ԼՂՀ ԱԳ նախարարի այցը Դանիայի Բորնհոլմ կղզի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Դանիայի Թագավորությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մասնակցել է Դանիայի Բորնհոլմ կղզում կազմակերպվող «Ժողովրդական հանդիպում» /«Folkemødet»/ ամենամյա հանրային ֆորումին։

Ֆորումի շրջանակներում՝ հունիսի 19-ին Դանիայի եվրոպական շարժում կազմակերպության տաղավարում Կարեն Միրզոյանը ելույթ է ունեցել հանդիպում-քննարկմանը, որը վարում էր կազմակերպության ղեկավար Սթինե Բոսեն։

Ողջույնի խոսքում ԱԳ նախարարը կարևորել է կազմակերպված հանդիպումը՝ Դանիայում Արցախի մասին իրազեկվածությունը բարձրացնելու, ինչպես նաև ԼՂՀ-ում առկա իրողությունները և միջազգային ու տարածաշրջանային հարցերի վերաբերյալ Արցախի դիրքորոշումը ներկայացնելու տեսանկյունից։

Պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերին՝ ԱԳ նախարարը խոսել է արցախյան ազգային-ազատագրական շարժման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի, ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացում արձանագրված ձեռքբերումների և արտաքին քաղաքական ոլորտի առաջնահերթությունների մասին։

Նույն օրը Կարեն Միրզոյանն այցելել է Բորնհոլմ կղզու արվեստի թանգարան։ Կազմակերպված արարողության ընթացքում թանգարանի հավաքածուի համար  տնօրեն Լարս Կերուլֆ Մյոլերին է փոխանցվել արցախցի տաղանդաշատ քանդակագործ Հայկ Հակոբյանի քանդակը։ Իր կողմից, Բորնհոլմի թանգարանը Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանին է նվիրել Բորնհոլմում բնակվող արվեստագետ Լենի Գոլդեմբերգի ստեղծագործությունը։ Թանգարանի տնօրինության հետ մտքեր են փոխանակվել մշակույթի և թանգարանային գործի ոլորտներում հնարավոր համագործակցության հեռանկարների շուրջ։




Լրահոս