոլային ակումբի նախկին տնօրեն Սարգիս Իսրայելյանի աշխատանքից ազատվելուց հետո ակումբում մեծ փոփոխություններ տեղի ունեցան: Ակումբի նախագահ Կառլեն Մկրտչյանի կողմից տրված գրավոր լիազորագրի համաձայն՝ Կարեն Դավթյանը 2013թ. հունիսի 1-ից ստանձնեց փոխտնօրենի պարտականությունները, ինչից հետո   տասնյակ աշխատակիցներ պարտադրված ազատվեցին աշխատանքից: Հիմա էլ փոխտնօրենը նախադրյալներ է ստեղծում, որ աշխատանքից ազատվի նաեւ “Բանանց” եւ “Ֆավորիտ” ակումբների կադրերի տեսուչ 37-ամյա Լուսինե Ղազարյանը: 
Լուսինեն՝ որպես կադրերի տեսուչ, շուրջ 9 տարի է` աշխատում է “Բանանց”-ում: Նա հղի է եւ չորս ամիս հետո պետք է ֆիզարձակուրդ գնա: 
“Չկարողանալով Լուսինեից ազատվել՝ Դավթյանը սկսել է տարբեր մեթոդներ կիրառել նրա նկատմամբ: Իսկ նպատակը մեկն է` այնպես անել, որ Լուսինեն զզվի ու թողնի հեռանա: Նույնիսկ մի շրջան երեխայի կյանքին վտանգ էր սպառնում, այս պատճառով էլ նա տասն օրով գնաց արձակուրդ”,-ներկայացրեց Լուսինեի մայրը` Արմենուհի Ղազարյանը, որը նաեւ ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամ է:
Արձակուրդից վերադառնալով՝ Լուսինեն նկատում է, որ իր աշխատասենյակի դարակները բացված են, իսկ դրանց մեջ գտնվող աշխատակիցների անձնական գործերը չկան: Որոշ ժամանակ անց պարզվում է, որ այդ “գողացված” փաստաթղթերը հանձնվել են  “Բանանց”-ում գործող “Ֆավորիտ” ակումբի կադրերի նորանշանակ տեսուչին` ոմն Մարինեի: Նշենք, որ մինչ այս Լուսինեն կատարում էր երկու ակումբների աշխատանքը: 
Այդպիսով` Լուսինե Ղազարյանի աշխատանքային իրավունքները ոտնահարվել են, եւ նա ակումբի տնօրինությունից պահանջում է օրենքով սահմանված կարգով, աշխատանքային պայմանագրի համաձայն ապահովել իր բնականոն աշխատանքը, իրեն վերադարձնել իր պատասխանատվության տակ գտնվող, իրենից գողացված փաստաթղթերը, ինչպես նաեւ իր նախկին աշխատասենյակը, որը հիմա պահեստապետն է զբաղեցնում:
Նշենք, որ երկու ակումբների աշխատակիցներն ակումբի տարածքում գործող նոր մասնաշենքում են աշխատում, իսկ Լուսինեն՝ մի անմխիթար շենքում, մյուս աշխատակիցներից առանձին՝ ողջ օրը միայնակ անցկացնելով: Ավելին, անջատել են նրա աշխատասենյակի ինտերնետ ծառայությունն ու հեռախոսը: Կարճ ասած` հղի կնոջ համար ակումբի տնօրինությունը ստեղծել է առավելագույն անհարմարավետ պայմաններ:
Տիկին Արմենուհու խոսքով՝ փոխտնօրեն Դավթյանը Լուսինեին առաջարկել է մինչեւ ֆիզարձակուրդ գնալն աշխատանքի չգալ, բայց ամեն ամիս ստանալ իրեն հասանելիք աշխատավարձը. “Չեմ կարծում, որ ակումբի օրինական ղեկավարները կհանդուրժեին սա: Բացի այդ, Լուսինեի աշխատանքային պայմանագիրը լուծարված չէ, ոչ մի անգամ դեռ հանձնման եւ ընդունման գործընթաց չի կատարվել”:
“Ժողովուրդ”-ի հետ զրույցում “Ֆավորիտ” ակումբի կադրերի նորանշանակ տեսուչ Մարինեն նշեց, որ փոխտնօրեն Կարեն Դավթյանի բանավոր հրամանի համաձայն՝ այսուհետ ինքն է զբաղեցնում  Լուսինեի պաշտոնը, իսկ վերջինս ակումբում գործող դպրոցի գործավարն է:
Ակումբում տեղի ունեցած փոփոխությունների շուրջ զրուցեցինք նաեւ Կ. Դավթյանի հետ. “Մեզ մոտ ֆինանսական խնդիրներ են եղել, ինչի հետեւանքով եղան ե՛ւ կրճատումներ, ե՛ւ կառուցվածքային փոփոխություններ: Մենք հիմա տեղափոխվել ենք նոր մասնաշենք եւ հաշվի առնելով Լուսինեի առողջական վիճակը՝ տվել ենք ավելի թեթեւ աշխատանք` դպրոցի գործավար, որպեսզի ծանրաբեռնված չլինի: Իսկ ինչ վերաբերում է ինտերնետ ծառայությունը եւ հեռախոսն անջատելուն, դա ուրիշ հարց է. հին մասնաշենքում դրանք ավելորդ ծախսեր են”:
Մեր հարցին, թե Լուսինեն երբեւէ դժգոհել է իր աշխատանքային ծանրաբեռնվածությունից, փոխտնօրենը չպատասխանեց: Սակայն պարզվեց, որ գործատուն` Կ. Դավթյանը, առանց Լուսինեի հետ խորհրդակցելու՝ Մարինեին նշանակել է “Բանանց” եւ “Ֆավորիտ” ակումբների կադրերի տեսուչ, իսկ Լուսինեին` ակումբում գործող դպրոցի գործավար: “Միգուցե գործատո՞ւն է որոշում: Լուսինեն պաշտոնապես մնացել է իր նախկին պաշտոնում: Հրամանով ոչինչ չի փոխվել: Ես այնպես եմ արել, որ նա ծանրաբեռնված չլինի: Ակումբի նախագահ Կառլեն Մկրտչյանը ոչ մի կապ չունի տեղի ունեցածի հետ: Ես պետք է որոշեմ, թե որտեղ է Լուսինեի աշխատասենյակը”,-հայտարարեց Դավթյանը:
Զրույցի ավարտին նա, այնուամենայնիվ, խոստովանեց, որ սխալ է թույլ տվել` Լուսինեի աշխատասենյակից ակումբի աշխատակիցների փաստաթղթերը վերցնելով եւ հանձնելով Մարինեին.  “Լուսինեն կզբաղվի “Բանանց”-ի կադրերով, բայց իր աշխատասենյակը կմնա նախկին, հին մասնաշենքում: Էստեղ չի գալու, որովհետեւ այստեղ տեղ չկա”:
Նկատենք, որ ակումբի փոխտնօրենի ներկայացրած հիմնավորումները, թե իր քայլերի հիմքում եղել է ակումբի միջոցների տնտեսումը, հավատարժան չեն թվում, քանի որ ստացվում է, որ նախկինում երկու ակումբների աշխատանքը կատարած մեկ աշխատակցի փոխարեն հիմա վճարվելու են երկու հոգի: Ինչ վերաբերում է նոր մասնաշենքում տեղ չլինելու փաստարկին, ապա այն եւս հիմնավոր չէ, քանի որ “Ֆավորիտ” ակումբի կադրերի տեսուչ Մարինեն զբաղեցնում է 20 քմ մակերեսով ընդարձակ աշխատասենյակ:
“Ժողովուրդ”-ը կհետեւի Լուսինե Ղազարյանի աշխատանքային հետագա ճակատագրին եւ կներկայացնի իրադարձությունների ընթացքը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 624 համար




Լրահոս