Ինտեգրման գործընթացներում Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն ինտենսիվորեն զարգանում են: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Կարող ենք նշել, որ ինտեգրման գործընթացներում մեր հարաբերություններն առավել քան երբևէ ինտենսիվորեն զարգանում են, ինչն ուրախացնում է: Կան հնարավորություններ և անհրաժեշտություն հետագա գործողությունների քննարկման համար: Այժմ Հայաստանը ղեկավարում է ՀԱՊԿ-ն, և աշնանը բարձր մակարդակով հանդիպում տեղի կունենա»,- ասել է Պուտինը:
ՀՀ նախագահն իր հերթին հաստատել է, որ նման հանդիպումը կարող է կայանալ հոկտեմբերին:
Ողջունելով իր գործընկերոջը՝ Պուտինը նշել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության մեծացումը: Նրա խոսքով՝ լավ ցուցանիշներ են գրանցվում գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման հարցում: