Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ Բուշ-դյու-Ռոնը Ֆրանսիայի ամենամեծ դեպարտամենտներից է, որի կազմում ընդգրկված է 119 քաղաք:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները հիմնված են ամուր բարեկամության վրա, և երկու երկրների միջև ձևավորված օրինակելի համագործակցության մասին են վկայում ոչ միայն բարձր մակարդակի քաղա¬քական երկխոսությունը, այլև ֆրանսիական գործարար շրջանակների լայն ներգրավվածությունը ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում։ Կառավարության ղեկավարը նշել է, որ երկկողմ հարաբերությունների կայացման ու զարգացման գործում մեծ ներդրում ունի ֆրանսահայ համայնքը, և շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հարգալից վերաբերմունքի համար:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է տիկին Վասալի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագոր¬¬¬ծակցության զարգացման տեսանկյունից և ընդգծել, որ այն տնտեսական կապերի զարգացման մեծ ներուժ է պարունակում: Վարչապետը նշել է, որ ՀՀ շուրջ 2 տասնյակ շրջաններ և համայնքներ, ներառյալ` Երևանը, արդյունավետ փոխգործակցում են Ֆրանսիայի քույր քաղաքների ու շրջանների հետ, որոնց թվում է նաև հայաշատ Մարսելը, և պատվիրակության այցը կխթանի երկկողմ ապակեն¬տրոնացված համագործակցության խորացումը:

Իր հերթին տիկին Վասալը նշել է, որ ուրախ է այցելել Հայաստան և բավական տպավորված է մեր երկրում արձանագրված զգալի առաջընթացով: Նա նշել է, որ այցի շրջանակում պատվիրակությունը եղել է Էջմիածնում և մասնակցել «Էջմիածին 13» ֆրանսիական դիսպանսերի 10-ամյակին նվիրված միջոցառմանը, որը գործում է «Բարձունք 5165» ֆրանսահայ կազմակերպության (Մարսել) հովանավորությամբ, ապա այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Մարտին Վասալը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի միջև համատեղ ծրագրերի ընթացքից և ընդգծել, որ դեպարտամենտը շարունակելու է աջակցել Հայաստանին զարգանալ և հզորանալ:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի հետագա ծրագրերի մշակմամբ և իրականացմամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և 2016 թ. ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի ձեռնարկած լայնամասշտաբ նախահարձակ գործողություններին: ՀՀ վարչապետը նշել է, որ ապրիլյան աննախադեպ գործողությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման տապալմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության հերթական անթաքույց դրսևորումն էր, և հայկական զինված ուժերն արժանի հակահարված հասցրին հակառակորդին: Երկուստեք անընդունելի են համարվել Արցախի նկատմամբ լայնածավալ ռազմական գործողությունները և կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում:




Լրահոս